2020.05.20,

Ստուգված է

Հայաստանից մաքսանենգ ծխախոտի մասին լուրի աղբյուրները

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Մայիսի 18-ին EADaily.com կայքը գրեց, որ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում գտել են Հայաստանից մաքսանենգ ծխախոտի ևս մեկ բեռ։ Լուրը հրապարակվելուց մի քանի ժամ անց այն տարածեցին հայկական կայքերը: Երեկոյան արդեն թեմային անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ անելով մի շարք սխալ պնդումներ։

Media.am-ը ուսումնասիրել է, թե ինչպես լուրը տարածվեց հայկական մամուլում։

EADaily.com կայքը հայտնեց մաքսանենգ ծխախոտի երկրորդ բեռի մասին

Ապրիլի վերջին մամուլը գրեց, թե Հայաստանից Ռուսաստան մաքսանենգ ծխախոտ է արտահանվում, և դրան մասնակից է Աննա Հակոբյանի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը (ինչը սխալ է)։ Հրապարակումներից մի քանի շաբաթ անց՝ մայիսի 18-ին ռուսական EADaily.com կայքը հայտնեց, որ Վորոնեժի օդանավակայանում գտել են հայկական մաքսանենգ ծխախոտի երկրորդ բեռը։

EADaily-ի հոդվածում հղում էր արվում սեփական աղբյուրներին։ Կայքը գրում էր, որ մի քանի տասնյակ տոննա մաքսանենգ ծխախոտը տրանսպորտային ոստիկաններն են գտել ու ուղարկել փորձաքննության։ Ավելին՝ օդանավակայանի մոտ իբր սպասում էին մի քանի բեռնատարներ, որոնք ծխախոտը պետք է տեղափոխեին Ստավրոպոլ։

Իր ներկայացրած տեղեկությունը կայքը անվանում էր «հաստատված»։ Սակայն բացի սեփական աղբյուրներից, որևէ այլ ապացույց չի բերվում։

Նյութի հրապարակումից քիչ անց այն սկսեցին նույնությամբ թարգմանել հայկական լրատվականները։ Մայիսի 18-ին EADaily-ի հոդվածը առանց ստուգելու թարգմանեց կամ վերաշարադրեց 16 լրատվամիջոց։

EADaily-ին ռուսական քարոզչական կայք է

EADaily-ի բովանդակությունը մեծապես համընկնում է արտաքին քաղաքականության բնագավառում Ռուսաստանի դիրքորոշումների հետ։ Կայքը բազմիցս ապատեղեկատվություն է տարածել Ռուսաստանի հարևանների մասին։

Այդպես, EADaily-ին հորինել էր, որ Ղրիմի թաթարների II համաշխարհային կոնգրեսին եկել էին «ջիհադիստներ»։ Բելառուսում էլ EADaily-ի և Regnum-ի թղթակիցներին նույնիսկ ձերբակալել են ազգային կամ սոցիալական թշնամանք հրահրելու կասկածանքով։

Այս կայքում 2017-ին Ուկրաինայի մասին հրապարակված մի կեղծ տեղեկություն թափանցել էր հայկական մամուլ և հերքվել «Փաստերի ստուգման հարթակի» կողմից։

Կայքը գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում է հայաստանյան իրադարձությունները։ Սակայն դրա հրապարակումները հաճախ են համեմված քարոզչական թեզերով ու հռետորաբանությամբ։ Այդպես, օրինակ, մայիսի 12-ին կայքը տարածել էր ռուսական կառավարության կողմից հաճախ կրկնվող դավադրության տեսությունը Հայաստանում գործող ՀՎԿ ազգային կենտրոնի մասին։

Իսկ մի քանի օր առաջ EADaily-ին թարգմանել էր հայկական «Իրատես»-ի հոդվածը, որտեղ հայտարարվում էր, որ մայիսի 9-ին Փաշինյանը չարժանացավ Պուտինի հետ զրուցելու պատվին և որ «Պուտինը այլևս Փաշինյանի համար անհասանելի է»։

EADaily-ի սեփականատերերից մեկը հայ է

ՌԴ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ EADaily լրատվական կայքի հիմնադիրներից մեկը Վիգեն Հակոբյանն է։ Նրան է պատկանում ընկերության 38%-ը։ Հակոբյանը ծնվել է Երևանում, Ռուսաստանում աշխատել է Regnum լրատվական գործակալությունում որպես գլխավոր խմբագիր։ Մինչ այդ նա եղել է Հայաստանում Regnum-ի թղթակիցը։ Գլխավոր խմբագրի պաշտոնը նա թողել է 2014-ին։

Վիգեն Հակոբյանը։ Լուսանկարը՝ Վիգեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հակոբյանը հաճախ է կրկնում ՌԴ կառավարության քարոզչական թեզերը՝ անելով սխալ կամ մոլորեցնող պնդումներ։ Հակոբյանին արգելված է մուտքը Ուկրաինա։

Regnum-ից հեռանալիս Հակոբյանը հայտարարել էր, թե կայքի Կրեմլին մոտ կանգնած նոր ղեկավարությունը խառնվում էր խմբագրության աշխատանքին։ Lragir.am-ը, սակայն, Հակոբյանին այդ ժամանակ հիշեցնում էր, որ նա ինքն էլ է շահարկել «արեւմուտքի պատվեր կատարողների» մասին ռուսական քարոզչական թեզը։

EADaily-ի մյուս 62% բաժնեմասը պատկանում է Regnum-ի մեկ այլ նախկին աշխատակցի՝ Բորիս Սորկինին։

Հայաստանում EADaily-ին ունի առնվազն երեք թղթակից` Արշալույս Մղդեսյանը, Հայկ Խալաթյանը և Լիա Խոջոյանը (վերջինիս անունով ամենաթարմ հրապարակումը EADaily-ում արվել է մի քանի ամիս առաջ՝ փետրվարին)։

Բոլոր երեք լրագրողները թղթակցում են նաև Verelq.am կայքին։ Արշալույս Մղդեսյանը աշխատում է նաև Civilnet-ում, իսկ նախկինում թղթակցել է Regnum-ին։ Հայկ Խալաթյանը Dalma News-ի խմբագիրն է։

Միքայել Մինասյանը կրկնեց ու լրացրեց EADaily-ի տվյալները

EADaily-ի հոդվածի հրապարակման նույն օրը մաքսանենգ ծխախոտի երկրորդ բեռի թեմային անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

Նա հայտնեց նույնը, ինչ EADaily-ին, բայց ավելացրեց ուշագրավ մանրամասներ՝ իբր, Փաշինյանն ինքն է ներգրավված մաքսանենգ ծխախոտի վաճառքի մեջ ու հետքերը վերացնելու համար Վորոնեժի թռիչքի մասին տեղեկությունը հայկական ռեգիստրերից մաքրել էր տվել։

«Փաստերի ստուգման հարթակը» արդեն պարզել է, որ Մինասյանը սխալվում է՝ ոչ ոք թռիչքի մասին տվյալները չի ջնջել։ Կայքը ընդհանուր առմամբ չորս կեղծ պնդում է գտել Մինասյանի հայտարարության մեջ։

Ինչպես և նախորդ դեպքում, Մինասյանի պնդումները նույնությամբ վերատպվեցին մամուլում։ Նրա հայտարարությունը մայիսի 18-ին տարածեցին 24 կայքեր։ Դրանցից միայն Infoport.am-ն էր հիշատակել տեղեկությունը ավելի վաղ հայտնած EADaily-ին։

10 կայքեր՝ 7or.am-ը, Aravot.am-ը, Blognews.am-ը, Lurer.com-ը, Mamul.am-ը, News.am-ը, Panorama.am-ը, Tert.am-ը, Times.am-ը, Voskanapat.info-ն առանձին-առանձին հրապարակել էին թե՛ EADaily-ի, թե՛ Մինասյանի պնդումները։

Ռուսական մամուլում լուրը լայն շրջանառություն չստացավ։ Բացի EADaily-ից թեմային մայիսի 19-ին անդրադարձավ պրոկրեմլական քաղաքական փորձագետ Սերգեյ Կուրղինյանի հիմնադրած rossaprimavera.ru կայքը։ Rossaprimavera-ին հղում տալով լուրը տարածեց նաև rustabak.ru-ն։

Նորությունը հրապարակեցին մի քանի ադրբեջանական կայքեր՝ vzglyad.az-ը, news.day.az-ը, kaspiy.az-ը և այլն։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *