2020.07.22,

Ստուգված է

ՊՆ մասնատված տեղեկությունը խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների ցուցադրության մասին

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հուլիսի 21-ին մարշալ Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։ 

Ցուցադրության մասին ՊՆ տարբեր աղբյուրներ ոչ ամբողջական տեղեկություններ հաղորդեցին։ Լրատվամիջոցներից շատերը նույնպես չտրամադրեցին ամբողջական պատկերը։ Արդյունքում շատ հարթակներում տեղեկությունը տարածվեց մասնակի։

Ի՞նչ էր ցուցադրվել

Հուլիսի 21-ին Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ցուցադրվել էին երեք տեսակի նմուշ․ վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին չեզոքացված ադրբեջանական ԱԹՍ-ներ, նախկինում չեզոքացված ԱԹՍ-ներ և հրթիռներ։ 

Սակայն ՊՆ կայքում ցուցադրության մասին համապարփակ տեղեկություն չհրապարակվեց․ նշվեց միայն, որ «ներկայացվել են վերջին օրերին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքերի մնացորդները»։ ՊՆ կայքը չէր նշում, որ ցուցադրության մեջ տեղ են գտել նախկինում խոցված ԱԹՍ-ները և հրթիռները։ 

Բուն միջոցառման բացման ժամանակ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ցուցադրված նմուշներից ոչ բոլորն են վերջերս չեզոքացված ԱԹՍ-ներ։ Մասնավորապես, ThunderB և Hermes-180 տեսակի ԱԹՍ-ները չեզոքացվել էին նախկինում։

Հետագայում արդեն Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը հավելեց, որ ներկայացված են նաև Spike տիպի հեռակառավարվող հրթիռները։

Ի՞նչ գրեցին լրատվամիջոցները

Լրատվամիջոցներից ոչ բոլորն էին տարբեր աղբյուրներից օգտվելով կառուցել ամբողջական պատկերը։ 

Այդպես, Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժում չհիշատակվեց ցուցադրության մեջ առկա նախկինում չեզոքացված ԱԹՍ-ների մասին։ Նույն կերպ վարվեց նաև Armenpress-ը, որի հոդվածը վերատպեցին Medialab.am-ը և Newarmenia.am-ը

խոցված ԱԹՍ Արմենպրես

«Հին» նմուշների և հրթիռների մասին չհիշատակեցին Verelq.am-ը, Yerkir.am-ը։ Կային  լրատվականներ, որ ուղղակի վերատպեցին ՊՆ կայքի հաղորդագրությունը, որտեղ նույնպես նշված չէր ցուցադրված նմուշների մասին մանրամասն տեղեկություն։ Armnews TV-ի հաղորդավար Աբրահամ Գասպարյանն էլ հայտնեց, թե ՊՆ-ն ցույց է տվել «երրորդ բանակային կորպուսի խփած ադրբեջանական 14 անօդաչուները»։ 

Կային լրատվամիջոցներ, օրինակ՝ Armenia TV-ն, այնուամենայնիվ հաղորդեցին ամբողջական տեղեկությունը։ 

Ինչո՞ւ է սա կարևոր

Հայկական կողմը հայտնում է, որ հուլիսին չեզոքացրել կամ ոչնչացրել է 14 ադրբեջանական ԱԹՍ, ներառյալ թանկարժեք Hermes 900-ը։ Ադրբեջանական կողմը չի ընդունում այս տեղեկութունը և Հայաստանին մեղադրում է կեղծ պնդումների մեջ։ 

Հայաստանը իր հերթին չէր շտապում ցուցադրել բոլոր չեզոքացված ԱԹՍ-ները։ Այդպես, Hermes 900-ը մինչև հիմա չի ցուցադրվել։

Ինչպես և այլ դեպքերում, այնպես էլ չեզոքացված տեխնիկան ցուցադրելու հարցում ՊՆ թափանցիկության աստիճանը կարող է մեծապես պայմանավորված լինել  անվտանգության նկատառումներով։ Այնուամենայնիվ, հուլիսի 21-ի ցուցադրության վերաբերյալ ՊՆ տարածած տեղեկությունը մոլորեցնող էր․ մաս-մաս մատուցվող տեղեկությունը շատ լրատվամիջոցներ նույնպես մասնակի հաղորդեցին, արդյունքում ստեղծելով տպավորություն, թե ցուցադրությունը նվիրված էր միայն հուլիսին չեզոքացված ԱԹՍ-ներին։

ադրբեջանական ԱԹՍ Սանամյան

Թերի հաղորդակցության հետևանքները երևում են նաև սոցցանցերի քննարկումների օրինակով։ 

Արցախյան հարցի հետազոտող Էմիլ Սանամյանը՝ հիմնվելով ՊՆ խոսնակի թվիթերյան գրառման վրա, հայտնեց, թե ՊՆ-ն մոլորեցնում է, քանի որ նկարներում երևում են նախկինում խոցված ԱԹՍ-ներ, իսկ ՊՆ-ն խոսում է վերջին օրերին չեզոքացված անօդաչուների մասին։ 

Սանամյանի գրառումը տարածեցին Թվիթերի թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի օգտատերերը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *