2021.01.04,

Ստուգված է

Տարածաշրջանի կեղծ ու մանիպուլյատիվ լուրերը Հայաստանի մասին. դեկտեմբեր

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերին Հայաստանի մասին տարածվող ապատեղեկատվությունը հիմնականում վերաբերվում էր Արցախյան պատերազմին։ Հայաստանում ծավալվող քաղաքական իրադարձությունները լուսաբանելիս ռուսական և ադրբեջանական մամուլը նորից օգտագործում էր դավադրության տեսություններ։

Հետհեղափոխական Հայաստանի մասին խոսելիս ադրբեջանական և ռուսական մամուլը հիշում է Սորոսի մասին դավադրության տեսությունը

Դեկտեմբերին ադրբեջանական և ռուսական կայքերը շարունակում էին ակտիվորեն տարածել Հայաստանի թավշյա հեղափոխության և ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսի մասին դավադրության տեսությունը։ 

ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը ռուսական Regnum-ում գրեց, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ մի պետություն դառնա։ Ըստ Գեղամյանի՝ միայն դա կապահովի Հայաստանի անվտանգությունը, որը խաթարում են Սորոսը ու նրան ենթակա կառույցները։ Այդ կառույցների թվին Գեղամյանը դասեց հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ, որոնք իրականում չեն հիմնադրվել և չեն կառավարվում Ջորջ Սորոսի կամ Բաց հասարակությունների հիմնադրամի կողմից։ 

Ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալությունը գրեց, թե Նիկոլ Փաշինյանի օրոք «Սորոսի կառույցներից» մարդիկ դարձան պաշտոնյաներ։ 

Նույն թեզերը Սորոսի «գործակալների» մասին տարածում էին ադրբեջանական լրատվականները։ Cispress.ru-ն գրեց, թե Հայաստանի քաղաքականությունը կառավարում է Սորոսը։ Turan.az-ն էլ հայտարարեց, թե Հայաստանի ԱԱԾ ղեկավարին «կանչել են Մոսկվա» և հանձնել «գործակալների» անուն առ անուն ցուցակը՝ պահանջելով վերջիններիս ազատել զբաղեցրած պաշտոններից։ 

Ջորջ Սորոսի և նրա «գործակալների» մասին դավադրության տեսությունը արդեն երկար ժամանակ է օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք տարբեր երկրներում։ Ադրբեջանում և Ռուսաստանում Սորոսի կողմից ֆինանսավորվող Բաց հասարակությունների հիմնադրամը արգելված է։ 

Գործակալներ էին փնտրում նաև Հայաստանում

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամները «Սպուտնիկ Արմենիայի» տաղավարում մամլո ասուլիս  հրավիրեցին և հայտարարեցին, թե շուրջ 40 հայաստանյան հասարակական կազմակերպություններ գումարներ են թաքցնում և զբաղվում արևմտյան, թուրքական և ադրբեջանական պատվերներ կատարելով։ 

Բանախոսները հղում էին անում հեղինակավոր  Dun & Bradstreet վերլուծական ընկերության տվյալներին։ Այս ընկերության կայքում, սակայն, անճշտություններ կան Հայաստանի վերաբերյալ (օրինակ՝ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացված է որպես երկու աշխատող ունեցող բիզնես)։ 

Այս տեղեկությունը առանց ստուգելու տարածեցին ոչ միայն հայաստանյան, այլև ռուսաստանյան կայքերը՝ pressunity.org-ը, eadaily.com-ը, rossaprimavera.ru-ն, novostink.net-ը և այլն։ 

Փաշինյանի հրաժարականի ու Պուտինի՝ տարվա մարդ դառնալու մասին լուրերը ճշտված չէին 

Ռուս լրագրողները հրապարակում էին չճշտված տեղեկություն, լրատվական կայքերն էլ այդ տեղեկությունը տարածում էին։

?Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը թվիթերյան իր էջում գրեց, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Գրառումը արագ տարածվեց, սակայն շուտով պարզվեց, որ այն սխալ է՝ Փաշինյանը հրաժարական չէր տվել։

Սոլովյովը ջնջեց գրառումը և հայտնեց, որ տարածվել էր ապատեղեկատվություն։ Նա նաև հրապարակեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարությունը այն մասին, որ Փաշինյանի հրաժարականի մասին տեղեկությունն «այնքան անլուրջ է, որ կարիք չկա հերքելու»։ 

? Wargonzo Տելեգրամ-ալիքը հայտնեց, թե Վլադիմիր Պուտինը Արցախում տարվա մարդ է ճանաչվել։ Այս տեղեկությունը տարածվեց սոցիալական ցանցերի հայկական ռուսալեզու խմբերում, սունկ կայքերում, ռուսական և հայկական լրատվական կայքերում։

Wargonzo-ն, սակայն, չէր մանրամասնել, որ տարվա մարդ Պուտինին ճանաչել է հայաստանյան «Դե ֆակտո» ամսագիրը, այլ ոչ թե Արցախի որևէ պաշտոնական աղբյուր։ «Դե ֆակտո» ամսագիրը մասնավոր լրատվամիջոց է։ Ամսագրի գլխավոր խմբագիրը 2018-ի արտահերթ ընտրություններում ՀՀԿ համապետական ցուցակի թեկնածուներից մեկն է՝ Մենուա Հարությունյանը։

Ադրբեջանական մամուլը սխալ տեղեկություն տարածեց հայ-թուրքական օդային տարածքի և սփյուռքահայ կամավորների մասին

Արդբեջանական պետական լրատվամիջոցներից մեկը՝ haqqin.az-ը, դեկտեմբերին ակտիվորեն լուսաբանում էր Հայաստանը, տարածելով նաև սխալ տեղեկություն։ 

?Տեղեկություն տարածվեց այն մասին, թե Թուրքական քաղաքացիական օդանավը առաջին անգամ թռիչք է կատարել Հայաստանի տարածքով դեպի Բաքու։ Լուրը հրապարակեցին նաև հայկական լրատվականները։ Սակայն թռիչքը առաջինը չէր․ Հայաստանը և Թուրքիան չեն փակել միմյանց օդային տարածքները քաղաքացիական օդանավերի համար։ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնեց, որ Հայաստանի օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական թռիչքների համար։  

?Ադրբեջանական և թուրքական աղբյուրները պատերազմի ողջ ընթացքում հերքում էին Սիրիայից վարձկաններ ներգրավելու փաստը։ Փոխարենը՝ երկու երկրները մեղադրում էին Հայաստանին այլ երկրներից մարտիկներ օգտագործելու մեջ։ Դեկտեմբերին haqqin.az-ը նորից գրեց, թե հայկական զորքերի հետ կռվել են մարտիկներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մերձավոր Արևելքից։ Ինչպես և այլ նման մեղադրանքների դեպքում, այս անգամ նույնպես խոսքը ոչ թե վարձկանների, այլ Սփյուռքից հայրենադարձների մասին էր։

Հայաստանի նոր կրթական չափորոշիչները նորից մանիպուլացվեցին

Հայ-ռուսական համալսարանի Լևոն Մկրտչյանի անվան մշակութային և գրական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Կարինե Սահակյանցը մի քանի սխալ պնդումներ էր արել ռուսական «Суть времени» թերթին տված իր ծավալուն հարցազրույցում։ 

Սահակյանցը ասել էր, թե Հայաստանում դպրոցական նոր դասագրքերում չկա ոչ մի ռուս գրողի անուն։ Ըստ Սահակյանցի՝ չկան նաև արևմտահայ գրողներ․ «Չէ՞ որ արևմտահայ հեղինակները զոհեր էին կամ ցեղասպանության ականատեսներ։ Իսկ քանի որ նոր իշխանությունների նպատակն է մերձեցումը թուրքերի հետ, այսպիսի գրականությունը ծրագրում նույնպես չեն ներառել»։ 

Հայաստանում անցած տարի իսկապես ներկայացվեցին կրթական նոր չափորոշիչներ։ Դրանք, սակայն, միայն նկարագրում են գրականության և այլ առարկաների դասավանդման նոր մոտեցումներ։ Գրականության դասագրքեր դեռ չկան, հետևաբար՝ սխալ է պնդել, թե դրանցում ներառված չեն ռուս գրողներ։ 

«Գրականություն» առարկայի չափորոշիչների տեքստում կան ստեղծագործությունների օրինակներ, բայց դրանք միայն օրինակներ են, և դասագրքերում գրականության ցանկը կարող է տարբերվել դրանցից։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ օրինակների ցանկում կան արևմտահայ գրողներ, օրինակ՝ Միսաք Մեծարենցը։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *