Մայիսի 29-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկեղեցիների մասին, ասել էր, որ դրանք «չուլանացված են»։ Վարչապետի այս հայտարարությունը քննադատությունների արժանացավ, ինչպես հոգևորականների, այնպես էլ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների կողմից։ Մայիսի 30-ի վաղ առավոտյան վարչապետն ու նրա կինը սոցիալական մեդիայում սկսեցին մեկը մյուսի հետևից Հայ առաքելական եկեղեցու ու հոգևորականության դեմ ուղղված գրառումներ անել՝ վիրավորական արտահայտությունների կիրառությամբ։
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները իրարանցում առաջացրեցին սոցիալական ցանցերում։ Ֆեյսբքուքի շատ օգտատերեր սուր քննադատության ենթարկեցին Փաշինյանի բառամթերքը, դրանք համարելով անընդունելի ու ու ոչ կոռեկտ։
Վարչապետն իր գրառումներում առաջարկում էր առերեսվել հարցին, թե եպիսկոպոսաց դասից քանի՞սն է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Հետո էլ գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։
Փորձագիտական կարծիք
Թագուհի Թորոսյան՝ արվեստի համադրող և հետազոտող
Վարչապետի վերջին գրառումները սկանդալային են ոչ միայն լեզվական կամ քաղաքական տեսանկյունից, այլ խտացված դրսևորումն են հոնտոլոգիական դաշտի (hauntology-գաղափարների մի շարք է, որը վերաբերում է սոցիալական կամ մշակութային անցյալի տարրերի վերադարձին կամ պահպանությանը, որոնք կարծես թե հետապնդում են ներկան)։
Այս միջադեպը խոսում է ոչ միայն հետհեգնանքի ճգնաժամի մասին, այլ թե ինչպես են անցյալի ճշմարտություններն ու հեղինակությունների ուրվականները շարունակում ահաբեկել մեր ներկան։ Այս առումով իրավիճակը ներկայացնում է Պապ թագավորի և եկեղեցու միջնադարյան հակամարտությունը, ոչ որպես պատմական, այլ ուրվականային մոդել, որը կրկնվում է առանց լուծվելու։ Պատմականորեն գերիշխանության ձգտած արքայական ու հոգևոր իշխանությունները այժմ վերադառնում են որպես հետապնդող նշաններ։ Այսինքն՝ վարչապետը պարզապես չի հակամարտում եկեղեցու հետ, այլ փորձում է վերասահմանել իշխանության մարմինները՝ հեղինակության ուրվականներին վռնդելով ցածրալեզու ծաղրանքով, սակայն այդ հեգնանքը, չունի ապագայի հորիզոն, քանի որ փորձում են ապամարմնավորել անցյալի ձայները, և ոչ թե ստեղծել նոր լեզու։
Հայաստանի 3-րդ հանրապետությունում պետության և եկեղեցու բաժանումը լիովին տեղի չի ունեցել, իսկ աշխարհիկ պետության կառուցումը ենթադրում է նաև այդ բաժանումը։
Սակայն այդ գիտակցումը երբեմն ծայրահեղ գործողություններով ու խնդրահարույց խոսույթով է դրսևորվում։
Եվ կարծում եմ, որ երկրի ղեկավարը պետք է շատ ավելի զգոն լինի, որպեսզի չօգտագործի ծայրահեղ վիրավորական և անհարգալից լեզու, որի թիրախում կհայտնվեն նաև կանայք։ Այս գրառման մեջ մենք տեսանք, որ անուղղակիորեն թիրախավորված էր նաև կինը։
Գոռ Մադոյան՝ մեդիայի և հաղորդակցության մասնագետ
Վարչապետի գրառումն ապացուցում է, որ Հայաստանում ամենաբարձր պաշտոնյաների՝ վարչապետի, նրա կնոջ, պատգամավորների կողմից, պարզապես ոչնչացվում է հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվության երևույթը։
Մենք գործ ունենք գռեհկաբանության, բանսարկության, տհաճության, զզվանքի հասնող անանուն, անհասցե զրպարտությունների հետ։ Այս գռեհիկ բառապաշարն ու բառամթերքը իշխանության բարձրագույն ներկայացուցչի և նրա թիմակիցների մոտ, արդեն դարձել են սովորական երևույթ, ինչը նշանակում է, որ մենք գնում ենք փաստացի հանրային կյանքի վայրենացման ճանապարհով, որտեղ քաղաքակրթության չափանիշներն ու ուղենիշները չեն աշխատում։ Այդ վայրենացման դրսևորումները մենք տեսնում ենք ոչ միայն խոսքի, ոչ միայն փոխադարձ մեղադրանքների, պիտակավորումների, հայհոյանքների մակարդակում, այլ նաև ֆիզիկական մակարդակում, երբ օրինակ խմբակային ծեծ կարող է լինել։ Օրինակ, թաղապետը ՝ արդեն նախկին, կարող է բլոգերի ծեծել։
Հասարակական քաղաքական մթնոլորտի վայրենացման արդյունքում է, որ օրենքով իրարից անջատված հոգևոր և քաղաքական դաշտերի միջև սահմանը խախտվում է։ Նորմալ չէ, երբ աշխարհիկ իշխանությունը որոշում է հոգևոր իշխանության դաշտ մտնել, սաղմոսներ արտասանել կամ երբ եկեղեցու սրբազանը քաղաքականությամբ։ Տիրող իրավիճակն ավելի է սրվելու առաջիկա ընտրություններին զուգահեռ։
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան»-ի հրապարակած հանրային կարծիքի հետազոտության «Կովկասյան բարոմետրի» 2024թ․ արդյունքներով ՔՊ-ի վարկանիշը նվազել է և կազմում է 15,1 %։ Նույն հետազոտության արդյունքներով Հայաստանում հասարակության փոխադարձ վստահության մակարդակն էլ ընդամենը 12 %-է։ Այս երկու ցուցանիշների նվազումը հիմք է հանդիսանում, որ իշխանությունը իր համակիրներին կոնսոլիդացնելու համար դիմի այնպիսի միջոցների, ինչպիսիք են քաղաքական հակառակորդներին անվանարկելը կամ զրպարտելը և նրանց մասին ատելության խոսք տարածելը։
Երբ որևէ քաղաքական ուժի ընտրազանգված ձևավորվում է ատելության հիմքի վրա, հասկանալի է, որ պետք է անընդհատ ինչ-որ ատելության նոր չափաբաժին տալ, կարծես անընդհատ բենզին է պետք լցնել ատելության այդ կրակի վրա և ժամանակի ընթացքում բենզինի չափաբաժինը պետք է ավելի ու ավելի շատացնել։ Նրանց ընտրազանգվածին միավորողը թշնամիների դեմ պայքարն է։ Եվ կարևոր է, որ անընդհատ թշնամիներ լինեն, որ ընտրազանգվածն էլ ակտիվ մնա։ Հեգնական մոտեցում կա, որ կարծես թե Վարչապետը և նրա թիմակիցները պայքարում են հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանի էլեկտորատի համար։ Վարդան Ղուկասյանը նորմալիզացրեց հայհոյանքը, պիտակավորումները, անհասցե մեղադրանքները։
«Կովկասյան բարոմետրի» -ի արդյունքներով քաղաքացիների 55%-ը չեզոք է, չի հարում ու չի համակրում որևէ քաղաքական ուժի։ Ներկայումս մեր քաղաքական դաշտում տիրող այս հակաէսթետիկ, գորշ, գաղջ մթնոլորտը ստիպելու է նրանց հիասթափվել ու չմասնակցել քաղաքական որևէ գործընթացի, նրանք չեն մասնակցելու ընտրություններին ու քաղաքական կյանքին։
Ես հույս ունեմ, որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ եկեղեցին, կոպիտ ասած, խայծը կուլ չեն տա։ Իսկ սա իսկապես խայծ է, կոնֆլիկտ հրահրելու փաստացի սադրանք։
Հույս ունեմ, որ ընդդիմությունն իր խոսույթում ավելի զուսպ կլինի, քան իշխանությունը։ Ավելի հավասարակշիռ կլինի, որովհետև նույն ոճով շարունակելու դեպքում նրանք կտուժեն։ Ընդդիմության խնդիրը հիմա այդ չեզոք ընտրազանգվածին, որի մասին քիչ առաջ խոսեցինք, գրավելն է, իսկ հասարակության այդ հատվածը զզվել է այս ոչ պարկեշտ, ոչ հավասարակշիռ, ոչ էսթետիկ խոսույթից։ Որքան ընդդիմությունը զուսպ լինի, որքան ընդդիմությունը չարձագանքի կամ արձագանքի այլ բառապաշարով ու այլ մեթոդաբանությամբ, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կկարողանա այդ չեզոք ընտրազանգվածին իր կողմը գրավել։ Նրանք պետք է ցույց տան, որ տարբերվում են գործող իշխանությունից և քաղաքացին պետք է ընտրի նրանց, քանի որ նրանք այլ որակների ու համոզմունքների կրող են։ Իսկ եթե նրանց միջև տարբերություն չլինի, ապա մարդիկ պարզապես կհիասթափվեն, չեն գնա ընտրության ու գործող իշխանությունը հնարավորություն կունենա վերարտադրվելու։