Դեպքի Վայրում․ Ռուբինա Մարկոսեան

Համալսարանում հոգեբանության բակալավրիատն ավարտելուց հետո Ռուբինա Մարկոսեանը որոշեց մեկ տարի դադար վերցնել մինչ մագիստրատուրա ընդունվելը։ Ու այդ «դադարի» արդյունքում հայտնվեց միանգամայն այլ ոլորտում։ «Շատ հայկական ստացվեց, թե ես ինչպես սկսեցի աշխատել և ինչպես մնացի լրագրության մեջ», ասում է Ռուբինան։




Լրագրությունում Ռուբինայի առաջին փորձը լրատվականներից մեկում հայերենից անգլերեն թարգմանչական աշխատանքն էր։ «Մի քանի տարվա ընթացքում հասկացա, և ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ, որ իմ կարողությունների հաշվին չէր, այլ ուրիշ մարդկանց բացակայության հաշվին, որ ես դարձա համակարգող խմբագիր, դարձա հաղորդավար, դարձա պրոդյուսեր։ Դա ուղղակի այն պատճառով, որ բոլոր էս աշխատանքները բաց էին մնում, և ես շատ հեշտությամբ, հոժարակամ լրացնում էի»,- պատմում է Ռուբինան։ «Մի քանի տարի հետո անդրադարձա նրան, որ իմ մասնագիտությունից ավելի փորձառություն ունեմ արդեն մի երկրորդ մասնագիտության մեջ, որը չէի ընտրել, բայց ստացվեց»։ 

Աշխատելով թե՛ 2016-ի քառօրյայի, թե՛ 44-օրյա պատերազմների ժամանակ, Ռուբինան ասում է՝ պատերազմ լուսաբանելը ևս չի ընտրել։ Երբ պատերազմը քո երկրում է, չես ընտրում՝ գնա՞լ, թե մնալ։  

2022-ի դեկտեմբերին սկսած Արցախի բլոկադան ինֆորմացիոն պատ շարեց։ Լրագրողները, որ 2020-ի պատերազմի ժամանակ աշխատում էին տեղում, ստիպված էին իրադարձություններին հետևել հեռվից։ Այդպես էր բլոկադայի 9 ամիսներին, այդպես էր սեպտեմբերի 19-ի մեկ օրյա պատերազմի ժամանակ, այպես էր Հակարիի կամուրջ, հետո Կոռնիձոր տանող երկար ու ձիգ ժամերի ընթացքում։  

Միայն Կոռնիձորում ինֆորմացիոն պատը ճեղքվեց, երբ 100 հազարից ավելի մարդ մուտք գործեց Հայաստան՝ իրենց անհատական ու կոլեկտիվ պատմությոններով։ Ու Կոռնիձորում նրանց դիմավորեցին տասնյակ տեսախցիկներ ու միկրաֆոններ՝ 9 ամսից ավել Արցախ մուտք գործելու իրավունքից զրկված։  

Ռուբինան ասում է, որ տեղացի լրագրողներին ավելի շատ ուժ ու ամրություն է պետք նմանօրինակ իրավիճակները լուսաբանելու համար, բայց տեղացի լրագրողները նաև շատ առավելություններ ունեն՝ «մենք իսկապես նրբություններ ենք երբեմն հասկանում, ավելի հեշտ ենք կարողանում շփվել, ավելի խորքային ու ավելի զգայուն կարող ենք լինել»։  

Արփի Բեքարյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *