Header

2020.03.25,

Ստուգված է

Իրանում մարդկանց տեղաշարժին հետևող հավելվածը՝ ՀՀ կառավարության գործիքակազմում

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող, սկսնակ նշանագետ

Mobile

Մարտի 24-ին կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 բջջային հավելվածը, որը կօգնի հասկանալ,արդյո՞ք, դուք կորոնավիրուսի ախտանիշներ ունեք և պետք է դիմեք բժշկի։

AC19-ը ի սկզբանե իրանական հավելված էր․ դրա միջոցով Իրանի կառավարությունը տվյալներ է հավաքում միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժման մասին։

AC19 հավելվածը հետևում է իրանցիների տեղաշարժմանը

Մարտի 3-ին Իրանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկեց ներբեռնել AC19 հավելվածը։ Հավելվածում օգտատերը պատասխանում էր հարցաշարի՝ որոշելու համար թե նրա մոտ կա՞ կորոնավիրուսով վարակված լինելու վտանգ։

Մարտի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը նշեց, որ Իրանի կառավարությունը հավելվածը տրամադրել է Հայաստանին, որտեղ մասնագետները այն ադապտացրել են տեղի պայմաններին։

Իրանում հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ էր գրանցվել հեռախոսահամարով։ Այնուհետև հայտնվում էր գրություն, որում հարցնում էին օգտատիրոջ համաձայնությունը՝ գտնվելու վայրի մասին տեղեկության հավաքագրման համար։

Vice լրատվականը նշում է, որ այս գրությունը անգլերենով էր, և իրանցիների մեծ մասը չէր հասկանում, թե ինչ տեղեկություն են իրենցից ուզում։

Ավելին, հին Android համակարգով հեռախոսները նույնիսկ ցույց չէին տալիս գրությունը։

Լոնդոնաբնակ իրանցի հետազոտող Նարիման Ղարիբը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ հավելվածը իրական ժամանակում կարող է հետևել օգտատերի տեղաշարժման, քանի որ դրա կոդը նման է fitness հավելվածներին, որոնք իրական ժամանակով հետևում են օգտատիրոջ շարժմանը։

Մարտի 11-ին Իրանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նախարարը Twitter-ում հրապարակեց հավելվածի շուրջ 3 միլիոն օգտատիրոջ գտնվելու վայրը ցույց տվող քարտեզ։

Իրանի կառավարությունն առաջին անգամ չէ մանրամասն տվյալներ հավաքում քաղաքացիներից։

Այդպես, մի քանի տարի առաջ այն ստեղծել էր հայտնի Telegram-ը նմանակող հավելված, բայց Telegram-ից ասել էին, որ այդ հավելվածը կարող է անվտանգ չլինել։

AC19 հավելվածը հասանելի չէ Play Store-ում կամ App Store-ում։ Իրանում այն կարելի է ներբեռնել տեղական Cafe Bazaar հավելվածների խանութից կամ ac19.ir կայքից։

Հայկական տաբերակը հասանելի է ac19.am կայքում, որը մեծամասամբ կրկնում է իրանական կայքի դիզայնը։

Հայկական հավելվածով կարելի է «ֆիքսել» մարդկանց գտնվելու վայրը

Հայերեն հավելվածի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում գեոլոկացիայի մասին տեքստը անգլերեն լեզվով է ու հստակ չէ։

Նշվում է, որ «օգտատիրոջ կողմից քաղաքի քարտեզի վրա նշված կլինիկական հետազոտությունների վայրը Առողջապահության ազգային ինստիտուտի հետ կօգնի նույնականացնել կորոնավիրուսի վարակի վայրերը» (թարգմանված է անգլերենից)։

Հավելվածում նաև ասվում է, որ «օգտատերերը պետք է գիտակցեն, որ ծառայությունների ամբողջական ցանկը տրամադրելու համար այս հավելվածը պահանջում է ամբողջական հասանելիություն ձեր տեսախցիկին» (թարգմանված է անգլերենից)։

Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը Media.am-ի հետ զրույցում ասաց․ «Այս հավելվածով կարելի է մարդու տեղը ֆիքսել՝ իմանալով նաև իր հեռախոսի համարը, քանի որ համարով գրանցում է ուզում։ Հիմա կոնկրետ մեր կառավարւթյունն է մարդկանց տեղանքը իմանալու, թե իրանական, թե երկուսը միասին՝ ասել չեմ կարող»։

Տիգրան Ավինյանի մամլո խոսնակ Վահան Հունանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավելվածը իսկապես օգտատերից հարցնում է գտնվելու վայրը տեսնելու թույլտվություն։ Սակայն օգտատերը կարող է թույլ չտալ և միևնույն է անցնել հարցաշարը։

Թեստավորումը կարելի է անցնել նաև ac19.am կայքում՝ առանց հավելվածը ներբեռնելու։

Հունանյանը նշեց նաև, որ հարցաշարի պատասխաններից ստացված տվյալները հավաքագրվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Հավելվածի բոլոր բազաները և սերվերները գտնվում են Հայաստանում, և իրանական կողմը տվյալներին մուտք չունի։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *