Դեպքի վայրում. Անի Մինասյան

author_posts/sona-kocharyan
Սոնա Քոչարյան
twiterfacebook

Լրագրող

Անի Մինասյանը լրագրությունում գործնական քայլերը սկսել է մասնագիտական կրթությանը զուգահեռ՝ առաջին կուրսից: Բայց մեդիայում ավելի լուրջ ու հիմնավոր թաթախվեց, երբ  Ա-Թի-Վի հեռուստաընկերությունից տեղափոխվեց Հայաստանի հանրային ռադիոյի լրատվական ծառայություն: Այստեղից էլ սկսվեց արցախյան էջը:

2020 թ-ի հունիսին ռադիոյի թիմով մեկնեցին Ստեփանակերտ՝ Արցախի հանրային ռադիոյի գործընկերների հետ իրենց փորձը կիսելու: Արցախի ռադիոյում վերանորոգման, տեխնիկական վերազինման ու ամբողջովին նորացման կարևոր գործընթաց էր սկսված: Որպես փոփոխությունների մաս՝ ռադիոն պիտի ունենար տնօրեն: Ու հենց կարճատև այցի ընթացքում էր, որ Անին առաջարկ ստացավ մնալ ու ստանձնել ռադիոյի ղեկավարումը: Օգոստոսի 3-ին կես տարով տեղափոխվեց Ստեփանակերտ: 




«Հստակ գիտակցում էի, որ շատ կարևոր տեղ եմ գալիս: Զգում էի, որ պատերազմը յոթ սարի հետևում չէ: Դա հասկացվում էր նույնիսկ առօրյա խոսակցություններում, իսկ օգոստոսի վերջից ավելի շոշափելի էր՝ սահմանային կուտակումներին ու լարվածությանը զուգահեռ: Մեսիջներն այստեղ արագ էին տեղ հասնում, ու մենք փորձում էինք դրանք մեր եթերի միջոցով փոխանցել: Նույնիսկ իմ հայեցակարգում էի ներառել, թե ինչ պետք է անեինք պատերազմի դեպքում: Իհարկե պարզվեց, որ տեսական քայլերը գործնականում այլ էին»:

Բայց մինչ պատերազմը՝ սեպտեմբերի 1-ից ռադիոն իր պատմության մեջ առաջին անգամ 5-ժամյա եթերից կտրուկ անցում կատարեց շուրջօրյայի: 

«24-ժամյա եթերի անցանք ստուդիայի հիմնանորոգումը դեռ չավարտած: Հավակնոտ ու մի քիչ էլ անհավանական էր թվում: Հատուկենտ մարդիկ էին հավատում, որ դա մեզ մոտ կստացվի: Առավոտյան ժամը վեցից մինչև կեսգիշեր հերթափոխելով աշխատեցինք մինչև սեպտեմբերի 26-ը»:

2020թ․ սեպտեմբերի 27-ին, Արցախյան երկրորդ պատերազմի առաջին օրը, Անին Երևանում էր: Առավոտյան շուտ գործընկերոջից զանգ ստանալով՝ անմիջապես ճամփա ընկավ: Ռադիոյի եթերը շատ արագ փոփոխության ենթարկվեց: Պատերազմի սկսվելուց մոտ երկու ժամ անց արդեն անցել էին ժամը մեկ լուրերի, թողել մի քանի հաղորդում ու երաժշտություն: Ստեփանակերտում պարզ դարձավ, որ ռադիոյի աշխատակիցներից մի քանիսն են մնացել քաղաքում, ու աշխատանքը վերակազմակերպելու խնդիր կար:

«Իրավիճակը մեր աշխատանքի կազմակերպման օգտին էր. ռադիոն ֆիզիկապես Ստեփականերտում էր, իսկ անձնակազմի մեծ մասը՝ Երևանում: Իրենք այնտեղ ինքնակազմակերպվեցին ու «Լրատվական ռադիո»-ի մեր գործընկերների օգնությամբ կարողացան լրագրողական ու խմբագրական գործ անել: Ու քանի որ մեզ մոտ հաճախ կապի խնդիր կար, ժամերով հոսանք չէր լինում, առանց Երևանի թիմի խոչընդոտները հաղթահարելը գուցե ավելի բարդ ստացվեր: Մեր բոլոր ուժերը ներդրել էինք, որ ռադիոն հնարավորինս երկար խոսեր»:

Լուսանկարի ու պատկերի հեղինակ՝ Արեգ Բալայան

Անին ռադիոյի տնօրեն դարձավ 25 տարեկանում: Որպես երիտասարդ, Երևանից Արցախ տեղափոխված աղջիկ, միշտ ուշադրության կենտրոնում էր: 

«Փոքր հասարակությունում կին լինելով պաշտոն զբաղեցնելն ու կարևոր գործով զբաղվելը հեշտ չէ: Ոչ միշտ ու ոչ բոլորն են քեզ լուրջ վերաբերվում: Իմ աշխատանքում ես հաճախ կամ մեծամասամբ շփվում էի հասուն տղամարդկանց հետ, ովքեր առաջին հայացքից անմիջապես անվստահություն էին հայտնում, որովհետև աղջիկ ես ու տարիքով փոքր: Լուրջ հարցեր լուծելիս է, երբ առավել գիտակցում ես զբաղեցրածդ պաշտոնի պատասխանատվության աստիճանը»: 

Դեկտեմբերի վերջին լրացավ Անիի պաշտոնավարման վեց ամիսը: Պատերազմով ընդհատված հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցրին, ռադիոյի բացումն արեցին դեկտեմբերի 28-ին, որից հետո վերադարձավ Երևան:

«Արցախում ապրած՝ ներառյալ պատերազմի ժամանակաշրջանը, շատ կարևոր փուլ էր իմ կյանքում, նաև՝ իմ մասնագիտական կյանքում: Դրանից հետո հիվանդության պես ամբիցիաներ են գալիս: Բայց ես չեմ ուզում մնալ 2020-ում, ուզում եմ առաջ շարժվել: Դեռ ինքս իմ առաջ խնդիր ունեմ ապացուցելու, որ աշխատանքային հաջողություններս պատահականություն չեն, այլ օրինաչափություն: Իսկ դա հնարավոր է անել միայն աշխատանքով, միայն նոր ու ավելի շատ աշխատանքով»:

2021 թ. մարտից Անին գլխավորում է Հայաստանի հանրային ռադիոյի չորս ալիքներից մեկը՝ մշակութայինը: Իսկ Արցախի ռադիոյի հետ կապն ամուր է պահում, քանի որ իր համար հարազատ վայր է՝ հարազատ դարձած մարդկանցով: 

Սոնա Քոչարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *