Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրող Ռուզաննա Խաչատրյանն ահազանգում է՝ խորհրդարանի օթյակներից մեկից չեն թույլատրում տեսանկարահանել իրենց թիկունքով նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս մասնակցում է կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին։   

«ԱԺ-ում երկու օթյակ կա, որտեղից լրագրողները հետևում են խորհրդարանի աշխատանքներին: Դրանցից մեկը շատ մոտ է կառավարության անդամներին և, երբ հարց ու պատասխանի ժամանակ փորձում ենք նկարահանել վարչապետին, իր անվտանգության աշխատակիցները չեն թույլատրում: Հենց տեսախցիկը միացնում ես, անվտանգության աշխատակիցը մոտենում է, ասում է՝ չնկարահանել: Առավել մեծ խնդիր է առաջանում, երբ զում ես անում և փորձում նկարել ավելի մոտիկից: Վերջերս էր, հերթական անգամ փորձում էի նկարել, անվտանգության աշխատակիցը ձեռքով փակում էր հեռախոսի տեսախցիկը»,- media.am-ի հետ զրույցում ասաց NEWS.am լրատվական կայքի լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։  

Նա նշեց, որ խնդիրը նոր չէ, այն նկատվել է մոտավորապես 2020 թվականից հետո։  

«Նման օրենք, որով կարգելվի այդ օթյակից նկարահանել կառավարության անդամներին չկա, բայց քանի որ պարբերաբար անվտանգությունը մոտենում է ու նման պահանջ ներկայացնում, սա արդեն դարձել է չգրված օրենք։ Բացատրությունն այն է, որ վարչապետն աշխատում է համակարգչով, հեռախոսով, փաստաթղթեր է նայում ու դա տեսանկարահանել չի կարելի»,- պատմեց լրագրողը՝ նշելով, որ կառավարության մյուս անդամներին հենց նույն օթյակից տեսանկարահանելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում։  

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սակայն, վստահեցնում է՝ նման երևույթի մասին առաջին անգամ է լսում։ Media.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հարցը պետք է Ազգային ժողովը մեկնաբանի։ «Թեմայի մեկնաբանությունը ԱԺ-ի տիրույթում է։ Եթե նկատել եք, վարչապետի ներկայությամբ խորհրդարանի դահլիճում օպերատորներ են լինում, ովքեր հնարավորություն ունեն շատ մոտ հեռավորությունից նկարահանում իրականացնել»,- ասաց Բաղդասարյանը։  

Խնդրի մասին խոսվել է նաև երեկ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, որին ներկա էր օմբուդսմեն Անահիտ Մանասյանը:  

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց, որ լրագրողներից ահազանգ է ստացել, որ վարչապետի անվտանգության աշխատակիցներն արգելել են Նիկոլ Փաշինյանին վերևից նկարել՝ համարելով, որ դա անվտանգային խնդիր է: «Խնդրում եմ սա՝ որպես ահազանգ ընդունել»,- ասել է Թագուհի Թովմասյանը:  

Ի պատասխան Անահիտ Մանասյանն ասել է, որ օթյակից նկարելն արգելելու մասին տեղեկատվություն չունի ու խնդրել է պատգամավորին նիստից հետո ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել։ Միաժամանակ ՄԻՊ-ը ասել է, որ անձնական տվյալների պաշտպանությունը կարևոր դերակատարություն ունի, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ բացառելու լրագրողների պատշաճ գործունեությունը:  

«Լրագրողները պետք է նկատի ունենան, որ անձնական տվյալների պաշտպանությունը առավել ոչ պատշաճ մակարդակով կարգավորված հարցերից մեկն է, ընդորում՝ ասեմ, ոչ միայն անձնական մակարդակում, այլև պետական մարմինների համատեքստում։ Ընկալումներն էլ ոչ պատշաճ են, ձևախեղված։ Մարդիկ կարող են անգամ չպատկերացնել, որ տեղեկատվությունը բժշկական գաղտնիք կարող է լինել»,- ասել է նա։