Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Լուսանկարը՝ Photolur-ի, մարտի 3-ին Երևանում տեղի ունեցած ակցիայից՝ ի աջակցություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների

Հունվարի 17-ից Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է գերևարված ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ գործերով դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ մասնավորապես նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին բանտում խոշտանգում են, ինչի մասին ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։  

Երևանում ակտիվ ակցիաներ են ընթանում՝ ակնկալիքով, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, միջազգային մամուլում էլ կլինեն ավելի շատ հրապարակումներ Բաքվում ընթացող դատավարության մասին: 

Մեր բանախոսները նշում են, որ հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները դատավարության վերաբերյալ սակավ են և դրա համար կան տարբեր պատճառներ:  

Արտյոմ Երկանյան, լրագրող, մեկնաբան 

Առհասարակ, միջազգային մամուլն իր հրապարակումներով, իհարկե, կարող է ազդել գործընթացի վրա, բայց արդյո՞ք դա կհանգեցնի գերեվարված մեր հայրենակիցների ազատ արձակմանը, դժվարանում եմ ասել։ Եթե ակցիաներ անցկացվեն եվրոպական երկրներում, գերտերություններում, դրանք ավելի մեծ հավանականությամբ կգրավեն միջազգային մամուլի ուշադրությունը, քան՝ Երևանում անցկացվողները։   

Կատարվողը՝ Ադրբեջանի առաջին դեմքի հրամանն է, պետական ողջ ապարատը ծառայեցված է հրահանգի կատարմանը, ուստի ողջ պրոցեսը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Մենք ստանում ենք միակողմանի տեղեկատվություն պրոցեսի վերաբերյալ։ Մենք էլ, միջազգային մամուլն էլ, դատավարության  ընթացքում կատարվող իրադարձությունների մասին գիտենք այն, ինչ Բաքուն է ուզում, որ իմանանք։  

Ես շատ կցանկանայի, որպեսզի հեղինակավոր լրատվամիջոցները հայտ ներկայացնեին՝ լուսաբանելու դատավարությունն անձամբ։ Ցավոք, նման որևէ ցանկության մասին ես չեմ լսել։ Կարծում եմ, որ եթե նրանցից որևէ մեկը նման նախաձեռնությամբ հանդես գար և անգամ մերժվեր Ադրբեջանի կողմից, կհայտներ այդ մասին, որ լուսաբանելու ցանկությունը մերժված է։   

Տարիներ առաջ ես Հունգարիայում լուսաբանում էի Ռամիլ Սաֆարովի (ադրբեջանցի սպա, որը Բուդապեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին,-խմբ)  դատավարությունը։ Որպես լրագրող հայտ էի ներկայացրել՝ լուսաբանելու այն և ինձ չէին մերժել։ Արդյոք որևէ արտասահմանցի լրագրողի, միջազգային խմբագրության մտքով անցե՞լ է հայտ ներկայացնել՝ լուսաբանելու Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությունը։ 

Քանի որ նման հայտերի մասին տեղեկատվություն չկա, ես միտում եմ տեսնում, որ միջազգային մամուլը կաշկանդված է։ Դրա համար մենք ունենք պատկեր, երբ հրապարակումները դատավարության մասին շատ ավելի քիչ են, քան՝ տրամաբանական կլիներ։ Սահմանափակվում են չեզոք փաստերով, իսկ դրանից շահում է Ադրբեջանը։ 

Արա Թադևոսյան, «Մեդիամաքս»-ի տնօրեն  

Միջազգային մամուլի արձագանքը Ադրբեջանում մեկնարկած հայ գերիների դատավարության մասին սպասվածից քիչ է։ Հիշարժան մեկ հրապարակում եմ տեսել The Washington Post-ում։ Խոսքը Դեյվիդ Իգնաթիուսի հոդվածի մասին է։ Նա տարիներ շարունակ վարում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, անձամբ ճանաչում է Ռուբեն Վարդանյանին և նրա կատարած աշխատանքը։ Միգուցե այս հոդվածն էլ լույս չտեսներ, եթե չլիներ լրագրողի անձնական կապը Ռուբեն Վարդանյանի հետ։ Կարող եմ առանձնացնել նաև BBC ռուսական ծառայության հրապարակումը, որը բավական ծավալուն էր, բայց այս երկու բացառությունները բավարար չեն՝ ճնշում գործադրելու կամ միջազգային օրակարգում հարցը պահելու համար։  

Ռուսական մամուլում էլ հոդվածները դատավարության մասին շատ չեն։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը եղել է գործարար մամուլի սիրելի կերպարներից մեկը, ինչպիսին Ведомости, Коммерсант պարբերականներն են, հիմա այդ նույն լրատվամիջոցները սահմանափակվում են պաշտոնական տեղեկատվությամբ։  

Պատճառները, թե ինչու է այսպես, շատ են, բայց գլոբալ պատճառը աշխարհում տիրող իրավիճակն է։ Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց հետո, ամեն օր անսպասելի որոշումներ են կայացնում, ամեն օր խաղի կանոններ են փոխվում, և պարզ է, որ միջազգային մամուլի ուշադրությունը սևեռված է ամերիկյան իրադարձությունների վրա։ Բայց կան նաև այլ գործոններ, որոնք կարող են զսպել հեղինակավոր լրատվամիջոցներին գրել գերիների մասին ավելին, քան՝ ինֆորմացիոն ժանրն է։ Ռուսական մամուլի դեպքում դա կարող է լինել այն հանգամանքը, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ արևմտյան մամուլի դեպքում դա կարող է լինել Ռուսաստանում կայանալու, իր կարողությունը Ռուսաստանում կերտելու փաստը։ 

Եկեք նաև հաշվի առնենք այն փաստը, որ մեր տարածաշրջանը որպես կանոն հետաքրքիր չէ հեղինակավոր լրատվամիջոցներին, իսկ առանձին վերցրած նման իրադարձությունները մեյնսթրիմային չեն։  

Անկախ այս դեպքից, կուզեի նաև որ տեղական լրատվամիջոցները, ավելի ակտիվ լինեին անգլալեզու բովանդակության ստեղծման, թարգմանության ու տարածման հարցերում։ Մենք աղմուկ ենք բարձրացնում տեղի ունեցողի մասին ճնշող մեծամասնությամբ հայերեն բովանդակությամբ և ակնկալում ենք, որ այդ մասին իմանան միջազգային լրատվամիջոցները։ Ինչպե՞ս, եթե անգլերենով այս ամենի մասին չենք գրում։ Մենք ունենք լրատվամիջոցներ, որոնք առհասարակ չունեն անգլերեն տարբերակ, ունենք լրատվամիջոցներ, որոնց անգլերեն տարբերակները ձևական բնույթ են կրում՝ ամիսը մեկ անգամ են թարմացվում։ Սա մեծ բացթողում է։ Եթե ուզում ես լինել տեսանելի, պետք է անգլերենով բովանդակություն ստեղծես ու տարածես անգլալեզու ընթերցողի շրջանում։