Պատկերը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025թ․-ի հաղորդումից։

Հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները, ինչպես նաև ցանցային օպերատորները 2025 թվականի ընթացքում աշխատել են համակարգային ճգնաժամի պայմաններում․ սա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) գնահատականն է։

Հանձնաժողովի 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ ասվում է, որ ճգնաժամի հիմնական պատճառները առցանց հարթակների ու թվային հսկաների հետ անհավասար մրցակցային պայմաններն են, մարդկանց նախասիրությունների փոփոխությունը, գովազդային եկամուտների կրճատումը և դրա հետևանքով հեռարձակվող բովանդակության որակի անկումը։

Ցանցային օպերատորների դեպքում խնդիրները պայմանավորված են անօրինական OTT և IPTV հարթակների զանգվածային ու չվերահսկվող գործունեությամբ։ Այս իրավիճակը խորանում է նաև իրավական կարգավորումների թերի լինելու պատճառով։

ՀՌՀ-ի գնահատմամբ՝ 2025 թվականին հեռարձակողները գործել են ազատ միջավայրում․ հանձնաժողովը չի ստացել էական բողոքներ՝ կապված պետական մարմինների կողմից ճնշումների կամ միջամտության վերաբերյալ։ Միայն «Շարկ» ՍՊԸ-ն («5-րդ ալիք») է հայտնել, որ իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց գործունեությունը հաճախ արժանանում է բացասական գնահատականների, աշխատակիցներն էլ թիրախավորվում են։

Նկարագրելով ազատ միջավայրում  հեռարձակողների գործունեությունը՝ Հանձնաժողովն անդրադարձել է մեկ այլ խնդրի։ Ըստ ՀՌՀ-ի դիտարկումների՝ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության վրա մեծ է սեփականատերերի ազդեցությունը։ Նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը հաճախ գալիս են առաջին պլան, ինչի արդյունքում հանրային նշանակության շատ թեմաներ անտեսվում են։ Ստացվում է, որ գովազդային շուկայի թերզարգացվածությունը մասնավոր լրատվամիջոցներին դարձնում է խոցելի և կախվածության մեջ գցում տարբեր հովանավորներից։

Տարվա ընթացքում կատարված մշտադիտարկումների արդյունքում ՀՌՀ-ն արձանագրում է, որ իր կարգավորման տիրույթում գործող  հանրային մուլտիպլեքսի հեռարձակողների և ցանցային օպերատորների ծրագրերում ատելության խոսքը, բռնության կոչերը և անհանդուրժողականության դրսևորումները նվազել են։ Մինչդեռ համացանցով հեռուստանման մեդիածառայություններ մատուցողները գործում են առանց իրավական սահմանափակումների և վերահսկողության։ Սա ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ և նպաստում ապատեղեկատվության, ատելության խոսքի ու ցածրորակ բովանդակության տարածմանը։

Հանձնաժողովում դժգոհ են, որ այս  խնդիրների  շուրջ գործադիրում ու օրենսդիրում չեն կազմակերպվել մասնագիտական քննարկումներ, և չեն նախաձեռնվել մեդիայի ոլորտում համընդհանուր խաղի կանոնների ձևակերպմանը միտված օրենսդրական փոփոխություններ:

Խոսելով կարգավորվող դաշտում գործող մեդիայի նկատմամբ անհավասար մրցակցային պայմանների մասին՝ ՀՌՀ-ն այս զեկույցում ևս անդրադարձել է Ընտրական օրենսգրքի պահանջին, ըստ որի հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր հեռարձակողները պարտավոր են Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության տրամադրել 25 րոպե անվճար եթերաժամ՝ քարոզչության համար։

Հեռարձակողների համար լուրջ խնդիր է նաև այն հանգամանքը, որ նախընտրական քարոզչության մեծ մասը տեղափոխվել է համացանց, ինչի հետևանքով հեռուստաընկերությունները ակնկալվում է, որ կկորցնեն վճարովի եթերաժամից ստացվող եկամուտների մի մասը։ Բացի այդ, առցանց հարթակներում քաղաքական ուժերը հաճախ առանց սահմանափակումների օգտագործում են վիրավորանք, ատելության խոսք և խտրականություն, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում և վնասում օրենքով աշխատող հեռարձակողների շահերին։

Մշտադիտարկելով Հանրային հեռարձակողների գործունեությունը՝ ՀՌՀ-ն նկատել է, որ «Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք» և «Առաջինի Լրատվական ալիք»  հեռուստածրագրերում, երբեմն  գերակշռում է Կառավարության օրակարգի լուսաբանումը և բացակայում է այլընտրանքային կարծիքի ներկայացումը։ Սակայն նաև նշվում է, որ Հանձնաժողովը չի կարող միջամտել Հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը։

Ի՞նչ է ցուցադրվում եթերում

Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները 2025-ի ընթացքում  ցուցադրել են տեղեկատվական, ժամանցային և այլ ձևաչափերի հաղորդումներ, ինչպես նաև մանկական, կրթական, մշակութային և մարզական ծրագրեր, որոնց ծավալը համապատասխանել է օրենքով սահմանված նվազագույն՝ 20 տոկոսի պահանջին։

Մարզային հեռարձակողների դեպքում հանրօգուտ հաղորդումների ծավալը ավելի ցածր է։ Ըստ ՀՌՀ-ի պատճառը հավանաբար ավելի սահմանափակ արտադրական ռեսուրսներն ու ֆինանսական հնարավորություններն են։

Եթերի կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև հեռարձակողները հիմնականում պահպանում են օրենքով սահմանված պահանջները, բովանդակության բազմազանությունն ու որակը շարունակում են մեծապես կախված լինել ֆինանսական հնարավորություններից, հատկապես մարզային մեդիայի դեպքում։