Գուրամ Ռոգավան «Թվապատում․Aftershock 2026» կոնֆերանսի ժամանակ

Վրացի լրագրող Գուրամ Ռոգավայի տեղեկացմամբ՝ 2024թվականին, հակաիշխանական ցույցերը լուսաբանելիս, Վրաստանում վնասվածք է ստացել 70 լրագրող՝ ընդամենը 10 օրում։ (Այս տվյալն է նշվում նաև RSF-ի 2024 թ. դեկտեմբերի հաղորդագրության մեջ):

Իշխանության դեմ ցույցերի ժամանակ է բռնության ենթարկվել նաև Գուրամը։ Համաձայն Newsgeorgia օնլայն հարթակի՝ 2025-ի նոյեմբերի 29-ին ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել հենց ուղիղ եթերում։ Նա դեպքի վայրում էր որպես ընդդիմադիր Formula հեռուստաալիքի մեկնաբան։ Այս տարվա փետրվարի 20-ին Ռոգավան ուղիղ եթերում հրաժեշտ է տվել հեռուստադիտողներին՝ տեղեկացնելով, որ հեռանում է հեռուստաընկերությունից։

Ապրիլի 17-18-ը Գուրամը Երևանում մասնակցում էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Թվապատում․Aftershock 2026» տարածաշրջանային կոնֆերանսին։

Ռոգավայի զեկույցը՝ «Մեդիան ճնշման տակ», անդրադառնում էր Վրաստանում խոսքի ազատության սահմանափակմանը, լրագրողների նկատմամբ բռնություններին, քաղաքական հալածանքներին՝ պայմանավորված իշխանությունների կողմից՝ երկրի զարգացման վեկտորի կտրուկ փոփոխությամբ։

«Ընդդիմության բողոքի ակցիաները լուսաբանելիս ոստիկանները հարձակվեցին ինձ վրա։ Բժշկն ասում էր՝ համարյա մեռած էի, հրաշք է, որ ձեռքերս ու ոտքերս հիմա գործում են»,-պատմում է լրագրողը։ Նրա խոսքով՝ ո՛չ այս, ո՛չ վնասվածքներ ստացած մյուս գործընկերների դեպքերով քրեական գործեր չեն հարուցվել, քննություն չի իրականացվել։ Իսկ ամենամեծ լսարան ունեցող Imedi TV-ն լրագրողների նկատմամբ բռնությունների մասին ոչինչ չի հայտնել։ Ըստ Գուրամի՝ միայն Imedi հեռուստաընկերություն նայող մարդը երբեք չի իմանա, թե երկրում ինչ է կատարվում։ «Խնդիրը ոչ միայն այդ բռնություններն էին, այլ նաև դրանց հանդեպ լռությունը»,-ասում է Գուրամ Ռոգավան

Գուրամ Ռոգավան «Թվապատում․Aftershock 2026» կոնֆերանսի ժամանակ

Նա ցուցադրում էր իր և մյուս ծեծված լրագրողների նկարները՝ նշելով․ «Ահա այսպիսի տեսք են ունենում լրագրողները Վրաստանում, երբ հարցեր են ունենում»։

Մեր վրացի գործընկերը համոզված է, որ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների դեմ պայքարում պետք է միասնական լինենք՝ «որպես գործընկերներ, հարևաններ, որպես բարեկամներ»: Այդ պայքարում միմյանց օգնելու ավելի արդյունավետ միջոց, քան միմյանց հանդիպելն ու դրա մասին խոսելն է, Գուրամ Ռոգավան դժվարացավ նշել։