2021.01.17,

Ստուգված է

Գազի կտրոնը ներկայացվում է որպես Ալիևների գույքը Աննա Հակոբյանին փոխանցելու ապացույց

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Mediaport Տելեգրամ-ալիքը տեղեկություն տարածեց, թե «Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը»։ Այս տեղեկությունը ապացուցված չէր, սակայն լայնորեն տարածվեց մամուլում ու սոցցանցերում։

Պնդումների «ապացույցը» սովորական գազի կտրոն էր

Mediaport ալիքը որպես պնդումների ապացույց ներկայացրել էր մի փաստաթուղթ, որից իբր «երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող […] անշարժ գույքի սեփականության փաթեթ»։ 

Ներկայացված փաստաթուղթը արաբական խոշոր Lootah Gas ընկերության ներկայացրած գազի անդորրագիր էր։ Lootah Gas-ը Դուբայում գազի մատակարար է, և դրա անդորրագիրը չի ապացուցում որևէ գույքի փոխանցում։ 

Այս փաստը չխանգարեց politik.am-ին, lurer.com-ին, yerkirmedia.am-ին և այլ լրատվականներին վերատպել տեղեկությունը։ «Սենսացիոն փաստաթուղթ», գրեց Hayeli.am-ը գազի վճարման կտրոնի մասին։ 

Լուրը ակտիվորեն տարածում էին նաև սունկ կայքերը և առանձին մարդիկ, օրինակ՝ ռուսական Life.ru-ի հիմնադիր Արամ Գաբրիելյանովը։ Օգտատերերից մեկի մեկնաբանությանը, թե նկարում սովորական գազի կտրոն է, Գաբրիելյանովը միանգամից երեք պատասխան հարց ու դիտարկում թողեց․ «Հենց բանը դրանում է, տունը պատկանու՞մ է Ալիևային», «Ո՞րտեղից հատուկ ծառայություններին այս փաստաթուղթը», «Մտքեր չկան»։ 

Ի՞նչ է գրված գազի անդորրագրում

Գազի անդորրագիրը վերաբերում է Դուբայի արհեստական կղզու՝ Արմավենի Ջումեյրայի (Palm Jumeirah) վրա տեղակայված առանձնատանը։ Առանձնատան հասցեն մասամբ ծածկված է, սակայն որոշ տվյալներ, այնուամենայնիվ, երևում են։ 

Դեռ երեկ այս տվյալները ուսումնասիրել է Թվիթերում L3v0n անունով օգտատերը։ Media.am-ը նույնպես ուսումնասիրել է տվյալները և եկել նույն եզրակացություններին։ 

Արմավենի Ջումեյրա կղզին բաժանված է ճղուղերի։ Ամեն ճյուղ ունի իր հերթական տառը՝ Frond A, Frond B, Frond C և այլն։

Լուսանկարի աղբյուրը՝ bayut կայք

Անդորրագրի վրա՝ ծածկված հատվածում երևում են միայն «d K» տառերը։ Ամենայն հավանականությամբ, գրվածքում նշվում էր, որ առանձնատունը տեղակայված է Frond K ճյուղի վրա։

Անդորրագրի վրա առկա է նաև [email protected] էլ․ փոստի հասցեն։ Gulfsothbeysreality.com կայքը այլևս գոյություն չունի․ այս կազմակերպությունը միաձուլվել է մեկ այլ՝ Luxhabitat ընկերության հետ։ Luxhabitat-ի կայքում իսկապես վաճառվում են առանձնատներ կղզու Frond K ճյուղի վրա։

Անդորրագրի վրա նշված է հենց Lootah Gas P J ընկերության անվանումը․ սա Lootah Gas-ի այն մասնաճյուղն է, որին գաղի վճարումները փոխանցում են Արմավենի Ջումեյրա կղզու բնակիչները։

Այս տվյալները ցույց են տալիս, որ գազի անդորրագիրը իրական է։ Չնայած դրան, փաստաթղթի վրա Լեյլա Ալիևայի անվան առկայությունը տարօրինակ է․ կոմունալ վճարումները Lootah Gas ընկերությանը կատարվում են բաժանորդի համարի հիման վրա, և ոչ թե անվան։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Լեյլա Ալիևայի անունը ավելացվել է անդորրագրի բնօրինակի վրա։ 

Լեյլա Ալիևան, ինչպես նաև նրա քույրը և եղբայրը իսկապես անշարժ գույք ունեն Դուբայում։ Ըստ OCCRP հետաքննական լրատվականի տվյալների՝ Ալիևի զավակները ավելի քան 100 միլիոն դոլարի անշարժ գույք ունեն Արմավենի Ջումեյրա կղզու վրա։ 

Ի դեպ, «Հետքը» պարզել է, որ Դուբայում շքեղ տներ ունեն նաև հայ պաշտոնյաները։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *