Տիգրանուհի Մարտիրոսյան
Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ
Ղարիբ Բաբայանը (ձախից) իր փաստաբանի հետ դատարանի դահլիճում

Անցյալ շաբաթ «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախկին դասախոս Ղարիբ Բաբայանը Ֆեյսբուքում տեղադրել էր Իրանի քաղաքացի ադրբեջանցիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում «Ջան Ղարաբաղ» երգի տեսագրությունը։  

Բաբայանը տեսանյութին կից ռուսերենով գրել էր «Իսկ ու՞ր է մեր պատվարժան ոստիկանությունը։ Թե՞ այն միայն կարող է մեր զոհված զինվորների ծնողներին ծեծել Եռաբլուրում․․․
․․․ Հայաստանում գտնվող հայեր, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք հանդուժում այս դավաճան ու ծախու իշխանությունների ձեռառնոցին։ Մինչև ե՞րբ եք սա հանդուրժելու և լռելու։ Խայտառակություն!!!!» 

Այս հրապարակումը ՀՀ քննչական կոմիտեն որակեց որպես «քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք» և Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց։ 

Ղարիբ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը և Ղարիբ Բաբայանի վարչական հսկողություն սահմանեց ու սահմանափակեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։ 

Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։ Այս մասին ասել են Media.am-ի զրուցակիցները, որոնք բոլորն էլ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ են։ 

Գնել Նալբանդյան, NewMag հրատարակչության գլխավոր խմբագիր 

Որևէ տեսանյութի տարածում չի կարող քրեորեն հետապնդելի լինել, եթե այն չի հակասում օրենսդրական արգելքներին կամ սահմանափակումներին։ Խնդրո առարկա տեսանյութում չկա տիրող կարգերը բռնի ուժով տապալելու, որևէ մեկի դեմ բռնություն կիրառելու կոչ, չկա հակասոցիալական վարքի դրսևորումներ, չկա պորնոգրաֆիկ բնույթի բովանդակություն և այլն։  

Այդ տեսանյութը տարածած անձին բերման ենթարկելու փաստն ինքնին վկայում է իրավապահների ոչ իրավաչափ կամ ոչ արհեստավարժ գործողության մասին և կարող է գրաքննության տարրեր պարունակել, քանի որ դա նշանակում է ազատ խոսքի սահմանափակում՝ քաղաքական նկատառումով։  

Իրավապահ համակարգը պետք է հրապարակավ հայցի տվյալ անձի ներողամտությունը, եթե անկեղծորեն ընդունում է իր սխալմունքը։  

Տեսանյութի բովանդակությունն այլ հարց է, քանի որ հասարակայնորեն նուրբ թեմա է և վկայում է քաղաքի կենտրոնում իրավապահների ոչ աչալուրջ հսկողության մասին։ Դժվար է պատկերացնել, որ որևէ երկրի քաղաքացիները Կիևի կենտրոնում երգեն՝ «Ղրիմը Ռուսաստանինն է», և ուկրաինական ոստիկանությունը կտրուկ չարձագանքի՝ թեկուզ այդ անձանց անվտանգությունն ապահովելու առումով։  

Անհնար է պատկերացնել նաև «Ղրիմն Ուկրաինայինն է» երգն ուկրաինացիների կատարմամբ՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում։  Իրավապահները կարող էին զրուցել տեսանյութը հրապարակած անձի հետ՝ օպերատիվ տվյալներ մշակելու նպատակով, վերջում էլ պետք է շնորհակալություն հայտնեին նրան, և ոչ թե դատական քաշքշուկների մեջ ներքաշեին։  

Իրավապահների գործողությունները տվյալ դեպքում վտանգավոր են, քանի որ կարող են վախի մթնոլորտ ստեղծել, և խստորեն դատապարտելի են։ Իմ խորին համոզմամբ, ՆԳՆ նախարարը պետք է Հանրային հեռուստաընկերության եթերում հանգամանալից արձագանքի կատարվածին և իրավական գնահատական տա իրավապահների գործողություններին։ 

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ 

Դեպքը տեղի է ունեցել հանրային վայրում և ցանկացած քաղաքացի իրավունք ունի դրա տեսագրությունը տարածել՝ առանց որևէ խոչընդոտի։ Այս տեսանկյունից, Ղարիբ Բաբայանի նկատմամբ սահմանափակող գործողությունները կարելի է համարել ոտնձգություն՝ խոսքի ազատության սահմանափակման առումով։  

Տեղի ունեցածն ունի նաև խորը համատեքստ․ տեսանյութի տարածումը և դրա հետ կապված մեկնաբանությունները ընկալվում էին որպես անվտանգության ծառայությունների, իրավապահ մարմինների աշխատանքի գնահատական և պարզ է, որ այդ մարմինները պետք է ուսումնասիրեին միջադեպն ու սեփական համբավի համար գնահատեին այն։ Կարծում եմ, որ խիստ քայլերը պայմանավորված էին սրանով, ոչ թե բուն տեսանյութի տարածմամբ։ 

Կրկնում եմ՝ բուն տեսանյութի տարածելը, միանաշնակ, պաշտպանվող խոսքի ազատության շրջանակներում պետք է դիտարկել։  

Որոշակի խնդիր, ինչպես ասացի, ողջ համատեքստի հետ կապված կա, բայց միջադեպը բազմակողմնակի քննարկման առիթ պետք է դառնա, որ քաղաքացիները իմանան՝ ինչպես իրենց պահել, որ չհասցնեն հանրությանը վնաս։ Պետք է բացատրություն, թե ինչով է պայմանավորված իրավապահ մարմինների նման որոշումը։  

Կա վարկած, գուշակություն, որ ՀՀ իրավապահ համակարգը դիմեց այդ քայլին, քանի որ իշխանությունները չեն ցանկանում, որ բանակցությունների պայմաններում լինեն բացասական արձագանքներ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Եթե այդ վարկածը, գուշակությունը իրականությանը մոտ է, ապա քրեական գործի հարուցումը որպես արձագանք արդարացված գործիք չէ։ Արտաքին քաղաքականությունը մի բան է, ներքին հարցերում քաղաքացիների իրավունքների ապահովումը մեկ այլ բան է։ Որևէ արտաքին քաղաքական առաջնահերթություն չի կարող արդարացնել սահմանափակումը մարդու իրավունքների և ազատությունների։  

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ 

Անկախ նրանից, թե անձը քաղաքական ինչ նպատակներ է հետապնդել այդ տեսանյութը տարածելով (իսկ այստեղ երևում է, որ քաղաքական նպատակներ անձը հետապնդել է), նա պարզապես տեսագրել ու տեղադրել է ցանցում այն, ինչ կատարվել է։  

Հանրության մեջ տեղի ունեցածը, բնականաբար, վրդովմունք է առաջացրել, բայց տեղի ունեցածը եղել է, կեղծ չէ, այդ մարդիկ Երևանում երգել են։ Ուստի չկա որևէ հիմք, որպեսզի անձը հետապնդվի, այն էլ՝ քրեական հոդվածով։  

Սրա փոխարեն իրավապահ մարմինների գործողություններն այլ պետք է լինեին՝ ճշտել, թե ովքեր են այդ անձինք, արդյոք որևէ կազմակերպության անդամ են, արդյոք դա տեղի է ունեցել ադրբեջանական միջամտությամբ, արդյոք նրանք ֆինանսավորվել են կամ արդյոք նրանց խոստացվել է պարգև։  

Միջադեպը նկարահանելու և համացանցում տարածելու համար քրեական հետապնդման ենթարկվելը, անթույլատրելի է, դատապարտելի։ Քննությունը պետք է տարվեր միջադեպի մասով, ոչ թե տարածողի նկատմամբ, նույնիսկ, եթե ընդունենք որ եղել է հանրությանը կարծիքի վրա ազդելու ցանկություն։