2020.04.16,

Ստուգված է

Ապրիլի 1-15-ը կեղծ ու հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Ապրիլին կեղծ լուրերի գլխավոր հերոսը նորից կորոնավիրուսն էր, սակայն լայն տարածվեցին նաև սխալ պնդումները Քաղավիացիայի կոմիտեի և դրա խնդիրների մասին։

Քաղավիացիայի կոմիտեի շուրջ սկանդալը ուղեկցվեց սխալ պնդումներով

Ապրիլի 3-ին 168․am-ը գրեց, թե «Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին»։

Լուրը սխալներ էր պարունակում և հենց նույն հոդվածում ասվում էր, որ ՔԱԿ-ը լիցենզիայից չի զրկվել (միջազգային կազմակերպությունները չեն կարող լիցենզավորել կամ լիցենզիայից զրկել ՔԱԿ-ը)։ Չնայած դրան, այս հրապարակումը սկիզբ դրեց ՔԱԿ-ի շուրջ օրեր շարունակ ծավալվող սկանդալին։

168․am-ի պնդումները կրկնեցին ծայրահեղ պահպանողական ակտիվիստները և ֆեյսբուքյան ծպտյալ օգտատերերը, որոնց գրառումները վերատպեցին Yerevan.Today-ը, Hayeli.am-ը, Analitik.am-ը:

ՔԱԿ-ը պաշտոնական պարզաբանում հրապարակեց միայն հաջորդ օրը։ Պարզվեց, որ Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը (EASA) լուրջ թերություններ է գտել Հայաստանի ՔԱԿ գործունեության մեջ և հայկական որոշ ավիաընկերությունների զրկել է Եվրոպա թռչելու թույլտվությունից։

Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ վարչապետի ավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը զրկվել է պաշտոնից։ Ճաղարյանը առաջարկել էր վարչապետին ՔԱԿ-ում ներգրավել «իրական մասնագետների թիմի»։ ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանն էլ ասաց, որ ՔԱԿ-ում իսկապես առկա են լուրջ խնդիրներ և դրանց լուծման համար ժամանակ կպահանջվի։

Ադրբեջանից կորոնավիրուսի մասին հայերենով ապատեղեկատվություն է տարածվում

Ամերիկյան Atlantic Council’s Digital Forensic Research Lab (DFRLab) հետազոտական նախաձեռնությունը գրեց համավարակի օրերին հայկական ֆեյսբուքյան խմբերում Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվության մասին։

Կայքը պատմում է, որ հայկական զորամասում վիրուսի առկայության մասին ֆեյսբուքյան մի գրառումը տարածվեց տարբեր օգտատերերի, այդ թվում՝ երգիչ Արմեն Մովսիսյանը անունից։ Մովսիսյանը հայտնեց, որ իր էջը հաքերները կոտրել են, իսկ DFRLab-ը նշեց, որ էջը կառավարվում էր Ադրբեջանից։ Հետագայում էջը հեռացվել էր։

Ադրբեջանից տարածվող հայալեզու ապատեղեկատվության մասին գրել էր նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ռուսաստանյան կայքերը նորից տարածեցին հայկական լաբորատորիաների մասին կեղծ տեղեկություն

Ապրիլի 8-ին ռուսական «Московский комсомолец» թերթը կեղծ տեղեկություն տարածեց Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ենթակայության տակ գտնվող լաբորատորիաների մասին։

Թերթը պնդեց, թե «Պենտագոնի փողերով ստեղծված» լաբորատերիաները կորոնավիրուսի տարածման աղբյուրն են, և այնտեղ ամերիկացի վարակաբանները այնպիսի փորձարկումներ են անում, որոնք արգելված են ԱՄՆ-ում։

Հայաստանում գործող այս լաբորատորիաների մասին ռուսական կայքերում բազմիցս տարածվել է ապատեղեկատվություն։ Կորոնավիրուսի հետ կապված պնդումները «Московский комсомолец» թերթը առաջինը չէր հրապարակել․ դեռ մարտին դրանք տարածել էր Cont.ws-ը, որը լրատվական կայք չէ։

Ի դեպ, Infocheck.am-ը նշում է, որ Հայաստանում գործող լաբորատորիաները աջակցություն են ստացել նաև Ռուսաստանից։

Հարվարդի համալսարանի դասախոսը չի ստեղծել կորոնավիրուսը

Ապրիլի 6-ին armdaily.am կայքը գրեց, որ «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը»։ Հոդվածում ասվում էր, որ Հարվարդի համալսարանի մի դասախոս ստեղծել էր նոր կորոնավիրուսը և այն վաճառել Չինաստանին։ Հոդվածին կցված էր նաև տեսանյութ, սակայն դրանում  կորոնավիրուսի մասին խոսք չկար։

Հարվարդի համալսարանի դասախոսը իսկապես ձերբակալվել էր, բայց դեռ երկու ամիս առաջ և բոլորովին ուրիշ մեղադրանքով։ Նա ԱՄՆ պաշտպանության նախարարությունից և Առողջապահության ազգային ինստիտուտից 15 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ է ստացել։ Սակայն միաժամանակ 1.5 միլիոն դոլար էր ստացել նաև Չինաստանից՝ Ուհան քաղաքում լաբորատորիա ստեղծելու համար, ինչը թաքցրել էր ԱՄՆ կառավարությունից, չնայած որ առկա էր շահերի բախում։

Կեղծ լուրը լայն տարածվեց թե՛ միջազգային, թե՛ հայկական կայքերում ու սոցցանցերում։ Լուրը վերատպեց «Իրավունք» թերթը, yn.am-ը և այլ լրատվականներ։ Սխալ տեղեկությունը վերատպեցին նաև սունկ կայքերը։

Armdaily.am-ը հրապարակեց հերքում և սկզբնական հոդվածում ավելացրեց տեղեկության կեղծ լինելու մասին նշում։ Լրատվականի փոխտնօրեն Ինգա Մարտինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց տեղեկության կեղծ լինելու մասին․ «Ցավում ենք, որ այս կեղծ լուրը հրապարակվել է նաեւ մեր կայքում»։

Պատվաստումների մասին միֆերը նոր թափ հավաքեցին

Ապրիլին մամուլում ու սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում էին նոր կորոնավիրուսի սպասվող պատվաստման մասին միֆեր ու դավադրության տեսություններ։

Հատկապես լայն տարածվեցին պնդումները, թե կորոնավիրուսը ստեղծել է միլիարդատեր Բիլ Գեյթսը՝ մարդկանց վախեցնելու և պատվաստումները պարտադիր դարձնելու համար։ Մեկ այլ տարածված պատում մարդանց «չիպավորելու» մասին էր․ թե իբր պատվաստումների միջոցով «հեղուկ չիպ» են ներարկելու և դրա միջոցով հետևելու են մարդկանց։

Մեկ այլ միֆ տարածեց գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ պնդելով, թե գրիպի դեմ պատվաստվածները ավելի խոցելի են կորոնավիրուսի առջև։

Հակապատվաստումային ակտիվիզմի վտանգների մասին ապրիլի 5-ին գրառում արեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

5G տեխնոլոգիան չի նպաստում կորոնավիրուսի տարածմանը․ այն կարող է ապահովել միայն գերարագ ինտերնետ

Կորոնավիրուսի մասին դավադրության տեսությունները պատվաստումների մասին միֆերով չէին սահմանափակվում։ Օրինակ, շրջանառվեցին պնդումներ, թե կորոնավիրուսը տարածվում է 5G համակարգի միջոցով։  5G-ն հեռահաղորդակցության տեխնոլոգիա է, որը կարող է ապահովել զգալիորեն ավելի արագ ինտերնետ կապ։ Այն նոր է ներդրվում աշխարհի տարբեր երկրներում, և դրա շուրջ տարածվում են տարբեր դավադրության տեսություններ։

Մասնավորապես ասվում է, որ 5G-ն կամ առաջացնում է Covid-19, կամ թուլացնում է մարդու իմունիտետը և մեծացնում հիվանդանալու հավանականությունը։

5G-ի մասին դավադրության տեսություններ տարածել էր նաև ՏՏ փորձագետ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Իսկ ֆեյսբուքյան օգտատերերը նույնիսկ սպառնում էին կոտրել 5G ալեհավաքները, երբ դրանք հայտնվեն Հայաստանում։

5G տեխնոլոգիան չի տարածում մարդու առողջության համար վնասակար ճառագայթում, իսկ ռադիոալիքները չեն կարող վիրուս տարածել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մատնանշում է, որ կորոնավիրուսը տարածվում է նաև այն երկրներում, որտեղ չկա 5G (օրինակ՝ Հայաստանում)։

Կորոնավիրուսի դեղը դեռ չի գտնվել

Ապրիլի 11-ին լրատվամիջոցները գրեցին, թե վերջապես գտնվել է կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը։ Կայքերը մեջբերում էին Ռուսաստանի նախկին Առողջապահության նախարար և Բժշկակենսաբանական դաշնային գործակալության ներկայիս ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի խոսքերը այն մասին, որ «Մեֆլոխին» դեղամիջոցը «ամբողջությամբ արգելափակում է SARS-CoV-2 վիրուսի ցիտոպատրիկ զարգացումը»։

Լուրը տարածեցին hraparak.am-ը, Irakanum.am-ը, armday.am-ը և այլ կայքեր։

Սակայն կորոնավիրուսի դեմ ամենից արդյունավետ դեղամիջոց գտնելու մասին պնդումը սխալ է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մինչև հիմա նոր կորոնավիրուսը բուժող որևէ կոնկրետ դեղամիջոց չկա։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *