2020.09.22,

Ստուգված է

Լրատվամիջոցներ, որոնց Մոսկվա էին հրավիրել ՌԴ ուժայինների գլխավորած գրասենյակն ու Արամ Սաֆարյանը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Սեպտեմբերի 18-ին ռուսական «Դոսյե» կենտրոնը, որը ֆինանսավորում է ռուս մեծահարուստ, «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար և Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկին,  հրապարակեց Հայաստանում Կրեմլի «ազդեցության գործակալների» մասին հետաքննական հոդված։ 

Հետաքննության մեջ հիշատակվում են Կրեմլին զեկուցող և ծածկանուններով հանդես եկող «գործակալներ»։ Ավելին՝ ռուսական արտաքին հետախուզության գեներալի գրասենյակի փաստաթղթերի մեջ գտնվել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ, ինչպես նաև Հանրային խորհդի անդամ Արամ Սաֆարյանի անձնագրերի պատճենները։ 

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ հրապարակումը դիտարկվում է որպես հանցագործության մասին հաղորդում և համապատասխան իրավական ընթացք է նախաձեռնվել։ 

Ըստ «Դոսյե» կենտրոնի՝ Արամ Սաֆարյանը ուղիղ նամակագրության մեջ էր ՌԴ նախագահի Օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գրասենյակի հետ։ 

Արամ Սաֆարյանը հերքել է «Դոսյեի» հրապարակման մեջ բերված տվյալները և հայտարարել․ «Շարունակելու եմ ամբողջ ուժերով աշխատել, որպեսզի թույլ չտամ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության թուլացում»։

«Դոսյեն» Media.am-ին է փոխանցել հոդվածում չհրապարակված փաստաթղթերից մեկը, ըստ որի, Արամ Սաֆարյանի գլխավորած «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն ՌԴ ֆինանսավորմամբ կազմակերպել էր հայ լրագրողների և քաղաքական գործիչների այց Մոսկվա։ Այցը պետք է կայանար 2020 թ․ ապրիլին, սակայն չեղարկվեց համավարակի պատճառով։ 

Media.am-ը պատմում է, թե ով է Արամ Սաֆարյանը և արտաքին կապերի համար պատասխանատու ուժայինները ինչ լրատվամիջոցներ էին հրավիրում Մոսկվա։ 

Ովքե՞ր էին հրավիրված Մոսկվա

2020-ի ապրիլի 26-30-ին պետք է կայանար «հայկական լրատվամիջոցների ղեկավարների և առաջատար լրագրողների» այցը Մոսկվա։ Այցը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակին։ Կազմակերպիչը Արամ Սաֆարյանի հիմնադրած «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն էր։ Ընդհանուր այցի համար ՌԴ նախագահի աշխատակազմից հատկացվել էր $18,560։ 

«Դոսյե» կենտրոնը Media.am-ին փոխանցեց այցի կազմակերպչական ծախսերը, նպատակները և մասնակիցներին ներկայացնող փաստաթուղթը։  

Դոսյե-Հայաստան

Դոսյեն Հայաստանի մասին

11 մասնակիցների թվում կա երկու պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը (ներկայացված է որպես «Կենտրոն» հ/ը ղեկավար) և «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ նախկին տնօրեն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Ցուցակում է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի անունը, որը ներկայացված է որպես AraratNews կայքի գլխավոր խմբագիր։  

Նշված է նաև Արամ Սաֆարյանի անունը, որը պետք է ներկայացներ իր գլխավորած «Союзинфо» կայքը։ Ներկայացուցիչներ ունեին «Արմենպրեսը», «Ար», «Հ2» հեռուսատաընկերությունները, «Ազգ» շաբաթաթերթը, 24news.am-ը, «Новости Армения»-ն և Verelq.am-ը։

Արտաքին հետախուզության ծառայողները՝ օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գրասենյակում 

Լրագրողների միջազգային այցերը տարատեսակ հանդիպումների կամ սեմինարների հազվադեպ երևույթ չեն։ Տարեկան բազմաթիվ նմանատիպ այցեր են կազմակերպվում Հայաստանից ԱՄՆ, ԵՄ կամ հետխորհրդային երկրներ։ Կազմակերպվում են նաև օտարերկրյա լրագրողների այցեր Հայաստան։ Դրանք կարող են կազմակերպել դեսպանատները կամ հասարակական միջազգային ու տեղական կազմակերպությունները։ 

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի կազմակերպած այցը, սակայն, ունի մի առանձնահատկություն․ այն ֆինանսավորող կառույցը գլխավորում են ՌԴ ուժայինների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։

Այցը ֆինանսավորելու էր ՌԴ Նախագահի Օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գրասենյակը։ Այս գրասենյակը գլխավորում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովը։ 

Ըստ «Դոսյեի»՝ գեներալ Չերնովի ենթակայության տակ աշխատում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) պահեստազորի գնդապետ Վալերի Մաքսիմովը, որը հումանիտար նախագծերի համակարգման վարչության պետն է և պատասխանատու է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների համար։ Նրա տեղակալը Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) սպա Վալերի Չերնիշովն է։ 

Հայաստանի հետ կապերի համար պատասխանատու է գեներալ Չերնովի խորհրդական, ՌԴ ՊՆ գնդապետ Դմիտրի Ավանեսովը։ Հենց Ավանեսովի հետ էր նամակագրության մեջ Արամ Սաֆարյանը։ «Դոսյեն» մեջբերում է Ավանեսովի նամակը Սաֆարյանին, որտեղ նա խնդրում է Սաֆարյանին մինչև օրվա վերջ ներկայացնել կայքի, հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար արվող ծախսերը, քանի որ գրասենյակում անցկացվում էր աուդիտ։ 

Սաֆարյանը նրան պատասխանում է․ «Ամեն ինչ կարվի» («Все будет сделано»)։ 

Արամ Սաֆարյանը աշխատել է ԱԳՆ-ում, ԱԺ-ում, հիմա էլ Հանրային խորհրդի անդամ է

Արամ Սաֆարյանը հարուստ կենսագրություն ունի։ 1990-ականներին նա մի շարք պաշտոններ է զբաղեցրել Արտաքին գործերի նախարարությունում․ շուրջ երեք տարի եղել է նախարարության մամուլի քարտուղարը, Իրանում ՀՀ դեսպանատան տեղեկատվության և մշակութային կապերի գծով խորհրդականը, այնուհետև՝ նախարարության պետական արարողակարգի դեպարտամենտի տնօրենը։ 

Լրագրողական կարիերայի ընթացքում նա աշխատել է «Պրոմեթևս» (այժմ՝ Հ2) հեռուստաալիքում, «Ժամանակ» շաբաթաթերթում։ 2005-2006 թթ․ եղել է Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրենը, իսկ 2007-ին ընտրվել  է ԱԺ պատգամավոր, եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն քարտուղարը։

Հեղափոխությունից հետո՝ 2019-ին Սաֆարյանը դարձավ Հանրային խորհրդի անդամ։ Բացի դրանից, նա տնօրինում է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության ՀԿ-ն, համակարգում է Եվրասիական էքսպերտային ակումբը և «Союзинфо» կայքը։ 

Արամ Սաֆարյան եկեղեցի

Արամ Սաֆարյանը «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսին

Սաֆարյանը Եվրասիական ինտեգրացիայի ջատագով է։ Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է եվրասիական գոտում ինտեգրվի ոչ միայն տնտեսական, այլև այլ ուղղություններով։ Ըստ Սաֆարյանի՝ եվրասիական գաղափարախոսության առաջնորդը Ռուսաստանն է, իսկ Հայաստանը Եվրասիայի հետ կիսում է «մշակութային կոդը» և ընդհանուր քաղաքակրթական արժեքները։   

Սաֆարյանին Ռուսաստանի կողմից շնորհվել է «Բարեկամության» շքանշան, ԵԱՏՄ-ի կողմից՝ «ԵԱՏՄ զարգացման մեջ ներդրման համար» մեդալ։ 

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *