2019.05.10,

Ստուգված է

Հին ու կեղծ լուրը՝ նորի տեղ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մայիսի 9-ից տարածվող լուրը, թե «Ավստրիայի կանցլերը 28 օր ժամանակ է տվել Սորոսի հիմնադրամին փակվելու համար», պարզվում է նոր չէ ու կեղծ է։

Լուրը նույն բովանդակությամբ, մեկ րոպե տարբերությամբ առաջինը տարածել են asekose.am-ը և lurer.com-ը, ավելի ուշ նաև newspress.am, theworldnews.net, alternativ.am, haydzayn.com կայքերը։

Լուրի կեղծ լինելու մասին հայկական մեդիա տիրույթում մեկ օր անց՝ մայիսի 10-ին գրում է panorama.am-ը՝ հղում անելով ամերիկյան politifact.com-ին։ Հարթակը դեռ 2017-ին հրապարակված հոդվածում հերքում է «Բաց հասարակությունների հիմնադրամներ»-ի Ավստրիայում փակվելու մասին լուրը։ Ավելին, պարզվում է, որ այն ժամանակ հիմնադրամը անգամ գրասենյակ չի ունեցել այս երկրում։

Կայքը նաև գրում է, որ կեղծ լուրի սկզբնաղբյուր Yournewswire.com-ի տարածած հոդվածում Ջորջ Սորոսի մասին կանցլեր Կուրցին վերագրվող միտքը իրականում պատկանում է գրող, լրագրող Մաթ Թաիբիին, որը 2010-ին rollingstone.com-ում “The Great American Bubble Machine” հրապարակման մեջ այսպես է նկարագրում ամերիկյան ներդրումային Goldman Sachs բանկը․ «գերազանց վամպիր կաղամար (vampire squid), որը փաթաթված է մարդկության դեմքին ու անողոք կերպով իր արյան ձագարն է խցկում ամեն բանի մեջ, որից փողի հոտ է գալիս»։

Հայկական մեդիա տիրությում վերը նշված բոլոր հրապարակումներում որպես լուրի և կանցլեր Սեբաստիան Կուրցին վերագրվող մտքի սկզբնաղբյուր նշված է նույն Yournewswire.com-ը, որտեղ լուրը չես գտնի․ այն գրվել դեռ 2 տարի առաջ և արդեն հեռացված է։

Ներկայում որպես newspunch.com ներկայացող  Yournewswire.com-ը պարզվում է այնքան էլ վստահելի աղբյուր չէ։ Որպես կեղծ լուր տարածող կայք այն հայտնվել է cbsnews.com-ի ցուցակում, իսկ poynter.org-ը դեռ 2018-ին գրել է, որ սա կեղծ լուրեր և դավադրության տեսություններ տարածող ամենահայտնի հարթակներից է աշխարհում։

Հայկական լրատվական կայքերում «Բաց հասարակությունների հիմնադրամներ»-ի Ավստրիայում փակվելու լուրը շրջանառվել է դեռ 2018-ին, իսկ դրա կեղծ լինելու մասին գրել են politica.am-ը և fip.am-ը։ Սակայն սա չի խանգարում, որ նոր վերատպումները այսօր շրջանառվեն որպես նորություն, իսկ analitik.am-ի մեկ տարի առաջ հրապարակված նյութը մայիսի 10-ին որպես նորություն և ճշմարտություն տարածի ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մալյանը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *