Պատկերը ստեղծվել է արհեսատական բանականության (ԱԲ) կիրառմամբ

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկար քննարկվեց թե՛ մինչև Ազգային ժողով հասնելը, թե՛ Խորհրդարանում և թե՛ օրենքի ընդունումից հետո։ Ըստ այս փոփոխության՝ ցանցային օպերատորների միջոցով ցուցադրվող հեռուստածրագրերի նկատմամբ կսահմանվեն այն նույն պահանջները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսով ցուցադրվող հեռուստածրագրերի դեպքում։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պարզաբանում է, որ նախքան այս փոփոխությունը դաշտում գործում էին անհավասար խաղի կանոններ․ բոլոր պարտավորություններն ու պահանջները բաժին էին ընկնում Հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերություններին, իսկ ցանցային օպերատորների միջոցով հեռարձակվող հեռուստաընկերությունները, հատկապես օտարերկրյա հեռուստածրագրերը որևէ պահանջի, կանոնի ու պարտավորության չէին ենթարկվում։ 

«Հատկապես օտարերկրյա հեռուստածրագրերը գործում էին լրիվ բաց դաշտում առանց կարգավորման, ինչը տեղեկատվական անվտանգության առումով բավականին վտանգավոր էր։ Այդ հեռուստածրագրերը կարող էին ոչ միայն քաղաքական կամ քարոզչական, այլ ցանկացած՝ օրինակ առողջապահական թեմայով դավադրության տեսություններ տարածել և մենք որևէ լծակ չունեինք նրանց կողմից ցուցադրվող բովանդակությունը վերահսկելու»,- ասում է ՀՌՀ նախագահը։ 

Նման հնարավոր բացասական բովանդակությունը ամբողջությամբ չեզոքացնելու և դրանց մուտքը մեր եթեր արգելելու համար Հանձնաժողովն առաջարկել էր ավելի խստորեն կարգավորել դիստրիբյուտորների աշխատանքը, որը սակայն նախագծի վերջնական փաթեթից հանվել է ու չի ներառվել օրենքում։ Ներկայումս դիստրիբյուտորները արտերկրում գնում են հեռուստածրագրեր և բերում Հայաստան։ Եթե նյութական ապրանքը սահմանին ենթարկվում է մաքսային հսկողության, ապա հեռուստաբովանդակությունը նման որևէ ֆիլտրով չի անցնում։ Արդյունքում, խնդրահարույց բովանդակությունը սկզբում մտնում է շուկա, տարածվում, և միայն հետո՝ արդեն արձագանքների կամ խախտումների դեպքում ՀՌՀ-ն իրավունք է ստանում միջամտելու։ 

«Մենք առաջարկում էինք, որ նախքան օտարերկրյա հեռուստածրագրերի ցուցադրումը, Հանձնաժողովը օրինակ, մեկ ամսվա ընթացքում ստուգեր այդ բովանդակությունը և, եթե այն հակասեր Հայաստանի օրենսդրությանը, պարզապես չթույլատրեր դրա հեռարձակումը։ Այսպես ասած՝ կատարեր «մաքսատան» գործառույթը մեդիա բովանդակության համար։ Սակայն այս առաջարկը չընդունվեց»,- ասում է ՀՌՀ նախագահը։ 

Օրենքի փոփոխությամբ սահմանվեց, որ արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը: Սահմանվեցին նաև այն բոլոր դեպքերը, երբ օրինակ բռնության կոչեր, պատերազմի քարոզ, խտրականություն և այլ վտանգավոր դրսևորումներ պարունակող խոսք հնչեցնելու համար կարգավորող մարմինը կարող է պատասխանատվության ենթարկել հեռարձակողին ու մինչև անգամ կասեցնել նրա գործունեությունը։  

Թեև կարգավորող մարմնից վստահեցնում են, որ առաջարկվող փոփոխությունները տեսալսողական մեդիայի համար խոսքի ազատության սահմանափակման խնդիրներ չեն կարող առաջացնել, բայց փորձագիտական դաշտում անհանգստացած են, որ այն կարող է լրատվամիջոցների խոսքի ազատությունը սահմանափակելու, կամայական որոշումներ ընդունելու առիթ դառնալ։

«Այս օրենքը վաղուց սպասված էր և այն որևէ նոր խստացում չի առաջացնում։ Այն բավականին լիբերալ է, ինչ որ դեպքերում շատ ավելի թույլ է, քան եվրոպական երկրներում։ Շատ է շահարկվում այն միտքը, թե այն հատուկ ընդունվել է ընտրությունների նախաշեմին և կարող է որևէ կերպ սահամանափակել լրատվամիջոցների խոսքի ազատությունը։ Դա բացարձակ այդպես չէ։ Օրենքով սահմանված է, որ 4 ամսվա ընթացքում մենք պետք է մշակենք չարաշահման արգելքների չափորոշիչները և սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր։ Այդ ծավալուն աշխատանքը մենք պատրաստվում ենք իրականացնել ընտրությունների ավարտից հետո։ Ինձ շատ ժամանակ զարմացնում են, ոչ միայն քաղաքական շահարկումները, այլ նաև որոշ հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչների հնչեցրած տեսակետները, որոնք ես անարդար եմ համարում»,- ասում է Տիգրան Հակոբյանը։ 

Հակոբյանը նշում է, որ չարաշահման արգելքների թվում միակ նորությունը   օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումն է։ Թե ինչ է նշանակում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակություն, դեռ կարգավորող մարմնում էլ չեն կարողանում հստակ բացատրել ու սահմանել․ ասում են դեռ ժամանակ ունեն համապատասխան չափորոշիչները մշակելու համար։  

«Այդ նորմը վերցված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված միջկառավարական պայմանագրից։ Եթե երկու կառավարությունները որոշել են այդ նորմը ներառել իրենց համաձայնագրի մեջ, ուրեմն այն քննարկվել է, ուրեմն ինքը լեգիտիմ է, գոյություն ունի։ Աշխարհում բազմաթիվ են օրինակները, երբ որ ներքին գործերին միջամտելու նորմը գործում է որպես մեդիաբովանդակության արգելք, այստեղ մենք մեծ խնդիր չենք տեսնում»,- ասում է ՀՌՀ նախագահը։ 

ՀՌՀ նախագահն ընդունում է, որ այս նորմը հեշտ չէ սահմանել և կիրառել, սակայն ընդգծում է, որ կարևոր է տարբերակել քննադատությունն ու միջամտությունը։

Հայաստանի ներսում գործող լրատվամիջոցները լիարժեք իրավունք ունեն ամենակոշտ ձևով անգամ քննադատել օրինակ իրենց երկրի իշխանություններին։ Սակայն դա չի նշանակում, որ նույնը կարող են անել օտարերկրյա հեռարձակողները։ Այստեղ գործում է ինքնիշխանության սկզբունքը։

Նրա մեկնաբանությամբ՝ միջամտությունը սկսվում է այն պահին, երբ արտաքին աղբյուրը փորձում է ուղղակի ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա։ Օրինակ կոչեր է անում չմասնակցել ընտրություններին, աջակցել կամ հակադրվել կոնկրետ ուժերի, մասնակցել հանրահավաքների և այլն։ Սա ՀՌՀ նախագահի գնահատմամբ արդեն միջամտություն է, ոչ թե մեկնաբանություն։ 

Փորձագիտական կարծիք

Արա Ղազարյան․ միջազգային իրավունքի մասնագետ 

Տեսալսողական մեդիայի մասին օրենքի վերջին փոփոխությունները ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական։ Սակայն շատ խնդրահարույց է օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետը, որով արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ 

Իմ կարծիքով՝ այս ձևակերպումը չի տեղավորվում ազատ խոսքի չարաշահման արդեն ընդունված սահմանումների շրջանակում։ Նախ՝ անհասկանալի է, թե իրավաբանորեն ինչ է նշանակում «միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին»։ Իրավունքի դաշտում նման հասկացություն մինչ այժմ գրեթե չի կարգավորվել․ այն ավելի շատ օգտագործվել է դիվանագիտական կամ միջազգային քաղաքական հարաբերությունների համատեքստում։

Երբ խոսում ենք ազատ խոսքի չարաշահման արգելքի մասին, սովորաբար նկատի ունենք ատելության խոսքը, պատերազմի պրոպագանդան, բռնության կամ դաժանության քարոզը։ Սրանք իրավաբանորեն հստակ ձևակերպված կատեգորիաներ են։ Բայց «այլ պետության ներքին գործերին միջամտող խոսքը» որպես իրավական կատեգորիա գործնականում ձևավորված չէ։

Ձևակերպումը չափազանց անորոշ է, և եթե ՀՌՀ-ն փորձի այն կիրառել, դա կարող է վտանգել ազատ խոսքը։

Եթե, օրինակ գործ ունենք պատերազմը կամ բռնությունը արդարացնող հաղորդումների հետ, ինչպիսին, օրինակ, Սոլովյովի հաղորդումներն են, ապա այս դեպքում պետք է ասել, որ դրանք արդեն իսկ օրենքի մյուս դրույթներով՝ պատերազմի քարոզ կամ բռնության պրոպագանդա արգելվում են։ Բայց եթե Միացյալ Նահանգներից որևէ լրագրող պատրաստի քննադատական ռեպորտաժ Հայաստանի ընտրությունների կամ կառավարության գործողությունների մասին, դա պե՞տք է դիտարկվի որպես միջամտություն։ Եվ եթե այո, ապա ի՞նչ չափանիշներով պետք է որոշվի, որ տվյալ նյութն այնքան «միջամտող» է, որ օրենքը պետք է արձագանքի, այն արգելափակի կամ հեռացնի։ 

Բացի այդ, նման ձևակերպումները Եվրոպական դատարանի պրակտիկայում հաճախ դիտարկվում են որպես «օբյեկտիվ պատասխանատվության» հիմք, ինչը խոսքի ազատության տեսանկյունից անթույլատրելի մոտեցում է։ Ստացվում է, որ խոսքի որոշ տեսակներ կարող են արգելվել ինքնին իրենց գոյության պատճառով՝ առանց հաշվի առնելու դրանց հանրային նշանակությունը կամ հանրային շահը։ 

Ի վերջո, այս ամենը ստիպված են լինելու մեկնաբանել դատարանները, որովհետև առանց դատական մեկնաբանության նման դրույթը գործնականում կիրառելի չէ։ Իսկ Հայաստանում պարտադիր իրավական ուժ ունեն միայն Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները։ Մինչև որևէ գործ հասնի այդ ատյաններին, կարող են տարիներ անցնել։ Նման նորմի գոյությունն ինքնին կարող է վտանգել ազատ խոսքը։ Օրենքի նորմը գործում է ոչ միայն այն ժամանակ, երբ կիրառվում է, այլ նաև պարզապես իր գոյությամբ։ Եվ հենց այդ գոյությունն արդեն կարող է որոշ լրատվամիջոցների ստիպել ավելի զգուշավոր կամ ինքնասահմանափակվող լինել։