Թվերի հետևում միշտ կան պատմություններ, որոնք տեսանելի են դառնում միայն մանրակրկիտ ուսումնասիրության ու վերլուծության արդյունքում։
Ինֆոքոմի լրագրող Կատյա Մամյանը հենց այդ պատմություններն է գտնում ու բացահայտում։ Նա տվյալների միջոցով պատմում է համակարգային խնդիրների մասին։
«Ես սիրում եմ ցանկացած աշխատանքում փնտրել սոցիալական ազդեցության բաղադրիչը։ Հավանաբար հենց դա էր պատճառը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բակալավրիական կրթություն ստանալուց հետո, մասգիստրոսական ծրագիր փնտրելիս, ինձ գրավեց տվյալների լրագրության կուրսը։ Լրագրության մասին պատկերացումներս շատ քիչ էին, բայց ծրագրի նկարագրության մեջ հստակ ներկայացված էր, թե տվյալահեն նյութերը ինչ դրական փոփոխություններ կարող են առաջացնել հասարակության կյանքում»,- ասում է Կատյան։
Ռուսաստանի Դաշնությունում կրթությունն ավարտելուց հետո Կատյան տեղափոխվում է Հայաստան ու սկսում աշխատել միանգամից երկու ուղղությամբ՝ մեդիայում՝ Ինֆոքոմում և կրթական ոլորտում՝ Հետք Մեդիա Գործարանում։

Նրա կարծիքով, խնդիրները թվերի միջոցով բարձրաձայնելը ավելի ազդեցիկ ու հաճախ արդյունավետ կարող է լինել, քան մեկ մարդու պատմության կամ կարծիքի վրա հիմնված նյութերը։ «Երբ խնդիրը լուսաբանում ես, ասելով, որ իմ պատմությունը X մարդու մասին է, որն ունի օրինակ այս խնդիրը, բայց սա եզակի դեպք չէ, և այս մարդու նման կա ևս Y քանակի մարդ ու մենք դա հաշվել ենք, որոշում կայացնողների համար այդ պատասխանատվությունից խուսափելը արդեն ավելի բարդ է լինում»,-ասում է Կատյան:
Տվյալների լրագրությունը հաճախ սկսվում է տարբեր աղբյուրներից ու բազաներից հավաքված թվերով և ավարտվում՝ անսպասելի կապերի բացահայտմամբ։ Առաջին հայացքից կապ չունեցող տվյալները միասին բացահայտում են հետաքրքիր օրինաչափություններ ու դառնում մի ծավալուն հետազոտության կամ հետաքննության առիթ ու բացահայտում հասարակության համար շատ հետաքրիր ու կարևոր պատմություններ։
Խոսելով տվյալների լրագրության մասին Կատյան հաճախ ասում է, որ ոլորտի առաջխաղացմանը հիմնականում խանգարում են մի շարք տեխնիկական խնդիրներ։
«Պետք է լինեն հստակ սկզբունքներ, հստակ մեթոդաբանություն, որոնցով պետք է տվյալները տեղադրվեն համապատասխան բազաներում։ Մեզ մոտ տվյալների ստրուկտուրիզացման իմաստով բավականին աշխատանք կա անելու։ Տվյալները կան, չեմ կարող ասել, որ ունենք շատ փակ կամ անհասանելի տվյալներ, բայց դրանք օգտագործելի վիճակի բերելը շատ ժամանակ ու ջանք է պահանջում լրագրողներից»,- ասում է Կատյան։

Ոլորտի զարգացման համար մյուս կարևոր բաղադրիչն էլ տվյալների հետ աշխատելու հմտություն ունեցող մասնագետների պակասն է։ Վերջին վեց տարիներին դասավանդելով Հետք Մեդիա Գործարանում՝ Կատյան նկատում է բավականին դրական դինամիկա։ Երիտասարդ մասնագետներին հետաքրքրում է տվյալների լրագրության ոլորտը ու նրանք փորձում են, իրենց ստացած գիտելիքները գործնականում կիրառելով, ստեղծել ավելի փաստահեն ու տվյալահեն բովանդակություն։