Արաքս Մամուլյանը Factor TV-ի խմբագրությունում

Դատարանը Factor TV-ի իրավական լրագրող Արաքս Մամուլյանի ամենասիրելի «Դեպքի վայրն» է։ 14 տարի առաջ՝ լրագրության ֆակուլտետում սովորելու տարիներին, մտերիմներից մեկին օգնելու նպատակով սկսեց հետևել ու գրել նրան վերաբերող դատական գործի մասին ու ինչպես ինքն է ասում այդ օրվանից սիրահարվեց իրավական ոլորտին։

«Դատարանում կողմերից մեկը միշտ արդար է և հետաքրքիր է հետևել, թե ինչպես է գնում այդ արդարության հետևից, ինչպե՞ս է պայքարում, ինչպե՞ս հետ քայլ չի անում»,- ասում է Արաքսը։

Սակայն հենց այս «դեպքի վայրը» լրագրողից պահանջում է առավելագույն զգուշություն։ Այստեղ սխալ բառը կարող է փոխել ոչ միայն նյութի իմաստը, այլ նաև մարդկանց ճակատագրերը։

Արաքսի կարծիքով խրթին տերմիններից ու ընթացակարգերից բացի, դժվար է նաև էթիկական սահմանների ու լրագրողական «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանումը։ 

«Լինում են դեպքեր, երբ շատ բան ես տեսնում ու լսում, կողմերի ներկայացուցիչները շատ հաճախ լինում են տարբեր էմոցիոնալ վիճակներում, ասում են բաներ, որոնց համար գուցե հետագայում կարող են անգամ փոշմանել։ Եվ լրագրողի որոշումն է, թե ինչպես լուսաբանել տվյալ դատական նիստը, որ դիտարժան հրապարակում ունենալուց բացի, չվնասի տվյալ մարդկանց»,- ասում է Արաքսը։

Արաքս Մամուլյանը դատարանի դահլիճում աշխատանքի ժամանակ։

Իրավական լրագրողների աշխատանքը բարդացնող մյուս խնդիրն էլ կապված է սահմանափակումների ու թույլտվությունների անհրաժեշտությունների հետ։ Վերջին տարիներին դատարաններում ու իրավապահ համակարգում լրագրողների աշխատանքի պայմաններն ավելի են խստացվել։

«Մի քանի տարի առաջ ոչ մի խնդրի չէինք հանդիպի, եթե դատարանի միջանցքում նկարահանում իրականացնեինք կամ մոտենայինք  դատախազին կամ դատավորին ու փորձեինք նրանց մի քանի հարց տալ։ Հիմա անընդհատ թույլտվություններ են պետք։ Այսօր դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել առանց թույլտվության լրագրողներին հարցազրույց տալու համար»,- ասում է Factor TV-ի լրագրողը։

Արաքս Մամուլյանը դատարանում աշխատելիս։

Արաքսի կարծիքով ստեղծված իրավիճակը ստիպում է լրագրողներին ինքնագրաքննությամբ զբաղվել, ինչն էլ ազդում է աշխատանքի արդյունավետության վրա։