Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի հետ դաշնային դրամաշնորհային համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որով երաշխավորվում է, որ «հարկատուների գումարներն այլևս չեն ծախսվի արմատական քարոզչության ֆինանսավորման համար»։  

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսի խոսքով՝ կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը կդառնա «հսկայական նվեր ԱՄՆ թշնամիների համար»։ 

«Իրանական այաթոլլաները, չինական կոմունիստական առաջնորդները և ավտոկրատները Մոսկվայում ու Մինսկում կտոնեն «Ազատություն» ռադիոկայանի անկումը 75 տարվա աշխատանքից հետո։ Հաղթանակը մեր թշնամիներին զիջելը նշանակում է ուժեղացնել նրանց և թուլացնել Միացյալ Նահանգները։ Լրատվամիջոցի ողջ հարուստ պատմության ընթացքում մենք օգտվել ենք երկկուսակցական աջակցությունից։ 50 միլիոն մարդ, ովքեր ապրում են փակ հասարակություններում, ամեն շաբաթ հույս են դնում մեզ վրա՝ ճշգրիտ լուրեր և տեղեկություններ ստանալու համար։ Հիմա նրանք կմնան առանց Ամերիկայի և աշխարհի մասին ճշմարտությունն իմանալու հնարավորության»,- ահազանգել է Կապուսը։ 

Այսօր արդեն հայտնի է, որ «Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել USAGM-ի, ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ կանխելու Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու փորձերը։ 

Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: 

Ռադիոկայանի տասնամյակների ներդրումն ու դերակատարումը հաշվի առնելով, ԵՄ 10 երկրներ համատեղ հայտարարություն են ստորագրել, «Ազատություն» ռադիոկայանի «ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ փնտրելու» պատրաստակամության մասին:  

Հայտարարությունը ստորագրել են Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Էստոնիան, Գերմանիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Սլովենիան և Շվեդիան։ 

Այդ հայտարարության մեջ ասվում է, որ «Ազատություն» ռադիոկայանը «կենսական դեր է խաղացել քաղաքացիներին անկախ, անկողմնակալ և փաստերի վրա հիմնված տեղեկատվություն տրամադրելու գործում, հատկապես այն շրջաններում, որտեղ մամուլի ազատությունը վտանգի տակ է»: 

«Սառը պատերազմի ողջ ընթացքում այն հուսալի լուրերի կենսական աղբյուր է հանդիսացել երկաթե վարագույրի հետևում գտնվող լսարանի համար՝ առանցքային դեր խաղալով մեր շատ երկրների պատմության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Միաժամանակ, հայտարարության հեղինակները նշում են, որ «Ազատություն» ռադիոկայանը  «նպաստում է եվրոպական անվտանգության ապահովմանը», եւ դրա լուծարումը «նվեր կլինի Եվրոպայի հակառակորդներին»։ 

Վերջին օրերին «Ազատությանն» իրենց համերաշխությունն են հայտնել լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ։  

Բրյուսելում գործող Օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան հայտարարել է, որ «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու վերջին որոշումը լուրջ հետընթաց է անկախ լրագրության և մամուլի ազատության սկզբունքների համար:  

«Ապատեղեկատվության և ավտորիտար պատմությունների դեմ պայքարը «Ազատություն» ռադիոկայանի հիմնական առաքելությունն է ավելի քան 75 տարի: Նրանց չգրաքննված լուրերը հասել են միլիոնավոր մարդկանց, որոնք զրկված են դրանցից փակ հասարակություններում: Ճշգրիտ, անկողմնակալ և փաստերի վրա հիմնված հաղորդումները մնում են նույնքան անհրաժեշտ», – հայտարարել է ընկերակցության նախագահ Դաֆիդ աբ Յագոն, ընդգծելով՝ «Ազատություն» ռադիոկայանի կորուստը խաթարում է ժողովրդավարական արժեքները պաշտպանելու և ճնշող վարչակարգերին դիմակայելու հավաքական ջանքերը: 

Եվրահանձնաժողովի խոսնակն Պաուլո Պինոն էլ հայտարարել է, որ իրենք «Ազատությունը» տեսնում են որպես ճշմարտության, ժողովրդավարության և հույսի փարոս՝ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար:  

«Եվ, իհարկե, չմիջնորդավորված բովանդակության և կեղծ լուրերի դարաշրջանում լրագրությունն ու մամուլի ազատությունը, որը դուք բոլորդ ներկայացնում եք, կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության համար, և այս որոշումը ծառայելու է մեր ընդհանուր հակառակորդների շահերին», – ընդգծել է խոսնակը։ 

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Կայա Կալլասը հայտարարել է, որ «Ազատությունն» այն ռադիոկայանն է, որի շնորհիվ տեղեկություններ էին ստացվում այն մասին, թե ինչ է կատարվում «երկաթե վարագույրից» այն կողմ: 

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է, որ այս քայլով ԱՄՆ-ը նահանջում է ազատ տեղեկատվությունը պաշտպանելու պատմական դերակատարումից: 

CPJ հիմնադիր տնօրեն Ջոդի Գինսբերգն էլ համարում է, որ սա «պարգև է բռնապետին»: «Անկախ լրատվամիջոցների դեմ այս քայլը լուրջ վտանգի տակ է դնում լրագրողների կյանքը, որոնք հսկայական մարտահրավերների են դիմակայել՝ լուր հաղորդելու գրաքննության ենթարկված երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց»,- ասել է Ջոդի Գինսբերգը:  

Իրավիճակին անդրադարձել է նաև «Ազատության» նախկին նախագահը՝ Թեդ Լիպիենը: «Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները պետք է ճնշում գործադրեն Սպիտակ տան վրա, որպեսզի «Ազատությունը» օր առաջ վերսկսի իր հեռարձակումը»,- նշել է նա: 

Ի դեպ, Ռուսաստանում չեն թաքցրել իրենց ուրախությունն այս առիթով: ՌԴ խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Ազատությունը» Ռուսաստանում պոպուլյար լրատվամիջոց համարել չի կարելի, իսկ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ասել է, որ փակման լուրն իրենց համար «տոն է»: «Սա լավ որոշում է Թրամփի կողմից»,- հավելել է Սիմոնյանը: 

Աշխարհի 23 երկրներում 27 լեզուներով գործող «Ազատության» հայաստանյան ծառայությունը 75 տարվա պատմություն ունի, ինչի մասին փոխանցում է ծառայությունը: