2020.11.13,

Ստուգված է

Խաղաղապահ զորքի հրամանատարը ադրբեջանցի չէ․ տեղեկությունը սխալ է

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահների զորքը գլխավորելու է գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Շուտով տեղեկություն տարածվեց, որ նա ադրբեջանցի է։ Տեղեկությունը կեղծ էր, տարածողն էլ ադրբեջանական կայքերն էին։ Չնայած դրան, լուրը անհանգստություն առաջացրեց Հայաստանում։ 

Ինչպես ծնվեց ապատեղեկատվությունը

Նոյեմբերի 11-ին, երբ հայտարարվեց, որ գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովը գլխավորելու է ռուս խաղաղապահներին Արցախում, Վիքիպեդիայի նրա էջում փոփոխություն կատարվեց։

Անանուն մի օգտատեր Վիքիպեդիայում ավելացրեց, թե Մուրադովը ադրբեջանցի է։ Դրանից առաջ գեներալի էջում վերջին փոփոխությունը արվել էր 2018-ին, և այն ժամանակ նշված էր նրա իրական ազգությունը՝ թաբասարան։ 

Վիքիպեդիայում անանուն օգտատերի այս նշումից քիչ անց ադրբեջանական ամենաակտիվ քարոզչական հարթակներից մեկը՝ haqqin.az-ը գրեց, թե Մուրադովը ադրբեջանցի է։ 

Շուտով, սակայն, տեղեկությունը ուղղվեց Վիքիպեդիայում։ Լուրի կեղծ լինելու մասին գրեցին նաև հայկական կայքերը։ Սրան ի պատասխան՝ haqqin.az-ը հայտարարեց, թե «Վիքիպեդիայում նշված էր, որ Մուրադովը ադրբեջանցի է» և ապացույց ներկայացրեց՝ կայքէջի սքրինշոթ։ 

Վիքիպեդիան կարող է խմբագրել ցանկացած օգտատեր։ Ավելին՝ բոլոր փոփոխությունները պահպանվում են «Դիտել պատմությունը» բաժնում։ Երբեմն խմբագրերը «պատերազմում» են՝ ուղղում ու փոխում նույն հոդվածները։ Media.am-ը մանրամասն անդրադարձել է Վիքիպեդիայի խմբագրական պատերազմերին՝ Ստամբուլյան կոնվենցիայի օրինակով։ 

Կեղծ լուրը հասավ Հայաստանի լսարանին

Վիքիպեդիայի խմբագրումի և ադրբեջանական քարոզչամեքենայի շնորհիվ հայտված այս կեղծ լուրը հասավ նաև հայաստանյան լսարանին և անհանգստություն առաջացրեց։  

Տեղահանվածներին սոցիալական աջակցություն ցուցաբերող կամավորներից մեկը media.am-ին պատմեց, որ զանգ է ստացել մի կնոջից, որ վախեցած էր, որ Մուրադովը կարող է վնասել իր ընտանիքին․ «Մի կին զանգեց, սկսեց գոռալ։ Բավականին ուժեղ գոռում էր, ու զգացվում էր, որ ինքը շատ անկեղծ է։ Ասում էր՝ դու գիտես՝ հիմա ես իմ երեխեքին կարա՞մ տանեմ, թե չէ, դու գիտե՞ս ով ա էդ ղեկավարը, գիտե՞ս ինչ ազգ ա»։ Կամավորի խոսքով՝ կինը վախեցած էր երեխաներին հետ Արցախ տանելու և զանգել էր միայն այդ հարցով, քանի որ մտածում էր, որ խաղաղապահների հրամանատարը ադրբեջանցի է։ 

Ո՞վ է Ռուստամ Մուրադովը

Մուրադովը ծնվել է 1973 թ․ Ռուսաստանում՝ Դաղստանի հանրապետությունում։ Ապրել է Չինար գյուղում, որի բնակչության 30%-ը ադրբեջանցիներ են, 20%-ը՝ թաբասարաններ։ Մուրադովը ազգությամբ թաբասարան է և արմատներով Դաղստանի Տաբասարանսկի շրջանի Խանակ գյուղից է։ Տաբասարանսկի շրջանի բնակչության շուրջ 70%-ը տաբասարաններ են։ 

2018-ին հրապարակված մի հարցազրույցում նա, պատասխանելով բազմազգ կոլեկտիվների միավորման մասին հարցին, նշում է, որ սպայի, պետական ծառայողի համար «ազգ» գաղափարը չպիտի գոյություն ունենա։ 

Մուրադովը մասնակցել է Չեչնիայի պատերազմներին, ինչպես նաև պատերազմական գործողություններին Ուկրաինայում և Սիրիայում։ Ունի Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *