Media.am-ը ներկայացնում է համավարակի մասին անցած շաբաթ տարածված ապատեղեկատվությունն և դավադրության տեսությունները։
Այս ընթացքում շարունակեց ակտուալ մնալ ընդդեմ դիմակների հակաքարոզչությունը։ ԱՆ Արսեն Թորոսյանի գիտակցված լոքդաունի կոչը և պատվաստանյութեր ձեռք բերելու հայտարարությունը դարձավ շահարկման, մեղադրանքների և հակաքարոզչության նյութ։ Այս գործում շարունակեցին ակտիվ մնալ բժիշկները։
Եթերում դիմակ չկրող 5-րդ ալիք և ԱրմՆյուզ հեռուստաընկերություններ ոստիկանների այցը որակվեց իբրև ճնշում լրատվամիջոցի նկատմամբ։ ԱրմՆյուզը, բացի դիմակ չկրելուց, ինչպես արտացոլված է այս ամփոփման մեջ, հարթակ է տրամադրում COVID-19-ի մասին ապակողմնորոշող բովանդակությանը։
Կենտրոն հ/ը-ն կորոնապատերազմում է
Կենտրոն հ/ը-ի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացումները հեռուստաընկերությանը մտցրեց կորոնապատերազմի լրատվական դաշտ, որտեղ նրանց զենքը դավադրության տեսություններն ու ապատեղեկատվությունն է։
Անցած շաբաթ հարցազրույցի ձևաչափով հեռուստաընկերություն հյուրընկալվեց դավադրության տեսությունների նվիրյալ Մարինա Խաչատրյանը։
3800-ից ավել դիտում ունեցող հաղորդումը վերնագրվեց՝ ««Բոլորին կոչ եմ անում հանել և ստուգել՝ արդյոք դագաղում հենց իրե՛նց հարազատն է». Մ. Խաչատրյան»։ Այս կոչը հաջորդել է հարազատներին կորոնավիրուսով մահացած սխալ անձի դի տալու պատմությանը։
Այս դրվագում Խաչատրյանը հասցրեց իշխանությանը կասկածել մարդու օրգանների մաքսանենգության մեջ՝ ծխախոտի, զենքի Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքների օրինակով (տեսանյութում 18։42 րոպեից)։
Դիմակներ կրելը բոյկոտող և բոյկոտելու կոչ անող Մարինա Խաչատրյանը հաղորդման ընթացքում այդ նույն դիմակներին վերագրեց գրեթե գերբանական կարողություններ։
«Դիմակները հակացուցված են վարորդներին, ովքեր կարող են ունենալ ուշադրության կենտրոնացման խանգարում և վթարի/ վրաերթի դեպքերն ավելանան», – ասաց նա։ Բնականաբար, ասածը փաստելու համար բերեց Արսեն Թորոսյանի կատարած վրաերթի օրինակը՝ չբացառելու մակարդակով այն կապելով դիմակի հետ։
Խաչատրյանը նաև պնդեց, որ կորոնավիրուսակիրների թվերը նկարված են և արտակարգ դրությունը երկարաձգվում է դրսից իջեցված քաղաքական պատվերով, որի նպատակը պատվաստանյութն է։
Հիվանդանոցի տնօրենը ԱՀԿ-ի հերքած միֆերն է շրջանառում
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ԱրմՆյուզի «Օրախնդիր» հաղորդման տաղավարում որպես COVID-19-ի դեմ պայքարի միջոց առաջարկեց մի քանի տարբերակ։ Նրա նշած միջոցները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դասել է միֆերի շարքում։
❌ «Մենք էսօր վիրուս մեր բնակարաններ/ տներ ներս ենք բերում մեր կոշիկների միջոցով», – ասաց Արմեն Չարչյանը։ Բացատրեց, որ վիրուսը ծանր է, մնում է մայթերի վրա, վերելակներում և շքամտուքերում։ ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ կոշիկների միջոցով վիրուսի տարածման հավանականությունը քիչ է։
❌ Չարչյանը առաջարկեց որպես պրոֆիլակտիկ միջոց կես ժամը մեկ անգամ մեկ սուրճի բաժակ տաք ջուր խմել։ «Դա բոլոր դեպքերում կարելի է ասել ախտահանում է», – բացատրեց նա։ Ապա, ի պատասխան լրագրողի հարցի, ասաց․ «Տնական օղին նույնպես շատ օգտակար է»։
Ի հակառակ այս պնդումների, ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ ջուր խմելը կարևոր է առողջության համար, բայց այն չի կանխում կորոնավիրուսով վարակվելը, ինչպես ալկոհոլը չի կանխարգելում, ավելին, այն կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։
Դիմակները բերանները փակելու համար է
Բժիշկ Նունե Ներսիսյանը «Հայելի» մամուլի ակումբում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ «Սա սպիտակ սպանդ է, սպիտակ եղեռն։ Մարդը (նկատի ունի Արսեն Թորոսյանին) սպանդ է կազմակերպել մեր ազգի գլխին»։ Ի պատասխան նախարարի գիտակցված լոքդաունի կոչի, Ներսիսյանը կոչ արեց ապրել բնականոն կյանքով։
Դրանից օրեր անց՝ հուլիսի 2-ին նա հյուրընկալվեց ԱրմՆյուզ հ/ը-ի «Հայելու առաջ» հաղորդման տաղավար։ Այստեղ Ներսիսյանը պնդեց, թե դիմակները մարդկանց բերանը փակելու համար է, իսկ իշխանությունն այս ընթացքը օգտագործել են «իրենց ուզած օրենքներն ընդունելու համար»։
Թե՛ հարցազրուցավար Անժելա Թովմասյանը, թե՛ Նունե Ներսիսյանը կեղծ լուր տարածեցին, իբրև վերջինիս նկատմամբ գործ է հարուցված՝ դիմակների դեմ արված իր հայտարարությունների համար։
Իրականում, ԱՆ Արսեն Թորոսյանի կողմից հարուցած գործը վերաբերում է Ներսիսյանի ապրիլի 25-ին արված գրառմանը։ Դրանում վերջինս պնդել էր, թե դիահերձարաններում հարազատներին գումար են առաջարկում մահվան պատճառը կորոնավիրուս գրանցելու համար, և Թորոսյանը ազգին խաբելով գումար է աշխատում։
Օդում կախված բովանդակություն շրջանառելու պատճառով հարուցված գործը չխանգարեց Ներսիսյանին այս հաղորդման ընթացքում նորից դիմել օդում կախված լուրերի օգնությանը։ Նա պնդեց, թե կորոնավիրուսով հիվանդներին պառկեցնում են Թորոսյանի մտերիմների հիվանդանոցներում, քիչ գումար են ծախսում հիվանդի վրա, փոխարենը պետպատվերով դուրս են գրում մոտ 700․000 դրամ ու «չգիտեմ ուր են գնում էդ գումարները»։
Նոր աշխարհակարգի քարտեզը
Բժիշկ Հայկ Մանասյանը հուլիսի 3-ի իր գրառմամաբ տեղեկացրեց, որ «գցել-բռնել» է ու հասկացել, թե «նոր աշխարհակարգի քարտեզն է հենց հիմա գծագրվում», որտեղ Հայաստանն ու Թուրքիան նույն ճամբարում են լինելու։ Դրա բանակցությունները ներկայում ընթանում են, ինչին կարող են խանգարել տարբեր ներքին խռովարարներ:
«Իրավիճակը բացարձակ վերահսկելու համար պետք է արտակարգ ռեժիմ, միտինգների արգելք և այլն: Իսկ դրա համար պետք է ուռճացված համաճարակային տվյալներ, որը հիմք կտա արտակարգ իրավիճակը ևս մի քանի ամիս երկարաձգելու», – գրեց նա:
Մանասյանը նաև պնդեց, որ համոզիչ լինելու համար է կազմակերպվել «փողոցային անհիմն դիմակահանդեսը, իսկ շեղելու համար ներմուծվում է չեղած պատվաստանյութի թեման»: Սակայն, թե ինչ նոր աշխարհակարգ է, ինչ նպատակով և ինչ ճամբար է՝ Մանասյանը չբացատրեց։
Պատվաստանյութը․ ինչ նպատակով, ումից և ում համար
Անցնող շաբաթ մեծ աղմուկ բարձրացրեց ԱՆ Արսեն Թորոսյանին հայտարարությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման բանակցությունների մասով։ Արդյունքում, առավել ուժեղացավ ընդդեմ պատվաստանյութերի հակաքարոզչությունը, թիրախավորվեց Նուբար Աֆեյանի «Մոդեռնա» ընկերությունը։
? «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութերը մահաբեր համարող Մարինա Խաչատրյանը հուլիսի 29-ից նախաձեռնեց առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ հարկադիր պատվաստումների։
? Պատմաբան, COVID-19-ի մասին դավադրության տեսություններ շրջանառող Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով առաջարկեց ստեղծել համաժողովրդական ճակատ՝ ընդդեմ պատվաստման։ «Եթե մենք այդ խնդրին ճիշտ պատասխան չտանք, չմերժենք, հետևանքները լինելու են աղետալի», – ասաց նա և կառավարությանը մեղադրեց Հայաստանի ժողովրդի առողջությանը ցեղասպանական հարված հասցնելու մեջ։
? Ընդդեմ պատվաստանյութի գրառում կատարեց այս տարվա գարնանը բացված և Ռուսաստանից կառավարվող «Կորոնովիրուս = դարի աֆերա» էջը։ Թորոսյանի խոսքից, որ մի քանի վակցինաներ են լինելու աշխարհում, էջը ենթադրեց, թե «ոսկե միլիարդի» և սովորական մահկանացուների համար են դրանք տարբեր լինելու, որը մեզ մի քանի տարվա մեջ սպանելու է։
? Նույն թեմայով 2018-ի արտահերթ ընտրություններին վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Լուսինե Հարոյան-Դալլաքյանը գրեց, թե «Մոդեռնա»-ի արտադրած պատվաստանյութը մահացու է․ «Եվ հենց այդ ՄԱՀՆ են բերում Հայաստան արսեն թորոսյանը և նիկոլ փաշինյանը»։
Մեկ այլ գրառմամբ նա պնդեց․ «Նույն նուբար աֆեյանը և նրա գործընկեր ռուբեն վարդանյանը բաժնետեր են Ամուլսարի հանքարդյունաբերության մեջ. այսինքն ունեն շահույթ և խիստ շահագրգռված են և ամեն ինչ անելու են` Հայաստանը էկոլոգիական աղետի հասցնելու, որպես հետևանք ողջ Հայաստանը անապատ դարձելու և բնակչությանը ծանր ու անդառնալի առողջական վնասների և մահվան հասցնելու մեջ»:
Դալլաքյանից արված մեջբերումները պահպանված են նույն ուղղագրությամբ։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: