Դեպքի վայրում․ Մարիամ Տաշչյան

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

«Շատ տեղերում իմ մուտքն անգամ արգելված է», – ասում է մասնագիտությամբ տնտեսագետ-ֆինանսիստ Մարիամը, որն ուսանողական տարիներին խմբագրություն էր մտել՝ տեխնիկական գործերով զբաղվելու։ Ժամանակի ընթացքում նրա մոտ մեծ հետաքրքրություն է առաջացել հատկապես բնապահպանական լրագրության հանդեպ։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրող Մարիամ Տաշչյանը շրջակա միջավայրի խնդիրները լուսաբանել է տարբեր ոլորտներից՝ հանքարդյունաբերություն, թափոնների կառավարում, որս, ապօրինի որս և այլն։ Անազատության մեջ գտնվող կենդանիների մասին սկսել է գրել քաղաքացիների բազմաթիվ ահազանգերից հետո։ Այս ոլորտում նա արդեն չորս տարի է, ինչ մասնագիտացել է։




«Այդ թեմայով առաջին նյութս «Ակունքի դրախտ» ռեստորանում պահվող երկու արջերի մասին էր, որոնց նկարելու գնացինք, ու հաստատության մենեջերը սկսեց պատերազմական վիճակը։ Դրանից հետո հասկացա, որ մարդիկ ագրեսիվ են տրամադրվում իմ աշխատանքի նկատմամբ», – պատմում է Մարիամը։

Իր գործի նպատակի մասին խոսելիս Մարիամը տալիս է «հանուն կենդանիների բարեկեցության և մարդկանց անվտանգության» ձևակերպումը՝ գիտակցելով, որ ուրիշի ապօրինի գործողությունները վավերագրելով հաճախ վտանգի տակ է դնում սեփական անվտանգությունը։

Քիչ չեն նաև ինտերնետային հարձակումները՝ վիրավորանքի կամ թրոլինգի տեսքով, ինչի պատճառով Մարիամն ունեցել է իր իրավունքները պաշտպանող երկու դատ, որոնցից մեկը դեռ ընթացքի մեջ է։

«Երբեմն ես ինձ մենակ եմ զգում, որովհետև անգամ Հայաստանում շատ կենդանասեներ չեն պատկերացնում, թե ինչու չի կարելի տանը արջ կամ առյուծ կամ որևէ այլ վայրի կենդանի պահել։ Մեր երկիրն այս գաղափարները տարածելու խնդիր ունի, և հույս ունեմ, որ լրագրողները կարող են դրանք տեղ հասցնել»։

Լրագրողն ասում է, որ իր աշխատանքի արդյունքներն ուրախացնում են․ շատացել են մարդկանց ահազանգերն ու բողոքները, ինչ-որ առումով հեշտացել է վանդակում վայրի կենդանի պահողների հետ կոմունիկացիան, որոնք ի վերջո համոզվում են՝ կենդանուն պետք է ավելի ապահով վայր տեղափոխել։ 

Կենդանաբանական այգին որպես դեպքի վայր ընտրած Մարիամ Տաշչյանը պարբերաբար առանց զգուշացնելու գալիս է այստեղ, ու իր աչքով համոզվում, որ փրկված կենդանիները լավ են։ «Խիղճս հանգիստ է, որ արջերս ապահով ձեռքերում են»։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *