Պատերազմների լուսաբանումները հաճախ սկսվում են զոհերի, տեղահանվածների, ավերված քաղաքների մասին պատմող թվերից։ Բայց իրականում դրանք պատմություններ են ոչ թե թվերի, այլ մարդկանց մասին, որոնք ապրում են անորոշության, վախի ու կիսաճշմարտությունների պայմաններում։ Լրագրողը, որը փորձում է փոխանցել այդ պատմությունները, ինքն էլ հաճախ հայտնվում է նույն այդ իրականության մեջ՝ սահմանափակ տեղեկատվություն, հակասական աղբյուրներ, էմոցիաներ ու մասնագիտական էթիկա։

Ինչպե՞ս պատմել իրականությունը, երբ այն մասնատված է, ի՞նչ է նշանակում լինել լրագրող այն պահին, երբ դու ոչ միայն պատմում ես պատերազմի մասին, այլև ապրում այդ իրականության մեջ։ 

Երևանում անցկացված «Թվապատում․ Aftershock 2026» -ի «Հենց հիմա՝ առաջին գծում» խորագրով պանելային քննարկման մասնակիցները փորձեցին սեփական փորձով տալ այս հարցերի պատասխանները։ Քննարկման մասնակիցները ներկայացրեցին Իրանի և Ուկրաինայի օրինակները՝ ցույց տալով, թե ինչպես է մեդիան գործում պատերազմի և ճգնաժամի պայմաններում։

Փունե Ղոդուսի՝ BBC-ի Global Partnerships-ի ղեկավար, մեկնաբան, խմբագիր, Մեծ Բրիտանիա

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք պատերազմ լուսաբանող լրագրող եք։ Դա արդեն դժվար է, վտանգավոր, հոգեբանորեն ծանր, բայց դու պատրաստ ես դրան։ Դա քո մասնագիտությունն է։

Հիմա պատկերացրեք, որ դուք լուսաբանում եք Ձեր սեփական երկրում տեղի ոնեցող պատերազմը, այստեղ ամեն ինչ փոխվում է։ Այստեղ այլևս պատմություն չես փոխանցում, այստեղ խոսքը քո քաղաքի մասին է, քո դպրոցի, քո տան, քո հիշողությունների։ Եվ հանկարծ դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղ ոչ միայն տեղեկատվությունն է սահմանափակ, այլև դու ինքդ ես կտրված այդ իրականությունից։ Ես հենց այդպիսի լրագրող եմ։ Ես Իրանից եմ, բայց արդեն մոտ 20 տարի ինձ թույլ չեն տալիս վերադառնալ։ Ես լուսաբանում եմ իմ երկիրը՝ առանց այնտեղ լինելու իրավունքի։

Դու փորձում ես հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում, երբ քեզ հասնող ամեն տեղեկություն մասնատված է, հաճախ՝ հակասական։ Դու փորձում ես զգալ մարդկանց տրամադրությունը, հասկանալ նրանց ցավը, վախերը, հույսերը՝ առանց նրանց հետ ազատ խոսելու հնարավորության։ Քանի որ եթե նրանք քեզ նյութ ուղարկեն, կարող են ձերբակալվել։ Եթե դու փորձես խոսել պաշտոնյաների հետ՝ նրանք պարզապես չեն խոսի քեզ հետ։ Դու մնում ես գրեթե առանց գործիքների՝ ճշմարտությունը ստուգելու համար։

Եվ այդ ընթացքում դու խրվում ես մի հսկայական ճահիճի մեջ՝ լցված տրավմայով, սպառնալիքներով, ծանր հույզերով։

Փունե Ղոդուսի

Միևնույն ժամանակ տեսնում ես, թե որքան տարբեր կերպ են մարդիկ ընկալում նույն պատերազմը։ Կան մարդիկ, որոնք բառացիորեն ռմբակոծության տակ են, բայց ասում են՝ սա փրկություն է, սա ազատագրում է, և նրանք շնորհակալություն են հայտնում արտաքին ուժերին։ Կան ուրիշներ, որոնք դա տեսնում են որպես անօրինական, ցինիկ պատերազմ՝ մեծ ուժերի շահերի համար։ Եվ կա երրորդ խումբը՝ մարդիկ, որոնք ատում են իրենց ռեժիմը, բայց նույնքան ատում են արտաքին միջամտությունը, որովհետև չեն ուզում իրենց երկիրը քանդված տեսնել։

Եվ դու՝ լրագրողդ, կանգնած ես այդ բոլոր պատմությունների մեջտեղում՝ առանց հասանելիության, առանց լիարժեք փաստերի, բայց հսկայական պատասխանատվությամբ։

Միաժամանակ բոլոր կողմերից ճնշում է գալիս։ Իշխանությունները քեզ հալածում են։ Ընդդիմությունը մեղադրում է, որ բավականաչափ կոշտ չես։ Մյուսները պահանջում են, որ ավելի բացահայտ կողմ բռնես։ Մարդիկ քեզանից սպասում են անհնարինը՝ լինել արագ, ճշգրիտ, առաջինը և անսխալ՝ միաժամանակ։ Եվ երբ դա չի ստացվում՝ քեզ քննադատում են։ Երբեմն նույնիսկ սպառնում են։

Ես դա անձամբ եմ ապրել։ Իմ ակտիվները սառեցվել են Իրանում։ Ինձ չեն թողնում վերադառնալ։ Իմ ընտանիքը հարցաքննվել է։ Իմ գործընկերները մահվան սպառնալիքներ են ստացել։ Եվ դու հասկանում ես՝ սա պարզապես մասնագիտություն չէ։ Սա ընտրություն է, որի համար դու վճարում ես։

Բայց հենց այստեղ է գալիս ամենակարևոր հարցը՝ ինչի՞ համար ես դու սա անում։

Ես հասկացա, որ առաջին հերթին պետք է ազնիվ լինեմ ինքս ինձ հետ։ Հստակ հասկանամ՝ ով եմ ես, որտեղ եմ կանգնած, ինչ արժեքների համար եմ աշխատում։ Հետո՝ նույնքան ազնիվ լինեմ լսարանի հետ։ Ասեմ ոչ միայն այն, ինչ գիտեմ, այլ նաև այն, ինչ չգիտեմ։ Այն, ինչ չեմ կարող ստուգել։ Այն, ինչ ինձ թույլ չեն տալիս ասել։

Որովհետև իրականում լրագրողի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Դա նաև սեփական սահմանների ճանաչումն է։

Ես հաճախ պատկերացնում եմ դա այսպես․ մենք բոլորս մեր մեջ կրում ենք «ուսապարկ»՝ լցված մեր հավատներով, մեր տրավմաներով, մեր քաղաքական պատկերացումներով, մեր հիշողություններով։ Եվ երբ գնում ենք աշխատանքի, պետք է փորձենք այդ ուսապարկը թողնել դռան մոտ։ Գոնե փորձենք։

Դա հեշտ չէ։ Գրեթե երբեք լիովին չի ստացվում։ Բայց առանց դրա լրագրություն անելն էլ անհնար է։

Եվ հետո գալիս է ևս մեկ ծանր ճշմարտություն․ ինչ էլ անես՝ մարդիկ դժգոհ են լինելու։ Կեսը կասի՝ շատ ես ասել, մյուս կեսը՝ քիչ ես 

ասել։ Եվ մի օր ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ եթե երկու կողմն էլ դժգոհ են ինձանից, գուցե դա նշան է, որ ես ինչ-որ տեղ ճիշտ ճանապարհին եմ։

Բայց այս ամենը դառնում է առավել ծանր, երբ դա քո սեփական երկրի մասին է։ Երբ դու ոչ միայն դիտորդ ես, այլ նաև այս պատմության մի մասը։ Երբ վտանգի տակ է ոչ միայն քո կարիերան, այլ նաև քո կյանքը և քո ընտանիքը։

Եվ, այնուամենայնիվ, ամեն առավոտ մենք արթնանում ենք և նորից անում դա։

Որովհետև վերջում ամեն ինչ հանգում է մեկ պարզ, բայց ծանր հարցի՝ ինչի՞ համար ես դու կանգնած։

Եթե այդ հարցի պատասխանը ունես, դու կարող ես շարունակել։ Եթե չունես՝ այս աշխատանքը քեզ կկոտրի։

Ռուսլանա Բրիանսկա՝ Hromadske Radio-ի գործադիր տնօրեն, Ուկրաինա

Մենք սկսեցինք Hromadske Radio-ի մեր թողարկումները 2016-ին, երբ Ուկրաինայում ամեն ինչ արդեն լարված էր։ Դա հեղափոխության շրջանն էր․ մարդիկ դուրս էին եկել փողոց՝ իրենց ձայնը պաշտպանելու, իսկ լրագրությունը՝ ճնշման տակ էր։ Գրաքննությունը իրական վտանգ էր, և հենց այդ պահին մենք որոշեցինք սկսել մեր ճանապարհը՝ որպես անկախ ռադիո։

2022-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին օրը, մենք կորցրեցինք մեր հաղորդիչների մի մասը։ Բայց հենց այդ օրը մենք կարողացանք ասել Մարիուպոլի մարդկանց՝ պատերազմը սկսվել է։ Երբեմն մեկ նախադասությունն արդեն կյանք է փոխում։

Այսօր մեզ լսում է շաբաթական մոտ 600․000 մարդ, իսկ առցանց տարբերակով ամսվա ընթացքում մեզ լսում են միլիոնավոր մարդիկ։ Բայց թվերը մեզ համար երկրորդական են։ Ամենակարևորը վստահությունն է։ Այն կապը, որը ունենք մարդկանց հետ, հատկապես նրանց հետ, ովքեր ապրում են օկուպացված տարածքներում, որտեղ ռուսական քարոզչությունն ամենաուժեղն է, իսկ անկախ տեղեկատվությունը՝ գրեթե անհասանելի։

Երբեմն այդ կապը շատ փոքր է թվում։ Պարզապես մի ռադիոալիք։ Բայց իրականում դա կյանքի գիծ է։

Մեր համահիմնադիրներից մեկը ավելի քան երկու տարի անցկացրեց ռուսական բանտում։ Պարադոքսն այն է, որ բանտում նա լսում էր մեր ռադիոն։ Նույնիսկ պահակներն էին լսում։ Եվ երբ նա վերադարձավ Կիև, ասաց որ «Եթե Hromadske Radio-ն կա, նշանակում է՝ Ուկրաինան էլ կա»։

Դա այն պահն էր, երբ ես հասկացա՝ մենք պարզապես լրատվամիջոց չենք։ Մենք ապացույց ենք, որ երկիրը դեռ կանգուն է։

Մեկ այլ պատմություն էլ կա, երբ քաղաքը օկուպացված էր, մարդիկ չունեին ոչ լույս, ոչ ինտերնետ, ոչ հեռուստատեսություն։ Աշխարհի հետ կապը կտրված էր։ Մնում էր միայն մարտկոցով աշխատող ռադիոն։ Եվ մարդիկ լսում էին մեզ։

Ռուսլանա Բրիանսկան՝ աջից

Մի տղամարդ հետո գիրք գրեց այդ օրերի մասին, և մի գլուխ կոչեց այսպես․ «Եթե օկուպացված քաղաքում լսում էիր ռադիոն, նշանակում էր՝ յուրայինները մոտ են»։

Ես ինքս էլ դա զգացել եմ։ Ես Բուչայից եմ։ Երբ վերադարձա, հարևաններս ինձ ասացին․ «Մենք ոչինչ չունեինք՝ ոչ ջուր, ոչ լույս, ոչ կապ։ Բայց մենք ունեինք ռադիոն։ Եվ մենք լսում էինք քո ձայնը»։

Դա այն պահն էր, երբ հասկացա՝ լրագրությունը երբեմն պարզապես ձայն լինելն է, որը մարդկանց հիշեցնում է՝ նրանք մոռացված չեն։ Բայց այս ամենը նաև ունի իր գինը։

Իմ գործընկերներից ոմանք աշխատում են հենց ռազմաճակատում։ Մեր թիմից մեկը սպանվեց ռուսական բանտում։ Մի քանի տարի առաջ նա գրում էր մեզ համար՝ հիանալի նյութեր։ Այսօր նա այլևս չկա։

Պատերազմը միայն պատմություն չէ, որ մենք փոխանցում ենք։ Դա նաև կյանքեր են, որոնք մենք կորցնում ենք։

Եվ այդ ամենին ավելանում են նաև այլ դժվարություններ։ Անցյալ տարի մենք ֆինանսական ճգնաժամի առաջ կանգնեցինք։ Կրճատեցինք հաղորդումները, փակեցինք բաժիններ։ Բայց չդադարեցինք։ Մենք շարունակեցինք աշխատել։

Ձմռանը մենք աշխատում էինք առանց էլեկտրականության։ Ստուդիայում լույս չկար, տներում՝ նույնպես։ Բայց մենք միացնում էինք տեխնիկան և շարունակում եթերը, որովհետև գիտեինք՝ ինչ-որ մեկը սպասում է այդ ձայնին։

Երբեմն ինձ հարցնում են՝ ինչու՞ եք շարունակում։ Ինչու՞ եք անում այս ամենը՝ հրթիռների, վտանգի, անորոշության մեջ։ Պատասխանը շատ պարզ է։

Որովհետև մենք կապ ենք մարդկանց միջև։ Որովհետև մեր ռադիոն օգնում է ոչ միայն տեղեկանալ, այլ նաև սովորել, հասկանալ, մնալ կապված երկրի հետ, եթե անգամ դու հեռու ես կամ մեկուսացված։

Եվ ես իսկապես հավատում եմ՝ մի օր մենք պատմելու ենք ոչ թե պատերազմի, այլ հաղթանակի մասին։

Եվ այդ օրը մեր ձայնը նույնն է լինելու։ Պարզապես՝ ավելի հանգիստ։