2020.08.26,

Ստուգված է

«Իմ քայլը»․ բարեկամներ, վաղեմի գործընկերներ, նախկին ՀՀԿ ու ԲՀԿ անդամներ

Հայաստանում կուսակցությունները միշտ չէ, որ կազմվում են գաղափարական ընդհանրությունների վրա հիմնվելով։ Օրինակ, հուլիսին media.am-ը պարզել էր, որ ԱԺ խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը՝ 26-ից 14-ը, անձնական կամ գործնական կապերով կապված են Գագիկ Ծառուկյանի հետ։ 

Այժմ ուսումնասիրել ենք իշխող «Իմ քայլը» (այսուհետ՝ ԻՔ) խմբակցության կազմը, և պարզել որ նեպոտիզմը, հայերեն ասած՝ խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, իշխող ուժին նույնպես բնորոշ է։ 

ԻՔ շարքերում կան Նիկոլ Փաշինյանի բարեկամները և նրա ղեկավարած թերթի նախկին աշխատակիցները։ Բայց ի տարբերություն ԲՀԿ-ի քաղաքական առաջնորդի հետ անձնական կամ գործնական կապ ունի ԻՔ պատգամավորների ավելի փոքր մասը։ 

Իմ քայլի պատգամավորների կապերը

ԻՔ պատգամավորների զգալի մասը՝ շուրջ 11% (13 անձ) նախկինում կապված են եղել այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ հեղափոխությունից հետո միացել են «Իմ քայլին»։

Խնամի, ծանոթ, բարեկամ

Made with Flourish

«Իմ քայլը» դաշինքի երեք պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ազգականներն են։ Այդպես, ԻՔ պատգամավոր է Փաշինյանի եղբոր որդին՝ Սիփան Փաշինյանը, ինչպես նաև նրա կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավոր Վահե Ղալումյանը նույնպես անձնական կապ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Ղալումյանի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը, Փաշինյանի քավորն է և Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ 

Բոլոր երեքը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են։

Գործնական կապեր

Made with Flourish

Պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելի քան 20 տարի աշխատել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (այսուհետ՝ ՀԺ) թերթում, նախ՝ որպես թղթակից, ապա որպես ՀԺ-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն։ 

Նույն պաշտոնը զբաղեցրել է նաև Վահագն Հովակիմյանը, ով «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն էր մինչև 2013-ը։ Հովակիմյանը եղել է նաև ՀԺ թղթակից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։ 

Պատգամավոր է դարձել նաև «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ Հակոբ Սիմիդյանը։ 2009-2012 թթ․ նա աշխատել է ՀԺ-ում, ապա եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ Սիմիդյանը պատգամավորի օգտնական է աշխատել, բայց որ այդ պատգամավորը հենց Փաշինյանն էր, բայց է թողնված։ Այժմ նա «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։ 

Անկուսակցական պատգամավոր Վահագն Թևոսյանը նույնպես աշխատել է ՀԺ-ում։ Իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, եղել է ՀԺ-ի խմբագիրը։ Ի դեպ, այժմ Լուսինե Բարսեղյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ռեֆերենտն է (այս պաշտոնը ենթադրում է տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ)։

Գործադիրից՝ օրենսդիր

Թավշյա հեղափոխությունից հետո պետական ծառայության անցած որոշ գործիչներ մի քանի ամիս անց թողեցին պաշտոնները՝ առաջադրվելով ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հայտնի է, որ պատգամավոր դարձան մի քանի նախարարներ, բայց այս շարքում կան նաև հենց Փաշինյանի աշխատակազմի ութ աշխատակիցներ։ 

Made with Flourish

Այդպես, պատգամավոր դարձան Փաշինյանի օգնականներից Արփինե Դավոյանը և Արեն Մկրտչյանը, ինչպես նաև օգնական Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը։ Մանդատ ստացան նաև վարչապետի խորհրդականներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը։ 

Նիկոլայ Բաղդասարյանը եղել է նաև ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու։ Նա փաստաբան է և պաշտպանում էր հեղափոխության ժամանակ ձերբակալված Արարատ Միրզոյանի շահերը։ Ըստ մամուլի հրապարակումների, նույն ժամանակահատվածում նա պատրաստվում էր ստանձնել նաև Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը։

Վարչապետի առաջին մամուլի քարտուղարը՝ Արման Եղոյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը նույնպես 2019-ի հունվարին ստանձնեցին ԱԺ պատգամավորի մանդատը։ 

ԲՀԿ, ՀՀԿ և ԼՀԿ նախկին անդամները հեղափոխությունից հետո միացան «Իմ քայլին»

Չնայած որ «Իմ քայլը» հաճախ են մեղադրում քաղաքականության մեջ անփորձ լինելում, շատ պատգամավորների համար քաղաքական գործունեությունը բոլորովին նոր բան չէ՝ նրանք հասցրել են նույնիսկ կուսակցություն փոխել։   

Այսպես, ԻՔ 13 անդամ մինչև հեղափոխությունը փոխկապակցված են եղել այլ քաղաքական ուժերի հետ։ 2018-ից հետո նրանցից 5-ը դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 7-ը մնացին անկուսակցական, և միայն մեկը ԻՔ դաշինքում ներկայացրեց այլ կուսակցություն՝ «Հզոր Հայրենիք»-ը։

Made with Flourish

Ինֆոգրաֆիկայում լրացուցիչ տեղեկության համար սեղմեք օղակների վրա։

Դեռ 1990-ականներին Հովիկ Աղազարյանը խորհրդարանում «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղարն էր։ Նա եղել է նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ, սակայն այս պաշտոնը զբաղեցնելուց երկու տարի անց հեռացվել է կուսակցությունից։ 

Մեկ այլ երկարակյաց քաղաքական գործիչ՝ Հովհաննես Իգիթյանը, ՀՀՇ անդամ էր․ 2013-ին նա կողմնակիցների հետ վերագրանցել էր ՀՀՇ-ն։ Թե՛ Աղազարյանը, թե Իգիթյանը 1990-ականներին Գերագույն Խորհրդի պատգամավորներ էին։ 1995-1999 թթ. ԱԺ «Հանրապետություն» խմբակցության պատգամավոր էր նաև այժմ անկուսակցական Անդրանիկ Քոչարյանը։

ԻՔ են անցել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկու պատգամավորներ․ Հայկ Կոջոյանը և Վիկտոր Ենգիբարյանը։ Վերջինս հասցրել է լինել ոչ միայն ԼՀԿ, այլև ԲՀԿ անդամ և աշխատել է որպես Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ 

ԲՀԿ-ից հեռացել և իշխանական ուժին են հարել նաև պատգամավորներ Կարեն Համբարձումյանը։ Իսկ Արսեն Ջուլֆալակյանը ժամանակին ԲՀԿ ավագանու թեկնածու էր։ 

Կուսակցություն փոխած պատգամավերների շարքում ամենաշատը նախկին ՀՀԿ-ականներն են ու ՀՀԿ-ի հետ կապ ունեցածները։  

Սասուն Միքայելյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը եղել են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ։ Գևորգ Պապոյանը պատգամավոր չի եղել, բայց ՀՀԿ անդամ է եղել, իսկ Աննա Կարապետյանը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը։ 

Պատգամավոր է դարձել նաև Սասուն Միքայելյանի օգնականը՝ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև նրա սանիկը՝ Թագուհի Թովմասյանը։ 

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

«Իմ քայլի» գաղափարական կազմը  

Այսպիսով, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը կապված է անձամբ վարչապետ Փաշինյանի հետ բարեկամական կամ գործնական կապերով։ Մի զգալի մաս էլ այլ կուսակցությունների անդամներ են, որոնք հարել են ԻՔ-ին հեղափոխությունից հետո։ 

«Իմ քայլի» կազմը այս հոդվածում ներկայացվեց քաղաքական գործիչների միջև կապերի տեսանկյունից։ Media.am-ը ուսումնասիրել է նաև իշխող ուժի գաղափարական կազմը․ այս թեմային է նվիրված մեր նոր փոդքասթի՝ «Խորանալու թեմայի» առաջին թողարկումը։ 

Փոդքասթում քննարկել ենք, թե արդյո՞ք «Իմ քայլը» պոպուլիստ ուժ է, ի՞նչ գաղափարախոսություն ունի։ Փորձել ենք նաև հասկանալ՝ բոլոր պատգամավորները գաղափարակից են, թե՞ բաժանվում են տարբեր գաղափարական խմբերի։ 

«Խորանալու թեմա․ Արդյո՞ք Իմ քայլը պոպուլիստ ուժ է» փոդքասթը կարող եք լսել նաև այստեղ։  

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան

*Հոդվածում կատարվել է երկու փոփոխություն։ Ավելացվել է տեղեկություն պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ ԱԺ նախագահի հետ քավոր-սանիկական հարաբերություն ունենալու մասին։ Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին տեղեկությունը խմբագրվել է․ նա ոչ թե պաշտպանում էր, այլ պատրաստվում էր պաշտպանել ձերբակալված Նիկոլ Փաշինյանի շահերը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *