Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Լուսանկարը «VT Hayastan News»-ի էջից

Լեհաստանի «Telewizja Polska» (TVP) հեռուստաընկերությունը գործարկել է հայալեզու «VT Hayastan News» լրատվական ծառայությունը: 

Media.am-ի հետ զրույցում հայալեզու ծառայության խմբագիր, հաղորդավար Ռազմիկ Մարտիրոսյանն ասաց, որ նպատակը Հայաստանում և արտերկրում ապրող հայ համայնքի ներկայացուցիչների համար բազմակողմանի տեղեկատվության ապահովումն է։

«Սա Լեհաստանի Հանրային հեռուստաընկերության նախագիծն է։ Հայաստանից բացի այլ երկրներում ևս բացվել ու բացվելու են ծառայություններ։ Նպատակ ունի եվրոպական տեսանկյունից ներկայացնել քաղաքական, սոցիալական և տնտեսական իրադարձությունները, նպաստել նաև Հայաստանում Եվրոպական Միության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Լեհաստանի հետ համագործակցության ամրապնդմանը»,- ներկայացրեց Մարտիրոսյանը։

«VT Hayastan News»-ը ստեղծվել է Լեհաստանի հանրային հեռուստաընկերության TVP-ի Միջազգային մեդիա կենտրոնի շրջանակներում և իրականացվում է երկրի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Ռազմիկ Մարտիրոսյանը «VT Hayastan News»-ի տաղավարում։ Լուսանկարը՝ Ռազմիկ Մարտիրոսյանի Ֆեսյբուքի էջից։

«VT Hayastan News»-ի ստեղծման ժամանակը համաընկել է Հայաստանում նախընտրական ժամանակաշրջանի հետ։ Ռազմիկ Մարտիրոսյանը այդ կապը ուղղակի հաըմընկնում որակեց և ուշադրություն հրավիրեց փաստի վրա, որ այս շրջանում լեհական TVP-ում նման ծառայություններ բացվել են նաև երկրներում, որտեղ ընտրություններ չեն սպասվում։

«Մենք ուզում ենք Հայաստանին առնչվող իրադարձությունները, Հայաստանում կատարվող իրադարձությունները ներկայացնել ավելի լայն համատեքստում, վերլուծել դրանք Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Եվրոպայի համատեքստում, ներկայացնել կատարվողը ավելի մեծ լսարանի համար։ Մենք հետևելու ենք բացառապես Լեհաստանի Հանրային հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը, մենք չենք միջամտելու Հայաստանի ներքին գործերին, չենք աջակցելու ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Լինելու ենք հնարավորինս չեզոք ու օբյեկտիվ»,- ասաց խմբագիրը։

Ծրագիրը եթերում կլինի շաբաթական հինգ օր, իսկ հաղորդումների տևողությունը նախատեսված է 18-20 րոպե։ Մարտիրոսյանի խոսքով՝ թեմատիկ բաժանումներ կան, բայց հիմնական առանցքը՝ ապատեղեկատվության, մանիպուլիացիաների դեմ պայքարն է, դրանց շուրջ ծավալվող իրադարձությունները և ռեպորտաժներն այդ թվում վերաբերելու են դրանց։ 

Ինքը՝ Ռազմիկ Մարտիրոսյանը, և ևս երկու հոգի, աշխատելու են Լեհաստանից, իսկ Հայաստանից ունենալու են թղթակիցներ։

«VT Hayastan News»-ի ծրագրերը կհեռարձակվեն «Belsat» ալիքով՝ երկուշաբթիից ուրբաթ, հասանելի կլինեն YouTube-ում և Facebook-ում։