2021.03.01,

Ստուգված է

Դավիթ Գալստյանը նախարարի խորհրդական չի եղել

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Փետրվարի սկզբին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ բերման է ենթարկվել Royalsys Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը (հայտնի է Պատրոն Դավո անունով)։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա ՊՆ-ի հետ կնքած պայմանագրով պարտավորվել էր 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով, և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

ԱԱԾ-ի հայտարարությանը հղումով՝ մի շարք լրատվականներ գրեցին, որ Դավիթ Գալստյանը եղել է նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականը։ Նրան՝ որպես նախարարի նախկին խորհրդական էին ներկայացնում armtimes-ը, armenpress-ը, factor-ը, iravaban.net-ը, civilnet-ը, 5tv-ին, infocom-ը և շատ այլ լրատվականներ։ 

Պատկան մարմինների կամ իշխանության ներկայացուցիչների կողմից այս ինֆորմացիան այդպես էլ չհերքվեց։ Օրինակ «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Հրայր Թամրազյանի հարցին, թե «Դավիթ Գալստյանին՝ նախարարի խորհրդականին ձերբակալել են, իսկ նախարարը անմե՞ղ է, տեղյակ չի՞ եղել», ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է, որ քննությունն այդ հարցերի պատասխանը կտա, իսկ ՊՆ ղեկավար կազմը պետք է աջակցի քննությանը։ Անդրանիկ Քոչարյանը, այսպիսով, լեգիտիմացնում է պնդումը, թե Դավիթ Գալստյանը եղել է նախարարի խորհրդական։

Փետրվարի 4-ին Դավիթ Գալստյանը հայտարարություն տարածեց՝ հերքելով լուրը, թե երբևէ զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը․ «․․․․ես երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, ինչպես ՀՀ պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում»։ 

Մենք հարցում կատարեցինք ՊՆ՝ պարզելու Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնայանի հաստիքային և արտահաստիքային խորհրդականների ցանկն ու նրանց նշանակման ժամկետները, ինչպես նաև խնդրեցինք նշել՝ Դավիթ Գալստյանը երբևէ զբաղեցրել է ՊՆ նախարարի խորհրդականի պաշտոնը։ 

Վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և Կառավարության 1998 թվականի 173 որոշման 8-րդ կետը՝ պաշտպանական գերատեսչությունը մերժել էր տրամադրել տեղեկությունը։ 

Հիշատակվող առաջին օրենքը սահմանում է, որ «ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ ԶՈՒ միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության ու թվաքանակի մասին» տեղեկությունը գաղտնիք է։ Օրենքում, սակայն, չկա կետ խորհրդականների թվի կամ ցուցակի գաղտնիության մասին։ Մեջբերված երկրորդ օրենքում խոսվում է զորքերի տեղաբաշխման, իրական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության, թիվը բացահայտող տեղեկություններին։ Այստեղ ևս չկա որևէ արգելք՝ հրապարակելու նախարարի խորհրդականների անունները կամ թվաքանակը։

Գերատեսչությունը մերժել էր տրամադրել խորհրդականների ցուցակը, սակայն միևնույն ժամանակ նշել, որ Դավիթ Գալստյանը երբևէ չի զբաղեցրել նախարարի խորհրդականի պաշտոնը։ Այսպիսով 2019 թվականից տարածվող լուրը, թե Դավիթ Գալստյանը զբաղեցրել է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականի պաշտոնը, չի համապատասխանում իրականությանը։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *