Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան»-ը հրապարակել է հանրային կարծիքի հետազոտության «Կովկասյան բարոմետրի» 2024թ․ արդյունքները։

Քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ թեմաներով հարցաշարին 2024 թ․ հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում պատասխանել է 1,561 հոգի։

«Կովկասյան բարոմետր»-ն անցկացվում է 2004թ․-ից։ Կան հարցեր, որոնք ընդգրկվել են բոլոր տարիների հարցումներում ու կարելի է դիտարկել ժամանակի ընթացքում այս կամ այն թեմայի վերաբերյալ հանրային կարծիքի փոփոխությունները։ Այդպիսի հարցերից է Հայաստանում լրատվամիջոցների նկատմամբ վստահությունը։ 2021-ին այն հասել էր պատմական մինիմումին՝ հարցվածների 52%-ն ասել էր, որի ընդհանրապես չի վստահում լրատվամիջոցներին և միայն 2%-ն էր «լիավոին վստահում» լրատվամիջոցներին։ 2024թ․-ի արդյունքներով լրատվամիջոցներին «ընդհանրապես չեն վստահում» հարցվածների 34%-ը, «լիովին վստահում են»՝ 4%-ը։

«Կովկասյան Բարոմետր Հայաստան» 2024: Էկրանապատկերն արվել է 2025թ․ մայիսի 23-ին։

Հարցաշարը մի ամբողջ բաժին հարցեր է պարունակում մեդիայի սպառման մասին։ Հարցվածների 34%-ն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ ստանալու իր հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, 28%-ը՝ սոցիալական ցանցերը, 21%-ը՝ ինտերնետը(բացի սոցիալական ցանցերը)։

«Կովկասյան Բարոմետր Հայաստան» 2024: Էկրանապատկերն արվել է 2025թ․ մայիսի 23-ին։

Այս հարցին պատասխանելիս հեռուստատեսությունն ընտրածների թիվը նվազել է 2021թ․-ի համեմատ։ Այդ տարվա հարցման արդյունքներով իրադարձություններին տեղյակ լինելու համար հեռուստացույց էր դիտում հարցվածների 42%-ը։

Ըստ հարցման արդյունքերի Հայաստանում քաղաքական իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար հեռուստաալիքների ցանկից ամենաշատը վստահում  են Առաջին (Հանրային) ալիքին (19.5%), երկրորդը՝ Արմենիա TV-ին(19%), երրորդը՝ Շանթ TV(12.1%)։

Հարցվածների 3.8%-ն ասել է, որ երկրի քաղաքականության և իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ամենաշատը վստահում է Վարդան Ղուկասյանի Յություբի ալիքին, 2.1%-ը՝ «Չիբուխչյան Լայվ» ալիքին։ 21.4%-ն ասել է, որ չի վստահում հասարակական գործիչների Յություբյան ալինքերին, իսկ 54.9%-ն ընտրել է «Ես չեմ դիտում հասարակական գործիչների Յություբյան ալիքներ» պատասխանը։

 

«Կովկասյան Բարոմետր Հայաստան» հետազոտության հանրային ներկայացման սահիկաշար: Էկրանապատկերն արվել է 2025թ․ մայիսի 23-ին։