2019.11.18,

Ստուգված է

Նոյեմբերի 1-15-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Նոյեմբերի առաջին կեսին ապատեղեկատվությունը տարածվում էր նաև լրատվականներին նմանակող կեղծ էջերի կողմից, իսկ որոշ դեպքերում կեղծ լուրերը կարելի էր ստուգել հենց դրանք պարունակող հոդվածներում։

Լրատվականներին նմանակող կեղծ էջեր

Նոյեմբերին Հայաստանում ակտիվ էին լրատվականներին նմանակող կեղծ էջերը։ Factor News Armenia յություբյան ալիքի թե՛ անունը, թե՛ գունային ձևավորումը միտված են նմանակելու իրական՝ Factor TV լրատվականին։

Factor News Armenia անունով ներկայացող էջը տարածում է սենսացիոն և կեղծ տեղեկատվություն։ Տեսանյութերը վերնագրված են, օրինակ․ «Լավրովը հաստատեց. Լևոնն է Արցախը դուրս թողել բանակցություններից – Լավրով, Փաշինյան, Սկանդալ», «Նիկոլի վարկանիշն ընկել է. խայտառակություն -Nikol Pashinyan, Lfik Samo, Samvel Alexanyan, Karavarutyun» և այլն։

Նոյեմբերի սկզբին Ֆեյսբուքում ակտիվ էր լրատվամիջոցին նմանակող մեկ այլ էջ՝ BBC News Русская служба։ Այս էջը նույնպես տարածում էր ապատեղեկատվություն։ Նոյեմբերի 14-ի դրությամբ էջը հեռացված է Ֆեյսբուքից։

Կեղծ լուր և դրա հերքում՝ մեկ հոդվածում

Նոյեմբերի 11-ին Politik.am-ը՝ հղում տալով Times.am կայքին, գրեց, որ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցույցին և հայտարարել․ «Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։ Նյութը վերատպեցին 168.am-ը, «Իրավունք» թերթը և մի շարք սունկ կայքեր։

Հայտարարությունը մեջբերելուց անմիջապես հետո նույն հոդվածում Politik.am-ը նշել էր, որ այն կեղծ է։

Լրատվականը ներկայացնում է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի խոսքերը․ «Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային՝ ցուցարարների հետ հանդիպման և ուղիղ եթերի ընթացքում»։

Չնայած Կարապետյանը հերքել էր տեղեկությունը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում շահարկեց այն։

Ստամբուլյան կոնվենցիայի մասին կեղծ լուրերը չեն դադարում

Yerevan.Today կայքը՝ հղում տալով Politik.am-ին, հրապարակեց «Նրանք արդեն վավերացրել են Ստամբուլյան կոնվենցիան․․․» վերնագրով հոդված։

Վերնագիրը մանիպուլյատիվ է․ հոդվածում խոսք չկա Ստամբուլյան կոնվենցիայի մասին։ Փոխարենը փորձ է արվում կոնվենցիան կապել ԼԳԲՏ համայնքին վերաբերվող թեմաների հետ, քանի որ հոդվածը ամբողջությամբ նվիրված է  վերջերս կայացած «Ծիածան» ֆորումին, որը կազմակերպել էր ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք Արմենիա» ՀԿ-ն։

Հատկանշական է, որ Ստամբուլյան կոնվենցիային վերաբերող վերնագիրը ավելացրել է Yerevan.Today-ը․ բնօրինակում վերնագիրը այլ է։

Չդադարեց նաև ԼԳԲՏ թեմաների շահարկումը

Նոյեմբերին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում էր արգելել նույնասեռ ամուսնությունները (որոնք թույլատրված չեն), իսկ պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարում էր, որ Պապ թագավորին պետք է «հանել ազգի միջից», քանի որ նա նույնասեռական է եղել։

Թեմայի՝ քաղաքական գործիչների կողմից շահարկմանը միացան նաև լրատվականները։ Politik.am-ը հրապարակեց The Jerusalem Post պարբերականի՝ ամիսներ առաջ լույս տեսած հոդվածը այն մասին, որ Իրանում նույնասեռական անձի են կախաղան հանել։

Հատկանշական է, որ Politik.am-ը նշել էր, թե «Իրանն աշխարհի 700 երկրներից մեկն է, որտեղ համասեռամոլությունը համարվում է քրեական հանցանք», չնայած որ աշխարհում կա միայն շուրջ 200 պետություն։

Մել Դալուզյանը Հայաստանի հավաքականի 19-րդ դրական դոպինգ թեստ գրանցած մարզիկն է

Անդրադառնալով ծանրամարտիկ Մել Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին՝ ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է․ «Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամատի հավաքականի մասնակցությունը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մեծ հարցականի տակ է, և հայկական հավաքականի մասնակցությունը դեռ պետք է քննարկվի մայիսի 31-ին»։

Ավելի վաղ Analitik.am կայքը նույնպես պնդել էր, որ Հայաստանի հավաքականի որակազրկման մեղավորը Դալուզյանն է։ Սակայն թե՛ Զոհրաբյանը, թե՛ Analitik.am-ը խեղաթյուրում են փաստերը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով՝ 20-ից ավելի դրական դոպինգ թեստ գրանցած երկրները 2020-ին Տոկիոյում կայանալիք խաղերին կկարողանան ներկայանալ առավելագույնը երկու մարզիկով։

2019-ի մայիսին հայտնի դարձավ, որ Մել Դալուզյանը դրական դոպինգ թեստ է ունեցել։ Սա Հայաստանի հավաքականի 19-րդ դրական թեստն էր։ Fip.am-ը հրապարակել է դրական թեստ ունեցող մարզիկների ցանկը։

Նաիրա Զոհրաբյանը խմբագրել է գրառումը, ավելացնելով «նաև Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով» արտահայտությունը։

 «Հրապարակ» թերթի հաշվարկներում սխալ կա

«Հրապարակ» թերթը գրեց, որ հեղափոխությունից հետո վարչապետի շնորհած  դիվանագիտական անձնագրերի թիվը ոչ թե 19-ն է, ինչպես հայտարարում են իշխանությունները, այլ 500-600։

Այս թիվը թերթը ստացել է, կիրառելով «պարզագույն մաթեմատիկան» և ներառելով ի պաշտոնե դիվանագիտական անձնագիր ունեցողներին, վերոնշյալ 19-ին և նրանց ընտանիքի անդամներին։

Սա սխալ է։ Վարչապետի որոշմամբ դիվանագիտական անձնագիրեր են տրվել միայն 19 անձի, և ոչ թե նրանց ընտանիքի անդամներին։

Ավելին, այս թիվը պետք է դիտարկել ի պաշտոնե դիվանագիտական անձնագիր ունեցողների թվից առանձին։ Վերջինների դեպքում դիվանագիտական անձնագիր են ստանում նաև ընտանիքի անդամները։

«Հայոց եկեղեցու պատմության» ճակատագիրը դեռևս հայտնի չէ

Նոյեմբերի առաջին կեսին լայն քննարկում էր ընթանում հանրակրթական դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման շուրջ։

Այս քննարկումը սկսվեց ապատեղեկատվությունից։

Հոկտեմբերի 30-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ հարցազրույց, այն վերնագրելով «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով»։

Չնայած արդեն ձևավորված են աշխատանքային խմբեր, որևէ որոշում առարկան չդասավանդելու վերաբերյալ դեռևս չի կայացվել․ Անափիոսյանը հարցազրույցում հայտնել է իր անձնական կարծիքը և հավելել, որ որոշումը դեռ կայացված չէ։

Կոտայքի մարզպետին վերագրվեց իր կողմից չարված պնդում

168.am-ը գրեց, որ «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով ինքը ևս յուրաքանչյուր ամիս պարգևատրվում է»։

Հոդվածին կից տեսանյութում, սակայն, որևէ նման արտահայտություն Ռոմանոս Պետրոսյանը չի անում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *