Գոռ Մադոյան
Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս
Լուսանկարը՝ Հանրային հեռուստատեսության էջից

Դիմակացերծված սպայդերմեն, նեղացած ու հեռացած Հայկ Մարության, բլոկնոտը Էդմոն Մարուքյանի «քիթը խոթող» Նիկոլ Փաշինյան, Պուտինին պատասխանատվության կանչող Արամ Սարգսյան-Արման Բաբաջանյան-Լևոն Շիրինյան եռապետություն։ Երեք օր, 12 ժամ ՀՀ քաղաքացիները էկրաններից հետևում էին Հայաստանի ամենակարևոր նախընտրական բանավեճերին, 18 կուսակցություն և դաշինք մրցում էին հեռուստադիտողների ուշադրության ու բարեհաճության համար։

Առանցքայինն իհարկե երրորդ ու գլխավոր բանավեճն էր՝ կուսակցությունների առաջին համարների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Քվե և տեսարաններ, այսպես կարելի է բնութագրել նախընտրական բանավեճերը հանրային հեռուստաընկերության եթերում։ Միայն հանրայինի յութուբյան ալիքում երեք նախընտրական բանավեճերը միասին դիտվել է շուրջ 400.000 մարդու կողմից։ Եթե դրան էլ գումարենք հեռուստատեսային հեռարձակման մոտավոր տվյալները, նաև ռիզլերի տեսքով տարածումները ապա վստահորեն կարելի է պնդել որ նախընտրական բանավեճերը հասել են գրեթե բոլոր ընտրողներին։

Իսկ ընտրողներն, ըստ ԿԸՀ-ի, կազմում են 2.473.445 քաղաքացի, որի շուրջ 1/3֊ը՝ 840.448 ընտրող միայն Երևան քաղաքում։ Կարևոր են իհարկե նաև նախընտրական հարցումների տվյալները, օրինակ ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման․ Փաշինյանն ունի մոտ 30% աջակցություն, բայց նրանց վարած քաղաքականությանը կողմ է մոտ 60%+ հարցված։ Ըստ CRRCի ու EVN-ի հարցումների` ՔՊ ունի համապատասխանաբար 24% և 36%: Ըստ հարցումների՝ ՔՊ-վարկանիշով գերազանցում է հիմնական ընդդիմադիրներին՝ «Ուժեղ Հայաստան»-ին, «Հայաստան» դաշինքին ու «Բարգավաճ Հայաստան»-ին։

Ահա այսպիսի հանրային կարծիքի հարցումների ֆոնին էին ուժերը մոտեցել քաղաքական ամենակարևոր բանավեճին։ Եթե հանրայինի նախորդ բանավեճը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, նմանվել էր վերջինիս ասուլիսի` երբ ընդդիմադիրները նրան հարցեր ու մեղադրանքներ էին ուղղում արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, ապա Փաշինյանի մասնակցությամբ բանավեճն իսկական փոխհրաձգություն էր՝ ոչ միայն ընդդիմությունն ընդդեմ իշխանության ուղղությամբ, այլև հենց իրար մեջ՝ ընդդիմադիրների ու պրոիշխանական լոյալիստների միջև։

Հաղորդավարներն, ի պատիվ իրենց, հավասարապես ժամանակ ու հնարավորություն էին տալիս բոլորին, ցանկացած քաղաքական ուժ կարողանում էր իր ասելիքն ու ծրագիրը հասցնել դիտողին։ Եթերաժամանակի բաշխումից ոչ մեկ դժգոհ չէր և հավասար հնարավորություններ էին պահպանվել բոլոր ուժերի համար։

Բանավեճի առանցքային թեմաներն էին խաղաղության հաստատման հեռանկարը, ապաշրջափակումը, սահմանազատումը, ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԵՄ հարաբերություններ, 44-օրյա պատերազմի պարտության, Արցախի կորստի, ԵԱՀՄ Մինսկի խմբի դերակատարության, Սահմանադրության փոփոխության, Ադրբեջանի պահանջների ու «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի («300.000 ադրբեջանցիների»), արտաքին ուժերի կողմից ընտրությունների միջամտության, ավանդական դարձած «նախկինների պատժի» հարցերը։ Ինչքան էլ տարօրինակ թվար, բայց նախորդ բանավեճի պես հարցերի հիմնական հասցեատերը ոչ միայն Փաշինյանն էր (որը տրամաբանական կլիներ), այլև հիմնական ընդդիմադիրներից մեկը՝ «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանը հատկապես հարցերի տարափի տակ էր, քանի որ մյուս երկու հիմնական ընդդիմադիր ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հրաժարվել էին մասնակցել բանավեճին։ Եվ եթե ընդդիմադիրների մի մասն իրենց հարց-մեղադրանքներն ուղղում էին Փաշինյանին, ապա մյուս՝ ավելի պրոիշխանական խոսույթի կրողների հարցաթիրախում Կարապետյանն էր։ Զուգահեռաբար, Արման Թաթոյանն ու Լևոն Զուրաբյանն էլ իրենց հարցերով սահուն անցումներ էին կազմակերպում Նարեկ Կարապետյանի համար։

Բանավեճից տպավորություն էր, որ այն ոչ թե առանձին կուսակցությունների, այլ, ավելի շատ, ճամբարային մարտեր էր։ Հակափաշինյանական ընդդիմությունը նրան մեղադրում էր «տարածքները հանձնելու», «միջանցք տալու», «Մինսկի խմբին» դուրս մղելու ու խաղաղությունը պատերազմի վերածելու համար։ Պրոփաշինյանական ընդդիմությունը Նարեկ Կարապետյանին ու Արման Թաթոյանին մեղադրում էին ռուսական նախագիծ ու Պուտինի կամակատար լինելու մեջ և որ ամենակարևորն է, թե ո՞ւմ է տալու իր ձայները Թաթոյանը, եթե անցնի խորհրդարան ու թե ի՞նչ է անելու «Ուժեղ Հայաստանն» հետընտրական շրջանում՝ արդյո՞ք ճանաչելու է ընտրությունների արդյունքները, թե՞ թողնելու է մանդատներն ու դուրս գա փողոց հետընտրական պայքարի։

Իրենց չեզոքությամբ աչքի էին ընկնում «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը, «Բոլորին Դեմ Եմ»-ից Սպարտակ Կյուրեղյանն ու «Ժողովրդավարական համախմբում»-ից Սուրեն Պետրոսյանը, որոնք առավելագույնս դիրքավորվում էին «կլասիկ» քաղաքական գործչի կերպարում ու աշխատում էին չխառնվել գլխավոր ուժերի բանավեճին։

Բանավեճի արդյունքն այդքան էլ ակնհայտ չէ։ Մի կողմից բոլոր քաղաքական ուժերը վերահաստատեցին իրենց դիրքավորումները. խոշորները կպահեն իրենց էլեկտորատը և դժվար թե նոր քվեարկողներ ձեռք բերեն բանավեճի արդյունքներով։ Փոքրերի հարցն ավելի հետաքրքրական է՝ բանավեճերը ցույց տվեցին որ անկախ ֆինանսատեղեկատվական ռեսուրսներից, իրենք էլ ասելիք ունեն և կարող են ավելի հավասարակշիռ դիրքորոշում ակնկալողների ձայնը դառնալ։

Առնվազն եղած հարցումներով ՔՊ գերազանցում է իր մրցակիցների 3-4 անգամ։ Այս տվյալներն ու հարաբերակցությունը գործուն է 50-60% չպատասխանողների, ու ցածր, առնվազն 50% չմասնակցության ֆոնին (նախորդ ընտրությունները ցույց տվին որ ՔՊ կարող է ընդհանուր ընտրողների 25-30% քվեով բացարձակ մեծամասնություն ստանալ ԱԺ-ում)։

Ի վերջո, եթե բարձր մասնակցություն լինի, ապա այդ հարաբերակցություն կարող է փոխվել ու ՔՊ գերակայությունը այդքան ակնհայտ չի լինի։ Այդ պատճառով էլ ընդդիմադիրները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին, մանավանդ որ ընդդիմադիրներից միայն Քոչարյանն ու Ծառուկյանը բարձր հակառեյտինգ ունեն, իսկ Կարապետյանները, Թաթոյանը կամ մյուսները՝ ոչ։