2020.04.08,

Ստուգված է

Գաղտնի չիպերից մինչև տոտալիտար աշխարհակարգ․ ինչի՞ց են վախենում անտիվաքսերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

COVID-19 համավարակը շարունակում է տարածվել Հայատանում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հիշեցրեց, որ այսպիսին է լինում աշխարհը, երբ չկա վարակիչ հիվանդության դեմ պատվաստում։

Թորոսյանի գրառումը հատկապես ուղղված էր պատվաստումներին դեմ արտահայտվող մարդկանց՝ անտիվաքսերին։ Media.am-ը ուսումնասիրեց, թե ինչ են քննարկվում Ֆեյսբուքում իմունիզացիային դեմ խմբերն ու օգտատերերը՝ քանի դեռ աշխարհը սպասում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին։

Պատվաստումների օգնությամբ վերջապես կստեղծվի «նոր աշխարհակարգ»

Արդեն երկար տարիներ տարբեր երկրներում տարածված է, այսպես կոչված, «Նոր աշխարհակարգ» դավադրության տեսությունը: Ըստ դրա, մի խումբ չար և զորեղ մարդիկ դավադրություն են հյուսում երկրագնդի վրա նոր՝ տոտալիտար իշխանություն հաստատելու և մարդկանց կյանքերը կառավարելու համար։ Այս տեսության մեջ կան տարբեր պատումներ՝ մասոնների, իլյումինատների, հրեաների, Սորոսի և այլոց կողմից կազմակերպած դավադրությունների մասին։

Կախված տեղի ունեցող իրադարձություններից այս պատումները կարող են ձևափոխվել՝ պահպանելով հիմնական կառուցվածքը։ Այդպես, ընթացիկ համավարակի ժամանակ այդ պատումների մեջ տեղ է գտնում նոր կորոնավիրուսը։

Կորոնավիրուսը ներկայացվում է որպես աշխարհում գլոբալիզմի ջատագով զորեղների կողմից ստեղծված զենք, որի վտանգը ուռճացված է, իսկ նպատակն է վախեցնել աշխարհի բնակչությանը և այդ հողի վրա պատվաստումները պարտադիր դարձնել։

«Կորոնավիրուսի տարածումը վերահսկվում է այն ստեղծողների (համաշխարհային ստվերային կառավարության) կողմից և նրանց նպատակը […] Մարդկանց վախը կուլմինացիայի հասցնելով հայտարարեն պատվաստանյութի ստեղծման մասին և պարտադրեն բոլոր երկրներին պատվաստել իրենց բնակիչներին …», գրում է «Պայքար համասեռամոլության և պղծությունների դեմ» ֆեյսբուքյան խմբի անդամը։ Այս խումբը ունի 3,370 անդամ, և դրա ադմիններից է Livenews.am կայքի լրագրող Արթուր Հովհաննիսյանը։ 

Պարտադիր պատվաստման նպատակը համարվում է բոլորին գաղտնի «չիպ» ներարկելը (օրինակ, «հեղուկ չիպի» տեսքով), որը թույլ կտա հեշտությամբ կառավարել բնակչությանը։

Երբեմն այս պատումը ձեռք է բերում նաև կրոնական մանրամասներ. «չիպը» ներարկվում է պատվաստումների տեսքով, որպեսզի փոխվի մարդու՝ Աստծո կողմից ստեղծված ԴՆԹ-ն։

«Չարի կամակատարները ուզում են փոխել մարդու աստվածատուր կոդը, նրա էությունը և Աստծո հետ հաղորդակցվելու հնարավորությունը… Պատվաստման համատարած և պարտադիր հնարավորությունը տարբեր համաճարակների դեմ տալիս է հնարավորություն՝ միջամտելու մարդու ԴՆԹ-ի փոփոխության, համընդհանուր և տոտալ վերահսկման-մարդու կամքի և ազատության սահմանափակման…», գրում է «Arsen Balunc» անունով օգտատերը «Սուրբ դաշինք» ֆեյսբուքյան խմբում։

Այս խմբի համակարգողների մեջ կան նաև քահանաներ։ Գրառման հեղինակը հղում է տալիս նախկին մասոնի խոսքերին (դավադրության տեսություններում մասոնները հաճախ համարվում են գաղտնի տեղեկության տիրապետող մարդիկ)։

Մեծահարուստները հորինել են համավարակն ու պատվաստումներ են առաջ տանում

Այն, որ պատվաստումները իրականում պետք են միայն դեղորայքներ արտադրողներին և գլոբալիստ մեծահարուստներին, տարածված կարծիք է անտիվաքս խմբերում աշխարհով մեկ։

Օրինակ, Ֆեյսբուքում շրջանառվեց ոմն «Պրոֆեսոր Մոնտանարիի» ռուսալեզու հարցազրույցը, որտեղ վերջինս պնդում էր, թե այս համավարակը կազմակերպվել է միլիոնատերերի կողմից, որպեսզի նրանք տնտեսական խարդախությամբ և պատվաստումների կեղծ խոստումներով միլիարդատեր դառնան։ Այս հոդվածը տարածեց, օրինակ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Համավարակի ամենասկզբից դրա «ստեղծումը» վերագրվում էր կոնկրետ մի մեծահարուստի՝ Բիլ Գեյթսին։ Հակապատվաստումային ակտիվիստներն էլ Գեյթսին կապում են պատվաստանյութերի միջոցով մարդկանց մեջ «չիպ» ներարկելու ծրագրի հետ։

Գրիպի դեմ պատվաստվածները ավելի խոցելի են կորոնավիրուսի առջև։ Թե՞ ոչ

Անտիվաքս կարող են լինել նաև բժիշկները։ Օրինակ, Հայաստանում միանգամից մի քանի բժիշկ ակտիվորեն հակապատվաստումային քարոզ են տանում։ Նրանք բոլորը արտահայտված քաղաքական դիրքորոշում ունեն և խիստ քննադատաբար են տրամադրված կառավարության հանդեպ։

Նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը և ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հատկապես ակտիվ դեմ էին արտահայտվում մարդու պապիլոմավիրուսի պատվաստմանը։ Խաչատրյանը, օրինակ դեմ լինելուց բացի նաև թեմայով կեղծ տեղեկություն է տարածել։

Կորոնավիրուսի համավարակի օրերին Խաչատրյանը հայտարարեց, թե սա կազմակերպված համավարակ է՝ հակապատվաստումային արշավի դեմ պայքարելու համար, քանի որ այդ արշավը վնասում է այն բիզնեսմեններին, որ «քո գենը փոխելով փող են աշխատում»։

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն էլ գրեց, թե գրիպի դեմ պատվաստվածները ավելի խոցելի են կորոնավիրուսի առջև։ Նույն օրը, Մանասյանը նոր գրառում արեց և բողոքեց, որ իր բժիշկ կոլեգաները իրեն քննադատում են այդ պնդման համար, չնայած որ նա ի նկատի ուներ ոչ թե նոր, այլ հին կորոնավիրուսները։

Որոշ գրառումներում էլ գրիպի ու ՄՎՊ պատվաստումները կապվեցին իրար։ Կեղծ օգտատերերից մեկի՝ իր հղի կնոջը «գրիպի պատվաստանյութի անվան տակ «Գարդասիլ» ներարկելու» մասին գրառումը տարածվեց թե՛ սունկ կայքերում, թե՛ անտիվաքսերի շրջանում։

Տուբերկուլյոզի դեմ պատվաստումը կարող է պաշտպանել COVID-19-ից։ Բայց դա հաստատ չի

Վերջին շաբաթներին տարածվեց նաև պատվաստումների օգտակարության մասին լուր։  Նյու-Յորքի տեխնոլոգիական ինստիտուտի մի քանի գիտնականներ համատեղ հոդված հրապարակեցին այն մասին, որ տուբերկուլյոզի պարտադիր պատվաստում ունեցող երկրներում COVID-19-ից մահացության թիվը համեմատաբար փոքր է։ Գիտնականները նշում էին, որ տուբերկուլյոզի դեմ ԲՑԺ պատվաստումը, հնարավոր է, հավելյալ պաշտպանություն է ապահովում կորոնավիրուսի դեմ։

Այս տեղեկությունով կիսվեց ՀՀ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:

Հակապատվաստումային ակտիվիստ, ֆեյսբուքյան օգտատեր «Գեմ Յանը» այս տեղեկությունը հայտարարեց կեղծ, մատնանշելով, որ ամսագիրը, որտեղ հրապարակվել է գիտական հոդվածը, peer review չի անցնում (այսինքն հրապարակվելուց առաջ չի ստուգվում ուրիշ գիտնականների կողմից)։

Նա մասամբ ճիշտ է. համավարակի պայմաններում ամեն օր լույս տեսնող նոր գիտական աշխատությունները հաճախ չեն հասցնում պատշաճ կերպով ստուգել։ Գիտնականները փորձում են հնարավորինս շատ բան պարզել նոր վարակի մասին, բայց ցանկացած այսպիսի տեղեկություն դեռ պիտի մի քանի անգամ ստուգվի։

«Խելացի մայրիկ» հակապատվաստումային խմբում, որտեղ «Գեմ Յանը» համակարգող է, որպես ապացույց հաճախ են ներկայացվում հենց այդպիսի՝ peer review չանցնող ամսագրի հոդվածներ։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *