Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձանժողովը (ՀՌՀ) ներկայացրել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը։  

Քաղաքական գովազդ կհեռարձակվի 11 հեռուստաալիքներով, որոնցից մեկը մարզային է և 5 ռադիոալիքներով, որոնցից 2-ը մարզային են։

Վճարովի եթերաժամանակի յուրաքանչյուր րոպեի համար սահմանված ամենաբարձր գինը «Շանթ»-ինն է. 18:00-23:59 ժամանակահատվածի համար սահմանված գովազդը կարժենա 90000 ՀՀ դրամ ներառյալ ԱԱՀ, իսկ մինչ այդ ժամը՝ 45000 դրամ (ներառյալ ԱԱՀ):  

48000 դրամ (ներառյալ ԱԱՀ) կարժենա Հանրային հեռուստատեսությամբ հետարձակվող քարոզչական նյութի մեկ րոպեն։ «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվող գովազդի մեկ րոպեն կարժենա 40000 դրամ, իսկ «5-րդ ալիք»-ով հեռարձակվողը՝ 30000 դրամ։   

Վճարովի ռադիոժամանակի յուրաքանչյուր րոպեի համար սահմանված ամենաբարձր գինը «Ռադիո ջան»-ինն է. 3600 դրամ: 

«Կենտրոն»-ը, «Ֆրի Նյուզ»-ը, «Երկիր Մեդիա»-ն և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը պատրաստ են իրենց եթերաժամանակից տրամադրել ոչ ավել, քան՝ 15 րոպե: 

Հետաքրքրական է, որ որոշ հեռուստա և ռադիո ալիքների պարագայում վճարովի եթերաժամանակի յուրաքանչյուր րոպեի համար սահմանված գումարն անփոփոխ է մնացել 2023թ․-ի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների համեմատ։ Հանրային հեռուստատեսությամբ, «Շանթով», «Կենտրոնով», «Երկիր Մեդիայով» հեռարձակվող քարոզչական նյութերի մեկ րոպեի արժեքը չի փոխվել։ Իսկ ահա որոշ ռադիոալիքների գովազդները թանկացել են․ «Ռադիո ջան»-ինը ներկայումս կազմում է 3600 դրամ, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ սակագինը 3200 դրամ։ Հանրային ռադիոյի գովազդի սակագինը մեկ րոպեի համար ներկայումս 1700 դրամ է, իսկ մայրաքաղաքի ընտրությունների ժամանակ՝ 1300 դրամ։  

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում գնագոյացման մեխանիզմը սահմանվում է Ընտրական օրենսգրքով՝ հետևյալ մեխանիզմով՝ 

  • Հանրային հեռարձակողի դեպքում 1 րոպե վճարովի եթերաժամանակի գումարը  չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքի 50%: 
  • Մասնավոր հեռարձակողների դեպքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը  չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին արժեքը։