2020.12.31,

Ստուգված է

Դեկտեմբերի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի երկրորդ կեսին սխալ կամ մանիպուլյատիվ լուրեր էին տարածվում ոչ միայն Արցախյան երկրորդ պատերազմի, այլև կորոնավիրուսի պատվաստանյութի և Հայաստանի քաղաքացիական հասարակության մասին։ 

Ավագանու անդամը տարածեց հին կեղծ փաստաթուղթ

Երևանի ավագանու ԼՀԿ անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց կեղծ փաստաթուղթ Արցախի բնակիչների տարհանման մասին։ Փաստաթղթի ամսաթիվ էր նշվում սեպտեմբերի 22-ը, և ըստ Վարդանյանի այն վկայում էր, որ իշխանությունները տեղյակ են եղել նախապատրաստվող պատերազմի մասին։ Այս տեղեկությունը տարածեց նաև Armlur.am կայքը։ 

Փաստաթղթում առկա են մի քանի սխալներ։ Օրինակ, որպես Արցախի ԱԱԾ կոնտակտ նշված է հասցե և բջջային հեռախոսահամար, որի կոդը սխալ է։ Փաստաթղթի վրա դրված կնիքը ևս կասկածի տեղիք է տալիս. դա ԱԱԾ կադրերի բաժնի կնիքն է։  

Վարդանյանի տարածած փաստաթուղթը իսկապես նոր չէ․ այն շրջանառվել և հերքվել է դեռևս պատերազմից առաջ։ Ավելին, վարչապետ Փաշինյանը դեռ հոկտեմբերին հայտարարել էր, որ պատերազմը անակնկալ չէր, հայկական կողմը տեղյակ է եղել վտանգի մասին։

Հայաստանի և Թուրքիայի օդային տարածքը նախկինում էլ բաց է եղել

Դեկտեմբերի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ թուրքական քաղաքացիական օդանավը առաջին անգամ թռիչք է կատարել Հայաստանի տարածքով դեպի Բաքու։ Լուրը հրապարակեցին նաև հայկական լրատվականները։    

Շուտով, սակայն, պարզ դարձավ, որ թռիչքը բոլորովին էլ առաջինը չէր։ Քաղավիացիայի կոմիտեն հայտնեց, որ Հայաստանի օդային տարածքը բաց է բոլոր քաղաքացիական թռիչքների համար։ Ավիացիայի գծով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ Հայաստանը խաղաղ ժամանակ օգտագործել են միմյանց օդային տարածքը քաղաքացիական թռիչքների համար։ 

Հայկական բնակավայրերի հանձման մասին սխալ լուրերը

Դեկտեմբերի երկրորդ կեսին հաճախ էին տարածվում լուրեր այն մասին, որ հայկական այս կամ այն բնակավայրը հանձնվելու է Ադրբեջանին։ Թեև պետական սահմանները դեռ ճշգրտման փուլում են, այս լուրերը հաճախ սխալ էին դուրս գալիս։ 

🔴 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե ըստ ադրբեջանական աղբյուրների, դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզի 13 գյուղ պետք է փոխանցվի Ադրբեջանին։ Այս տեղեկությունը տարածեցին նաև «Կենտրոն» հեռուստաընկերության կայքը, blog.168.am-ը, bavnews.am-ը և այլն։ 

Այս տեղեկությունը մանիպուլյատիվ էր․ խոսքը ոչ թե գյուղերի մասին էր, այլ հարակից բարձունքների։ «Հետքը» նշում է, որ այդ դիրքերը ապահովում էին 13 գյուղերի անվտանգությունը։   

🔴 Նույն օրը iravaban.net-ը գրեց, թե Սյունիքի մարզի Սեթանց գյուղը ևս հանձնվելու է Ադրբեջանին։ Սեթանց գյուղը, սակայն, չի գտնվում Սյունիքի մարզում, այն Հայաստանի պետական սահմաններից դուրս է։   

🔴 Մի քանի օր անց էլ հայկական մեդիայում տարածվեց ադրբեջանական մի տեսանյութ «Ադրբեջանական տանկերը մտան Սյունիքի մարզի Որոտան գյուղ» խորագրով։ Տեսանյութում երևում էր ոչ թե գյուղի, այլ Որոտան քաղաքի ցուցանակը։ Որոտան քաղաքը գտնվում է Արցախում և պատերազմից հետո անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։   

🔴 Սխալ էր մեկնաբանվում նաև ադրբեջանական մեկ այլ տեսանյութ։ Fip.am-ը պարզեց, որ իբր Սևանա լճում ադրբեջանցի զինվորների տեղի ունեցողը իրականում նկարահանվել էր Հայաստանի նոր պետական սահմաններից դուրս՝ Ալ լճերի մոտակայքում։ 

Գերիների վիդեոն հին էր

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե Գորիս-Կապան ճանապարհին 3 հայ քաղաքացիական անձ գերի է ընկել և խոշտանգումների ենթարկվել։ Գրառումը տարածվեց մամուլում, այն վերատպեցին hayeli.am-ը, lurer.com-ը, 168.am-ը և այլն։ 

Ավելի ուշ պարզվեց, որ Էլբակյանը սխալ է տեղորոշել տեսանյութը։ Նա խմբագրեց գրառումը, նշելով, որ տեսահոլովակը իրականում հին էր և արված էր Շուշիում։ Լրատվամիջոցներից միայն lurer.com-ը ավելացրեց թարմացման մասին նշում։ 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը՝ կապ հաստատելով տեսանյութում երևացող գերեվարված անձանց հետ, հաղորդեց, որ տեսանյութը հին է ու նրանք արդեն վերադարձվել են Հայաստան։

Wargonzo-ն սխալ տեղեկություն տարածեց Արցախի ու Պուտինի մասին 

Wargonzo Տելեգրամ-ալիքը հայտնեց, թե Վլադիմիր Պուտինը Արցախում տարվա մարդ է ճանաչվել։ 

Այս լուրը սխալ է։ Wargonzo-ի պնդման հիմքը ոչ թե որևէ պաշտոնական հայտարարություն է, այլ «Դե ֆակտո» ամսագրի պաստառը՝ Պուտինին տարվա մարդ ճանաչելու մասին։  «Դե ֆակտո»-ն հայաստանյան մասնավոր լրատվամիջոց է։ Ամսագրի գլխավոր խմբագիրը 2018-ի արտահերթ ընտրություններում ՀՀԿ համապետական ցուցակի թեկնածուներից մեկն է՝ Մենուա Հարությունյանը։ 

Հակապատվաստումային առցանց հանրույթներում շարունակում էին տարածվել դավադրության տեսություններ

Դեկտեմբերի երկրորդ կեսի սխալ կամ մանիպուլյատիվ տեղեկությունները հիմնականում վերաբերվում էին Արցախյան պատերազմին։ Սակայն սոցցանցերի հակապատվաստումային հանրույթներում շարունակում էին տարածվել դավադրության տեսություններ Covid-19-ի պատվաստանյութի մասին։ 

Այսպես, նախկինում բժիշկ աշխատող, իսկ այժմ քաղաքական գործունեություն վարող Մարինա Խաչատրյանի հիմնած «Ազգային Վերահսկողության Համակարգ» ֆեյսբուքյան էջը անդրադարձավ Moderna ընկերության արտադրանքի ոչնչացված խմբաքանակին՝ նշելով, թե ԱՄՆ Պարենի և դեղամիջոցների գործակալությունը «չտեսնելու է տվել» ոչնչացված խմբաքանակը։

Խմբաքանակի ոչնչացման մասին լուրը հայտնել էին հենց ԱՄՆ պաշտոնական մարմինները։ Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna-ն լիցենզիայի հետ խնդիրներ չի ունեցել, քանի որ խմբաքանակը ոչնչացվել էր արտադրման ընթացքում ծագած խնդրի, այլ ոչ թե տապալված փորձարկումների պատճառով (դրանք անցել են հաջող)։ 

Սոցցանցերում մեկ այլ հրապարակում էլ պնդում էր, թե ամերիկացի բուժքույրը ուղիղ եթերում ուշագնաց է եղել պատվաստումից հետո։ Այս տեսանյութը լայն տարածվել է նաև անգլալեզու սոցցանցերում և արդեն հերքվել։ Բուժքույրը իսկապես ուշագնաց էր եղել, սակայն կարճ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վերականգնվել էր, և նա բացատրել էր լրագրողներին, որ ունի ախտորոշում՝ հաճախ է ուշագնաց լինում որևէ ցավ զգալուց։ 

Կուսակցության անդամները քաղաքացիական հասարակությանը մեղադրեցին «ազգակործան» լինելու և գումար թաքցնելու մեջ

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամներ Ծովինար Կոստանյանն ու Արման Ղուկասյանը դեկտեմբերի 22-ին հայտարարեցին, թե 40 հայաստանյան հասարակական կազմակերպություններ գումարներ են թաքցնում և զբաղվում «ազգակործան, քայքայիչ» գործունեությամբ՝ արևմտյան, թուրքական և ադրբեջանական պատվերներ կատարելով։ 

Պնդումների աղբյուրը, ըստ բանախոսների, Dun & Bradstreet վերլուծական ընկերությունն էր։ Այս ընկերության ծառայությունների մատակարարումը Հայաստանում իրականացնում է ռուսական «Интерфакс» լրատվական գործակալության հետ համատեղ հիմնված ընկերությունը։ Dun & Bradstreet-ի կայքում հաճախ են հանդիպում անճշտություններ հայաստանյան ընկերությունների վերաբերյալ։ Օրինակ, ԿԳՍՄ նախարարությունը, ըստ Dun & Bradstreet-ի կայքի տվյալների, զբաղվում է բիզնեսով և ունի ընդամենը 2 աշխատող։ «Հայաստանի մանուկների հիմանդրամը» ըստ այդ կայքի զբաղվում է մասնագիտական ծառայությունների տրամադրմամբ, իսկ ղեկավարը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն է։ Իրականում հիմնադրամը հասարակական կազմակերպություն է, իսկ Սերոբ Խաչատրյանը այն տնօրինել է տարիներ առաջ։ 

ՀԿ-ների մասին «բացահայտումները» ներկայացնող «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի անդամներ Ծովինար Կոստանյանն ու Արման Ղուկասյանը նաև կուսակցություն ունեն՝ «Հանուն սոցիալական արդարության»։  

Կոստանյանի և Ղուկասյանի ասուլիսը տեղի էր ունենում «Սպուտնիկ Արմենիայի» տաղավարում։ «Սպուտնիկ Արմենիան» ռուսական պետական «Россия сегодня» լրատվական գործակալության մաս է։ «Россия сегодня»-ն գլխավորում է Մարգարիտա Սիմոնյանը, ում ռուս ընդդիմադիր գործիչները մեղադրում են լայնածավալ կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու և պետական քարոզչություն վարելու մեջ։ 

Վերջին տարիներին Ռուսաստանը առավել մեծ ճնշումներ է գործադրում քաղաքացիական հասարակության վրա։ Այդպես, մի քանի օր առաջ Պետդուման ընդունեց օրենք, որով ցանկացած անհատ կամ կազմակերպություն, ով որևէ ֆինանասավորում է ստացել օտար երկրից, կարող է ճանաչվել այսպես կոչված «օտարերկրյա գործակալ»։ Այս օրենքը քննադատվեց որպես ընդդիմությանը ճնշելու փորձ։ 

Հերքումներ

📌Դեկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքներում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են գտնվում։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ 

📌 Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքեց սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունն այն մասին, թե Կապանի օդանավակայանը շրջափակման մեջ է հայտնվել։ 

📌Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հերքեցին Politik.am կայքի տարածած տեղեկությունն այն մասին, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գաղամուղը։ Նախարարությունից նշեցին, որ գաղամուղը աշխատում է անխափան։ 

📌Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Սյունիքի մարզի Ճակատեն համայնքը հանձնում են Ադրբեջանին։ Զոհրաբյանը հղում էր անում տեղի բնակիչների խոսքերին։ Սյունիքի մարզպետը կտրականապես հերքեց տեղեկությունը։ Լուրը հերքեց նաև Կապանի քաղաքապետը։ 

📌 Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց սոցցանցերում տարածվող տեղեկությունն այն մասին, թե Կարմիր Շուկա համայնքը պետք է հանձնվի Ադրբեջանին։ 

📌 Pastinfo.am-ը գրեց, թե Հատուկ քննչական ծառայությանն են փոխանցվել ձայնագրություններ, ըստ որոնց, վարչապետ Փաշինյանը պատերազմի երկրորդ օրը դադարեցրել է բանակի լրահամալրումը։ ՀՔԾ-ն, սակայն, այս լուրը անվանեց ապատեղեկատվություն։

📌ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ասաց, որ «Հայ ազգային կոնգրես» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերի հետ քննարկում ունենալու մասին կոչին և հայտարարել են, որ կմասնակցեն նման քննարկման։ «Հայ ազգային կոնգրեսը», սակայն, հերքեց Սիմոնյանի հայտարարությունը։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Դեկտեմբերի 15-31-ի կեղծ ու հերքված լուրերը”
  1. Harutyun Harutyunyan says:

    Այո ես գրել եմ, գրել եմ ոչ թե թեականով, այլ հղումով, թե ինչ են գրում ադրբեջանցիները: Հաջորդ օրը գրել եմ և պարզաբանել ինչի մասին է խոսքը, ինչը հասկանալի պատճառներով Ձեր հոդվածում չէր կարող տեղ գտնել, հարգելի հոդվածագիր: Դուք էլ եք մանիպուլյացնում թեման ըստ Ձեր նախասիրությունների: Լավ եղեք:

  2. Կարինե Ղազարյան says:

    Հարգելի պարոն Հարությունյան,
    Հոդվածում գրված չէ, որ դուք եք տեղեկության հեղինակը, գրված է, որ դուք տարածել եք ադրբեջանական աղբյուրների տեղեկությունը։ Գրված չէ նաև, որ դուք եք մանիպուլացման հեղինակը, գրված է, որ տեղեկությունն է մանիպուլյատիվ։ Ձեր որոշելիքն է ստուգել տեղեկությունը տարածելուց առաջ, թե ոչ։

    Հերքման մասով՝ ճիշտն ասած ձեր էջում տեսա միայն բացատրություն այն մասին, թե ինչու եք ադրբեջանական աղբյուր տարածել։ Այս հոդվածը դայջեսթ է, ամեն առանձին դեպք սեղմ է ներկայացվում, այդ է պատճառը, որ այդ բացատրությունը չի ներառվել։ Գուցե ավելի ծավալուն հոդվածի դեպքում նաև դա ներառեինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *