2021.04.22,

Ստուգված է

Հանրայինը չի լուսաբանել Ռուսաստանի ընդդիիմադիրների ցույցերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի 21-ին Ռուսաստանում ու այլ երկրներում ցույցեր էին ընթանում ի աջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի։ Նավալնին մարտի 31-ից հացադուլ է սկսել՝ պահանջելով իր կողմից հրավիրված բժշկին թույլատրել իրեն բժշկական օգնություն ցույց տալ։ Նրա առողջական վիճակը շաբաթների ընթացքում այնքան է ծանրացել, որ տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Այժմ հաղորդվում են նրա կյանքին սպառնացող ռիսկերի մասին։ 

Նավալնիին բժշկական օգնություն հասցնելու և նրան ազատ արձակելու պահանջով այս ցույցերը դուրս են մնացել Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերի և կայքի օրակարգից։

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել ցույցերը

«Լուրեր» լրատվականի ապրիլի 21-ի բոլոր 6 թողարկումներում ընդգրկված չէր ցույցերի թեման։ Թողարկումներից 3-ում (17:00, 19:00, 21:00 ) չկա «Միջազգային լուրեր» խորագիրը, եղածներում էլ՝ անդրադարձ չկա (10:00, 13:00, 15:00)։ Լուրը ընդգրկված չէր նաև «Օրը՝ 60 վայրկյանում» ամփոփման մեջ։ Media.am-ը ստուգեց ու պարզեց, որ ցույցերի մասին լուրը  ընդգրկված չէ նաև հաջորդ օրվա՝ ապրիլի 22-ի ո՛չ 10:00-ի, ո՛չ 13:00 -ի թողարկումներում։

Այս լուրին չի անդրադարձել նաև Հանրայինի կայքը՝ 1lurer.am-ը։ Մենք ուսումնասիրել ենք կայքի՝ ապրիլի 21-ի և 22-ի ( մինչև 14։00) ստեղծած բովանդակությունը։ Այստեղ լուսաբանված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ԼՂ հակամարտության հետ կապված, նաև այն, որ Ռուսաստանը երկարաձգում է անօրինական միգրանտների կացության ժամկետը։ 

Կայքում տեղ գտած Ռուսաստանին առանչվող մյուս լուրերը Հայաստանի հետ կապ չունեին․

  • Պուտինն իր ուղերձում զգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ սադրանքներ կազմակերպող ուժերին
  • Պուտինի հետ Դոնբասում հանդիպելու Զելենսկու առաջարկը Մոսկվան համարել է խորամանկ հնարք
  • Ռուսական ինքնաթիռներ՝ Բալթիկ ծովի օդային տարածքում
  • ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է համարժեք պատասխանել Չեխիայի՝ ռուս դիվանագետների դեմ հավանական նոր քայլերին
  • Բելառուսի նախագահը մեկնել է Մոսկվա՝ ՌԴ նախագահի հետ բանակցություններ վարելու

Ուշագրավ է նաև այն, որ Հանրայինը անդրադարձել էր ԱՄՆ-ի բողոքի ակցիային, որն ընթանում էր Օհայո նահանգում՝ 16-ամյա աղջկա սպանությունից հետո։

Նավալնիի տեսակետն եթեր տալու համար ամիսներ առաջ Հանրայինը հակառուսական էր պիտակվել

2020-ի հուլիսին Հայաստանում և Ռուսաստանում աղմուկ բարձրացավ Հանրային հ/ը-ի մի ռեպորտաժի առիթով․ դրանում մի քանի վայրկյան ներառված էր Ալեքսեյ Նավալնու մեկնաբանությունը Ռուսաստանի սահմանադրական հանրաքվեի մասին։ Այս իրողությունը քննադատեց ռուսական քարոզչության հայտնի դեմքերից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, ինչին արձագանքեց Նավալնին։ Այս մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

Սոլովյովի արձագանքը լայնորեն տարածվեց հայկական մեդիայում, իսկ Politik.am-ը նույնիսկ հայտարարեց, թե Նավալնու «հակապուտինյան» հարցազրույցը ռեպորտաժում ներառվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Տեղեկատվական դաշտում «հակառուսական» տրամադրությունները մտահոգեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին։

Ի՞նչ ցույցեր էին

Ապրիլի 21-ին ամբողջ Ռուսաստանում անցկացվեցին ակցիաներ՝ ի աջակցություն Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի: Մարտի 31-ից նա հացադուլ էր սկսել՝ պահանջելով իր կողմից հրավիրված բժշկին թույլ տալ այցելել իրեն մեջքի ցավի, ձեռքերի ու ոտքերի թմրածության համար: Շաբաթներ տևած հացադուլի հետանքով նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Թեև այստեղ նրա վիճակը գնահատել են բավարար, բայց Նավալնիի բժիշկների պնդմամբ վիճակը ծայրահեղ ծանր է:

Ապրիլի 16-ին ՌԴ դատախազությունը պահանջեց ծայրահեղական ճանաչել Նավալնիի հետ կապված կազմակերպությունները: Դրանից հետո քաղաքական գործչի համախոհները հայտարարեցին ի աջակցություն նրա ակցիայի մասին։ Փողոց դուրս եկան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մոտ 1800-ից ավել մարդ բերման ենթարկվեց։ Ցույցերի քրոնիկային ծանոթացեք այստեղ։

Նավալնին կալանավորվել էր այս տարվա հունվարին օդանավակայանում՝ Գերմանիայից վերադառնալուն պես։ Նրան այս երկիր տեղափոխել էին «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելուց հետո։ Ըստ Bellingcat-ի, CNN-ի, Der Spiegel-ի և The Insider-ի համատեղ հետաքննության՝ Նավալնիի թունավորմամբ զբաղվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության քիմիական զենքի փորձագետների թիմը։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *