2020.09.18,

Ստուգված է

Գարդասիլից աղջիկ չի կուրացել, իսկ ուսուցիչների պատվաստման հրաման լինել չի կարող

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Քարոզչական գրոհներից ամենաշատը տուժած պատվաստանյութը՝ գարդասիլը, երեկ կրկին հայտնվեց ապատեղեկատվության կենտրոնում։ Տասնյակ լրատվականներ տարածեցին կեղծ տեղեկություն այն մասին, թե «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել»։ 

Անանուն աղբյուրի վրա հիմնված լուրը տարածեցին տասնյակ լրատվականներ

Առաջինը Գարդասիլից «կուրացման» մասին տեղեկությունը հրապարակեց pastinfo.am կայքը։ Ըստ դրա՝ 2003 թվականին ծնված Երևանի բնակչուհին «գարդասիլի պատվաստումից հետո» կուրացման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց։ «Փաստինֆոն» աղջկան անվանում էր «պատվաստումից տուժած»։

Հոդվածը ամբողջովին հիմնված էր անանուն աղբյուրի խոսքի վրա, որևէ այլ հիմնավորում վերնագրում հնչած պնդմանը չէր բերվում։ Կայքը կապ էր հաստատել հիվանդանոցի աշխատակիցների հետ, սակայն հոդվածում բերված բժիշկների խոսքի մեջ ոչ մի հիշատակում պատվաստումների կամ Գարդասիլի մասին չկար։ 

Չնայած այս ամենին, մի քանի ժամվա ընթացքում նյութը վերատպեցին 168.am-ը, 7or.am-ը, panorama.am-ը, tert.am-ը, news.am-ը, aysor.am-ը, yerkirmedia.am-ը, hayeli.am-ը, mamul.am-ը և բազմաթիվ այլ լրատվական կայքեր։ 

Հոդվածը Ֆեյսբուքում տարածում էին ինչպես լրատվականներ (օրինակ՝ Politik.am-ը), այնպես էլ ոչ լրագրողական էջերը (օրինակ՝ «Լայք վաճառք»-ը)։

լուրի տարածման ցանց

Երեկոյան լուրերի թողարկման ժամանակ, թողարկման գլխավոր թեմաների մասին պատմելուց առաջ «ցավալի մի լուր» հայտնեց Armnews TV-ի հաղորդավար Աբրահամ Գասպարյանը՝ նորից առանց ստուգելու կրկնելով «Փաստինֆո»-ի տարածած տեղեկությունը գարդասլի պատվաստումից իբր կուրացած աղջկա մասին։ «Աղջիկը կուրացել է, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո»,- «Փաստինֆո»-ին եթերում մեջբերեց Գասպարյանը։

Առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցը հերքեցին

Նույն օրը երեկոյան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը և Առողջապահության նախարարությունը հերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ տարածվող լուրերը չունեն որևէ բժշկական հիմնավորում։ 

Ավելին՝ երեխայի մոտ չէր հայտնաբերվել կուրություն։ Ըստ ԱՆ հայտարարության՝ ակնաբույժը ախտորոշել էր տեսողության սրության խնդիր, որը կարող է շտկվել ակնոց կրելով։ 

Հայտարարություններում նշվում էր, որ երեխայի վիճակը չունի «որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ»։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը նաև նշում է, որ «երեխայի վիճակը գնահատվում է բավարար և պատրաստվում է դուրսգրման»։

Լրատվականների մի մասը սկսեց վերահրապարակել կեղծ տեղեկության հերքումը՝ եզրափակելով պատվաստումների մասին ապատեղեկատվության հերթական շղթան։ 

լուրի հերքում

Գարդասիլի պատվաստումից կուրացած աղջկա մասին հրապարակված հոդվածները, սակայն, այդպես էլ չխմբագրվեցին, չլրացվեցին ու շարունակում են մնալ լրատվական կայքերում։

Կեղծ լուր տարածած ֆեյսբուքյան օգտատերին մի քանի օր անց նորից վերատպեցին մամուլում

«Կուրության» լուրը սեպտեմբերի 17-ին պատվատումների մասին տարածված միակ ապատեղեկատվությունը չէր։ 

«Աննա Պետրոսյան» ծպտյալ ֆեյսբուքյան օգտատերը գրեց, թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրամայել է բոլոր դպրոցներում ուսուցիչներին և աշակերտներին համոզելով կամ ստիպողաբար մինչև հոկտեմբերի վերջ թեստավորել, ապա՝ պատվաստել։ 

Այս գրառմամբ կիսվեցին 813 անգամ։ Տեքստը նույնությամբ վերատպեց bavnews.am-ը և armblog.info սունկ կայքը։ 

Բայց տեքստը տարածող Ֆեյսբուքի այս էջը դժվար է անվանել վստահելի աղբյուր։ «Աննա Պետրոսյանը» շատ քիչ անձնական տեղեկություն է հայտնում, էջի անունը՝ «Աննա Պետրոսյան» և օգտատիրոջ ID-ն (user ID)՝ «anna.sanoyan.9», չեն համընկնում։ Փոխարենը էջի շապիկին Ռոբերտ Քոչարյանի նկարն է, իսկ հրապարակումների հիմնական մասը քաղաքական է․ էջը աջակցություն է հայտնում նախկին նախագահին և քննադատում ներկայիս կառավարությունը։

Քոչարյանի համակիր Աննա Պետրոսյան ցանց

Մինչև հոկտեմբերի վերջ «ստիպողաբար» թեստավորելու և պատվաստելու լուրը կեղծ է․ Covid-19-ի բոլոր գոյություն ունեցող պատվաստանյութերը դեռևս թեստավորման փուլում են։ Դրանց կիրառումը հանրության շրջանում սպասվում է միայն հաջորդ տարի։ 

«Աննա Պետրոսյան» էջը արդեն երկրորդ անգամ է տեղեկատվական առիթ ստեղծում լրատվական կայքերի համար։ Սեպտեմբերի 1-ին հենց այս էջն էր հրապարակել «սեռական դաստիարակության» հերթական կեղծ դասագիրքը։ Այն ժամանակ լուրը առանց ստուգելու վերատպեցին  «168 ժամը», 7or.am-ը, mamul.am-ը, blognews.am-ը և այլն։ 

Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ «սեռական դաստիարակության» դասագրքի վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողներին։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *