Լուսանկարը՝ «Խոսքի ազատության և մեդիայի զարգացման համաշխարհային միտումներ» զեկույցից

Մայիսի 3-ին աշխարհը նշում է Մամուլի ազատության համաշխարհային օրը։ Այն  հռչակվել է 1993 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Լրագրության ներկա մարտահրավերների ֆոնին այս օրը հիշեցնում է, որ ազատ ու անկախ մամուլն է ժողովրդավարության և խաղաղության հիմքը։ Եվ երբ լրագրությունը թուլանում է, զուգահեռաբար վտանգվում են նաև այս արժեքները։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խոսքի ազատության և մեդիայի զարգացման համաշխարհային միտումներ» (2022–2025) զեկույցը ցույց է տալիս, որ 2012 թվականից ի վեր խոսքի ազատության մակարդակն աշխարհում նվազել է մոտ 10 %-ով, որի համար հիմք են հանդիսացել․

  • Աշխարհում զինված հակամարտությունների աճը` 2024 թվականին 61 ակտիվ հակամարտություն է եղել։
  • Մեդիայի նկատմամբ վերահսկողության և սահմանափակումների աճը մոտ 48%-ով։
  • Ինքնագրաքննության աճը շուրջ 63%-ով, ինչը պայմանավորված է տարբեր վախերով, առցանց ճնշումներով և տնտեսական կախվածությամբ։ 
  • Լրագրողների նկատմամբ բռնությունների բարձր մակարդակը։ 
  • Թվային հարթակների և ԱԲ-ի ազդեցությամբ տեղեկատվական էկոհամակարգերի խաթարումը և այլ հանգամանքներ։ 

Զեկույցը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում լրագրողների անվտանգության խնդրին՝ նշելով, որ սպառնալիքները շարունակաբար աճում են և շատ երկրներում լրագրությունը շարունակում է մնալ վտանգավոր մասնագիտություն։ Միայն վերջին 3,5 տարվա ընթացքում սպանվել է 310 լրագրող։ 

Շատ երկրներում էլ նկատվում է միտում, որ հաճախ ավելի են թիրախավորվում կին լրագրողները։ 2022 թվականից մինչև 2025-ի սեպտեմբեր աշխարհում սպանվել է 24 կին լրագրող: Քիչ չեն դեպքերը, երբ նրանք ենթարկվել են նաև վերբալ կամ ֆիզիկական սեռական ոտնձգության։  

ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի առանցքային գաղափարներից մեկն էլ այն է, որ տեղեկատվությունը պետք է դիտարկել՝ որպես հանրային բարիք։ Սակայն այսօր այդ սկզբունքը գտնվում է լուրջ ճնշման տակ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական գործոններով։ Մեծ տեխնոլոգիական ընկերությունների ազդեցության աճը ստեղծել է միջավայր, որտեղ ատելության խոսքն ու ապատեղեկատվությունը հեշտությամբ տարածվում են, իսկ հանրային վստահությունը մեդիայի նկատմամբ նվազում է։ 

Այս ամենի արդյունքում հասարակությունները դառնում են ավելի խոցելի ապատեղեկատվության, բևեռացման և մանիպուլյացիայի նկատմամբ։ Հենց սա է պատճառը, որ զեկույցը ևս մեկ անգամ շեշտում է, որ որ մամուլի ազատությունն ու անկախ լրագրությունը պարզապես մեդիա ոլորտի խնդիրներ չեն․ դրանք կարևոր գործոններ են խաղաղության, տնտեսական զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության համար։

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված ամենամյա միջոցառումներն այս տարի անցկացվելու են մայիսի 4-ին և 5-ին՝ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում։ «Խաղաղ ապագայի ձևավորում» խորագիրը կրող միջոցառման ընթացքում հիմնական քննարկումները լինելու են հետևյալ ուղղություններով․

  • մամուլի ազատություն, խաղաղություն և անվտանգություն
  • թվային փոխակերպում և արհեստական բանականություն
  • մեդիայի կենսունակություն և ներառականություն

Այս մոտեցումը ցույց է տալիս, որ մամուլի ազատությունը այլևս չի կարող դիտարկվել մեկ ոլորտի շրջանակում և որ այն պահանջում է համատեղ լուծումներ։

Մամուլի ազատության համաշխարհային օրվա կարևորագույն իրադարձություններից մեկն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Գիլյերմո Կանոյի անվան ամենամյա մրցանակի շնորհումն է։ Այս տարի այն շնորհվել է Սուդանի լրագրողների սինդիկատին՝ երկրում ընթացող հակամարտության պայմաններում լրագրողների իրավունքների պաշտպանության և խախտումների լուսաբանման համար։ 2023 թվականից ի վեր՝ սինդիկատը արձանագրել է տասնյակ լրագրողների մահեր և հարյուրավոր խախտումներ, սակայն շարունակում է իր գործունեությունը։

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ևս անդրադարձել է սպանված լրագրողների թվի ավելացմանը, լրագրողների նկատմամբ իրականացվող գրաքննությանն ու իրավական հետապնդումներին։ Նա ասել է, որ հատկապես պատերազմական գոտիներում լրագրողները հաճախ դառնում են կանխամտածված թիրախ, իսկ նրանց դեմ իրականացված հանցագործությունների շուրջ 85%-ը մնում է չբացահայտված ու անպատիժ։ 

«Երբ վստահելի տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է, աճում է անվստահությունը, աղավաղվում է հանրային քննարկումը, թուլանում է հասարակական համախմբվածությունը։ Իսկ երբ լրագրությունը թուլանում է, ճգնաժամերը դառնում են ավելի դժվար կանխարգելելի և լուծելի։ Մամուլի ազատությունը բոլոր ազատությունների հիմքն է․ առանց դրա անհնար են թե՛ մարդու իրավունքները, թե՛ կայուն զարգացումը, և թե՛ խաղաղությունը»,- գրված է  Գուտերեշի ուղերձում։