Այսօր, երբ պատերազմը միայն ռազմի դաշտում չէ, այլ նաև էկրաններին, վերնագրերում և սոցիալական ցանցերում, լրագրողը հաճախ ստիպված է լինում կատարել շատ բարդ ընտրություն՝ ինչպե՞ս պատմել ճշմարտությունը, երբ իրականությունն արդեն լի է աղմուկով, հակասություններով ու ճնշումներով։
Այս հարցերի շուրջ էր կենտրոնացած Երևանում ապրիլի 17-18-ին անցկացված «Թվապատում․ Aftershock 2026» տարածաշրջանային կոնֆերանսը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը բացման խոսքում ասաց, որ կոնֆերանսի քննարկման առանցքում մեդիայի դերն է պատերազմի և շարունակական ճգնաժամերի պայմաններում։
«Մենք փորձում ենք անդրադառնալ հակամարտությունների լուսաբանմանը և լրագրողի դերին, լրագրության, ինֆորմացիայի և դրա շուրջ եղած բոլոր մարտահրավերներին։ Շատ բաներ մենք երբեմն չենք ընկալում որպես ճգնաժամ, բայց դրանք հենց իրական ճգնաժամեր են»,- ասաց Նունե Սարգսյանը։
Երկօրյա համաժողովը միավորել էր լրագրողների, մեդիա մասնագետների և փորձագետների՝ Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լեհաստանից և Հայաստանից։
Կոնֆերանսի ծրագրում ներառված պանելային քննարկումները լուսաբանում էին մեդիայի գործունեությունը՝ սկսած հետպատերազմյան փուլից մինչև տեղեկատվական պատերազմների պայմաններ։

«Թվապատում․ Aftershock 2026»
«Ներքին բախումների թիրախում» և «Հենց հիմա՝ առաջին գծում» պանելները կենտրոնացած էին լրագրողների անվտանգության, ճնշումների և մասնագիտական էթիկայի հարցերի վրա՝ հատկապես այն դեպքերում, երբ լրագրողը դառնում է ոչ միայն դիտորդ, այլև բախման անմիջական մասնակից։
Վրաստանից ու Մոլդովայից եկած բանախոսները ներկայացրեցին վերջին տարիներին իրենց երկրներում տեղի ունեցող ներքին բախումներն ու դրանց պայմաններում իր մասնագիտական գործունեությունը կատարող լրագրողին սպառնացող ռիսկերն ու դժվարությունները։
«Հենց հիմա՝ առաջին գծում» պանելի մասնակիցներն էլ Ուկրաինայի, Իրանի պատերզմների օրինակներով պատմում էին, թե որքան դժվար է լուսաբանել կոնֆլիկտը, երբ դու լրագրող լինելուց բացի, նաև տվյալ ազգի ներկայացուցիչ ես։ Փորձում էին պատասխանել դժվար հարցերի, թե ինչպես լինել անաչառ, պահպանել լրագրողական էթիկան ու չդառնալ կոնֆլիկտի կողմ։
Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեց նաև Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Զուգահեռ շրջան» ֆիլմը, որը վեց հերոսների անձնական պատմությունների միջոցով ներկայացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած խաղաղաշինության երեք տասնամյակների ճանապարհը։
Ֆիլմում բարձրացված հարցերին, ինչպես նաև անցումային փուլերում լրագրության դերին անդրադարձ եղավ «Մեդիան պատերազմից հետո, խաղաղությունից առաջ» պանելային քննարկման ընթացքում, որտեղ խոսեցին «Զուգահեռ շրջան» ֆիլմի հեղինակ Նելլի Ռաֆայելյանը, փորձագետ Սամվել Մելիքսեթյանը և Արցախից տեղահանված լրագրող Տաթևիկ Խաչատրյանը։
Նելլի Ռաֆայելյան՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, լրագրող
«Անկախության ողջ ընթացքում հայկական մեդիան անընդհատ պտտվում է նույն թեմաների շուրջ, և այդ շրջանը ոչ մի կերպ չի փակվում։ Թեև մենք ենթադրում ենք, թե պատմությունը գիծ է, որով պիտի առաջ շարժվենք ու ինչ-որ բան կառուցենք, իրականում մենք անընդհատ վերադառնում ենք նույն կետին։ Մեդիադաշտում նարատիվները, մեկնաբանությունները, մեղադրանքները, հերոսներն ու հակահերոսները կարծես նույնը լինեն. մենք պարզապես դոփում ենք տեղում։
Ես այս ֆիլմով ուզում էի ցույց տալ, որ մենք այս չփակվող պատմությունների գերին ենք։ Մեդիան, իմ կարծիքով, այդպես էլ փորձ չարեց դուրս գալ այդ շրջանից ու կողքից նայել, թե ընդհանրապես ինչ տեսք ունի մեր պատմությունը։

Նելլի Ռաֆայելյան
Գիտեք, մենք ունեինք «Շրջանի մասեր» ֆիլմաշարը, որը ներկայացնում էր հայկական ու ադրբեջանական քաղաքական նարատիվները։ Սակայն, որոշեցինք ֆիլմ նկարել քաղաքացիական հասարակությունների շփումների մասին, որը երկար ժամանակ մնացել է ստվերում կամ չափազանց խոցելի է եղել։ Խոսքը մարդկանց մասին է, ովքեր դեռ 90-ականներից երրորդ երկրներում հանդիպել են հակառակ կողմի ներկայացուցիչների հետ, փորձել են հասկանալ ընդհանուր ցավը և լուծումներ գտնել։ Մենք զրուցել ենք այդ գործընթացի հիմնական մասնակիցների հետ՝ նրանց ուղղելով հարցը՝ «Ի՞նչ ենք արել այս 30 տարիների ընթացքում, ի՞նչն է հաջողվել, և ինչո՞ւ ենք ձախողվել»։ Սա 52 րոպեանոց վավերագրություն է, որտեղ մենք փորձել ենք տեղավորել երեք սերունդների պատմությունը։
- Ավագ սերունդը, որը դեռ 90-ականներին ուղիղ կապի մեջ էր Բաքվի հետ և փորձում էր խաղաղության եզրեր գտնել։
- Միջին սերունդը, որը վերցրեց այդ էստաֆետը, բայց Արցախում հայտնվեց մեկուսացման մեջ. նրանց պիտակավորում էին որպես «դավաճանների», որովհետև նրանք համարձակվում էին խոսել հակառակորդի հետ։
- Երիտասարդները, ովքեր ծնվել են պատերազմից հետո և հիմա հարցեր ունեն իրենց պապերին ու ծնողներին՝ ինչո՞ւ է պատմությունն այս կետին հասել և ի՞նչ ժառանգություն են նրանք ստացել։
Ես կուզենայի, որպեսզի այս ֆիլմը ռեֆլեքսիայի և ինքնաբուժման առիթ դառնար։
Սամվել Մելիքսեթյան՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոն, փորձագետ
Մենք՝ որպես հասարակություն և պետություն, պատրաստ չէինք այն իրադարձություններին, որոնք տեղի ունեցան վերջին տարիներին։ Իրադարձություններն այնքան արագ են փոխվում, որ մեր վերլուծական կարողությունները պարզապես չեն հասնում դրանց հետևից։ Երբ մենք վերջապես հասկանում ենք մի փուլի տրամաբանությունը, իրականությունն արդեն շատ ավելի առաջ է գնացած լինում, ինչը մեզ գցում է անդադար սթրեսի և ճգնաժամի մեջ։
Այս վիճակում մենք բնազդաբար վերադառնում ենք մեր «պահուստային» գիտելիքներին, որոնք հաճախ հիմնված են ֆոլկլորային սյուժեների վրա։ Օրինակ՝ վերջերս, երեք տարբեր մարդիկ, միմյանցից անկախ, հիշեցին նույն պատմությունը. իբր իրենց նախնիներից մեկը ադրբեջանցի ընկեր է ունեցել, ով ասել է՝ «դու իմ լավ ընկերն ես, բայց եթե ինչ-որ բան լինի, ես քեզ պիտի սպանեմ»։ Սա դասական կոնֆլիկտային ֆոլկլոր է, որը շատ տարածված է։ Մենք ունենք պատրաստի պատասխաններ՝ «թուրքը մնում է թուրք», և սա գալիս է դեռ 60-70-ականներից, երբ մարդիկ խուսափում էին գիշերել հարևան ադրբեջանական գյուղերում։ Նույնը, վստահաբար, կատարվում է հակառակ կողմում։

Սամվել Մելիքսեթյան
Մենք գիտենք բոլոր պատճառները, թե ինչու պիտի թշնամի լինենք, բայց մեզ բացարձակ հայտնի չեն հակառակ գործընթացները։ Մեր ընկալումը միակողմանի է. մենք հակառակ կողմին տեսնում ենք միայն որպես վտանգ և առավելագույնս պարզեցնում ենք նրա կերպարը։ Սա բերում է հումանիզացիայի բացակայության։ Օրինակ՝ հայկական կողմի համար Աղդամի ավերումը երբեք հումանիտար թեմա չի եղել, մինչդեռ հայկական գյուղերի կորուստը մենք ընկալում ենք որպես սուր ողբերգություն։ Սրանք հայելային մեխանիզմներ են, որոնք աշխատում են երկու կողմում էլ։
Վերցնենք սահմանազատման թեման. մեդիայում անդադար խոսվում է «Տավուշի գյուղերը հանձնելու» մասին, մինչդեռ տարրական փաստերի ստուգումը ցույց է տալիս, թե իրականում որտեղ են գտնվել այդ գյուղերը։ Կամ անկլավների հարցը. 2021 թվականից տարածվում է թեզը, թե այդ գյուղերը 20-ականներին չեն եղել կամ իրավական հիմք չունեն։ Բայց եթե ուշադիր հետազոտեք փաստաթղթերը, կտեսնեք, որ դրանք հիշատակվում են դեռ 19-րդ դարի առաջին կեսից։ Մեր մասնագիտական շրջանակը շատ փոքր է, և երբ մեծամասնությունը սկսում է խոսել հանրային ցանկություններից բխող թեզերով, օբյեկտիվ իրականությունը պարզապես դուրս է մղվում։
Մեր մեդիան հաճախ ոչ թե դետալներն է վերլուծում, այլ ուժեղացնում է տագնապները՝ ստեղծելով վտանգների մի հսկայական համակարգ։
Մենք ասում ենք՝ Ադրբեջանն արհեստական պետություն է, նրանք էլ նույնն ասում են մեր մասին՝ պնդելով, թե Հայաստանն արտաքին ուժերի ստեղծած պրոյեկտ է։ Նրանք նույնիսկ համոզված են, որ միջազգային հանրությունը հայամետ է, քանի որ մենք քրիստոնյա ենք։ Այսինքն՝ երկու կողմն էլ օգտագործում է նույնատիպ տեքստեր՝ միմյանց պատմական իրավունքներից զրկելու համար։ Եթե դու պայքարում ես «հավերժ թշնամու» դեմ, ապա այդտեղ լուծումներ չկան։
Ես տեսնում եմ նաև մի վտանգավոր ճեղքվածք։ 90-ականներից ի վեր մեդիան և քաղաքական դաշտը խոսում են միայն անվտանգությունից, մինչդեռ բնակչության մեծամասնության համար առաջնային են սոցիալական խնդիրները։ Ձևավորվել է մի «լռակյաց մեծամասնություն», որի կարծիքը չի արտացոլվում ԶԼՄ-ներում, քանի որ այն հաճախ համարվում է «ոչ հայրենասիրական» կամ ցանկալի չէ քաղաքական առումով։ Մենք պետք է սովորենք աշխատել այս մարդկանց հետ, հասկանալ նրանց վախերն ու խնդիրները, այլապես այդ ճեղքվածքը մեզ կտանի նոր կոնֆլիկտների։ Մեր խնդիրն է փոխել փորձագիտական և մեդիա մշակույթը՝ հրաժարվելով հիպերդրամատիզացիայից և վերադառնալով օբյեկտիվ փաստերին։
Տաթևիկ Խաչատրյան՝ լրագրող, «Փոդքաթ»-ի համահեղինակ
Ամեն ինչ սկսվեց ոչ թե 2023-ի սեպտեմբերին, այլ շատ ավելի վաղ՝ բլոկադայի ծանր օրերին։ Այն, ինչ մենք տեսել և զգացել ենք, երբեմն անհնար է բառերով փոխանցել։ Հիշում եմ՝ վառելիք չկար, հնարավորությունները սուղ էին, բայց իմ գործընկերներն անդադար փորձում էին լուսաբանել Արցախում կատարվողը, որպեսզի աշխարհը հասկանա ներսում մնացած մարդկանց ապրումները։
Երբ սկսվեց էթնիկ զտման բուն գործընթացը, ես՝ որպես մարդ, պարզապես թևաթափ էի եղել։ Բայց ես անչափ շնորհակալ եմ իմ այն գործընկերներին, ովքեր չմոռացան իրենց մասնագիտական պարտքը։ Նրանք չթուլացան, աշխատեցին տեղահանության ողջ ընթացքում՝ ֆիքսելով կադրեր ու տեսանյութեր, որոնք այսօր պատմություն են։ Ես ինքս այդ օրերին Media.am-ում մի շարք սկսեցի՝ «Վատ լրագրողի պատերազմական օրագիրը»։ Ես հավատում եմ, որ եթե ընտրել ես այս մասնագիտությունը, դու պարտավոր ես մի քիչ ավելի ուժեղ լինել, քան մյուսները։
Տեղահանված լրագրողներից յուրաքանչյուրը Հայաստան հասնելուն պես փորձեց գտնել իր ամենակարևոր անելիքը։ Օրինակ՝ իմ գործընկեր Հայկ Ղազարյանը, լինելով և՛ պատերազմի մասնակից, և՛ լրագրող, որոշեց դիմակայել այն ցավոտ նարատիվին, թե «ղարաբաղցիները չեն կռվել»։ Նա սկսեց վավերագրել 2023-ի մարտական գործողությունները, խոսել այդ օրերին կռված տղաների հետ։ Իսկ ես ու Մարիամ Սարգսյանը որոշեցինք հանել այս կոնֆլիկտի «քաղաքական շղարշը» և խոսել մարդկային պատմություններից՝ մեր զգացմունքների ու ապագայի տեսլականի մասին։ Մենք հասկացանք, որ կորցրել ենք ոչ միայն տարածք, այլև մեր բարբառն ու մշակութային շերտը կորցնելու վտանգի առաջ ենք։ Հենց այդ պատճառով սկսեցինք մեր փոդքասթը։ Ընտրեցինք այդ ֆորմատը, որպեսզի կաղապարված չլինենք դասական լրագրության նորմերով, որպեսզի կարողանանք ազատ արտահայտել մեր էմոցիաները հենց մեր բարբառով։ Դա մեզ օգնեց ցույց տալ Արցախից եկած մարդկանց իրական դեմքը, ոչ թե այն «լռելյայն մեծամասնությունը», որին ոչ մեկ չի ճանաչում։

Տաթևիկ Խաչատրյան
Արցախում գործող տասնյակ լրատվամիջոցներից այսօր ինտենսիվ աշխատում են միայն երկուսը՝ «Արցախ TV»-ն և «Step1.am»-ը։ Հասարակական կազմակերպությունները կարողացան լրագրողներին օգնել, բայց նրանք ի վիճակի չեն արցախյան լրատվամիջոցների գործունեության ապահովման բեռն ամբողջությամբ իրենց վրա վերցնել։ Պետական քաղաքականության կարիք կա։ Մենք կորցնում ենք մեր արխիվները։ Ստեփանակերտի մամուլի ակումբի հետ փորձեցինք երկխոսել կառավարության հետ՝ գոնե արխիվացման համար բյուջե հայթայթել, բայց շարունակականություն չեղավ։ Թերևս վախենում են, որ ադրբեջանական կողմը դրա մեջ «ռևանշիզմ» կտեսնի, կամ պարզապես հետաքրքրվածությունն է քիչ։ Բայց սա ցավալի է։
Շատ արցախցի լրագրողներ Հայաստանում աշխատանքի անցան տարբեր մեդիաներում, բայց բախվեցին մի պատնեշի. նրանց հաճախ հորդորում են չլուսաբանել Արցախի թեմաները՝ «չեզոքություն» պահպանելու կամ ինտեգրումը հեշտացնելու համար։ Բայց շատերի համար դա անընդունելի է։ Ես ուզում եմ, որ մեր տեղահանված լրագրությունը լինի ոչ միայն դժվարությունների, այլև բովանդակության մասին, որպեսզի մեր ձայնը լսելի մնա։
Մյուս կարևոր կողմը լրագրողական աշխատանքի տեմպն ու միջավայրն է, որը Արցախում և Հայաստանում էապես տարբերվում էր։ Ես դեռ ուսանողական տարիներից էի զգում այդ կաշկանդվածությունը։ Արցախը փոքր համայնք էր՝ իր չգրված կանոններով, որտեղ բոլորը բոլորին ճանաչում էին։ Այդ փոքր միջավայրում լրագրողը մշտապես դառնում է «դեմագոգիայի» զոհ։
Հայաստանյան դաշտում ազատությունն ավելի մեծ է, բայց տեմպն ու տնտեսական պահանջները շատ ավելի դաժան են։ Շատ արցախցի լրագրողներ այսօր լքում են մասնագիտությունը ոչ թե այն պատճառով, որ չեն սիրում իրենց գործը, այլ որովհետև ֆինանսական ծանր վիճակը՝ վարձով բնակարանները, սոցիալական բեռը, ստիպում են գտնել ավելի բարձր վարձատրվող աշխատանք։ Սա մասնագիտական մեծ կորուստ է մեզ համար։