2021.02.12,

Ստուգված է

Նժդեհի արձանը տեղում է

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Փետրվարի 11-ից ցանցում լուրեր տարածվեցին, թե Գարեգին Նժդեհի արձանն Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվել(-ու) է։ Որպես պատճառ նշվում էր, թե ադրբեջանցիներն են ռուս խաղաղապահների միջոցով Մարտունու քաղաքապետին նման պահանջ ներկայացրել։ Խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը: 

Արձանն ապամոտնաժելու և այլ վայրում տեղադրելու մասին ԱԺ ամբիոնից նույն օրը հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ապատոնտաժված արձանի մասին լուրն ինչպես տարածվեց

Ապամոնտաժելու մասին լուրը տարածվեց լրատվականներում։ Para TV-ին նյութը վերնագրեց՝ «Ադրբեջանցիների պահանջը, ըստ էության, բավարարվեց․ Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց»։ Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութը 19 ժամում հավաքեց ավելի քան 30,000 դիտում։

Այս աղբյուրին հղում տալով՝ արձանի ապամոնտաժելու մասին ֆեյսբուքյան հրապարակում կատարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, իսկ նրա ասածը՝ առանց ստուգելու տարածեցին կայքերը։

Մարտիրոսյանը կարճ ժամանակ անց հրապարակումը խմբագրեց․ անցյալ կատարյալ իրողությունը՝ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց», դարձավ պայմանական ու ներկա՝ «Նժդեհի արձանը Մարտունիում, ըստ հայկական մամուլի, ապամոնտաժվում է։ Եթե ճիշտ է, ապա Հայաստանում արձան է ապամոնտաժվում` Ադրբեջանի պահանջով»:

Իրականում արձանն իր տեղում է 

Արձանն ապամոտաժելու լուրերը Մարտունիից փաստերով հերքեց Մարտունու համայնքի ավագանու անդամ Նվեր Դադամյանը։ Նա Media.am-ին տեղեկացրեց, որ լուսանկարներն արվել են հրապարակումը կատարելու պահին։ Նաև հաստատեց, որ Նժդեհի արձանն ապամոնտաժելու խոսակցություններ քաղաքում կան։ 

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը Media.am-ին  հաստատեց, որ արձանն իր տեղում է՝ Գարեգին Նժդեհ փողոցի վրա։ Այն անավարտ վիճակում տեղադրվել է պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։

«Արձանը չի ապամոնտաժվել, ավագանու որոշում կա արձանի տեղադրման վերաբերյալ։ Մնացած սոցիալական ցանցերում ինչ են գրում՝ չեմ էլ ուզում կարդալ, չեմ էլ ուզում լսել, ոչ էլ մեկնաբանվել», – ասաց Ավանեսյանը։

Նա հերքեց լուրը, թե ռուս բարձրաստիճան զինվորականն է իրեն արձանն ապամոնտաժելու պահանջ ներկայացրել։ Իսկ արձանն այլ վայր տեղափոխելու խնդիր օրակարգում չկա։ 

«Կիսանդրու վրա աշխատանք կա անելու։ Հնարավոր է, որ միայն կիսանդրին տեղափոխվի արվեստանոց՝ աշխատանքն ավարտելու համար։ Պատերազմից հետո էս փողոցը հիմնանորոգվում է, ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն։ Քանդակագործի հետ կխոսենք, եթե ինքը հնարավորություն չի ունենա աշխատանքներն ավարտել Մարտունի քաղաքում՝ կտանենք արվեստանոց», – ասաց Ավանեսյանը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *