Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն սկսել են ուսումնասիրել ԱԲ հնարավորությունները, և դրա կիրառումը կավելանա, երբ այս տեխնոլոգիան դառնա ավելի հասանելի, ճշգրիտ և բարելավի հայերենով աշխատելու կարողությունը:
Նման եզրահանգման է եկել «Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում. Էթիկական նկատառումներ» համառոտագրի հեղինակ Աննա Բարսեղյանը։
«Ֆրիդըմ հաուս»-ի`մեդիաոլորտի քաղաքականության համառոտագրերի շարքի շրջանակներում արված զեկույցում ասվում է, որ քանի որ ԱԲ-ն նոր է հայաստանյան մեդիայի համար, դեռևս չկան լայնորեն ընդունված կանոններ կամ չափանիշներ, որոնք կարող են ուղղորդել մեդիամասնագետներին պատասխանատու կերպով օգտագործել ԱԲ-ն: Այդ պատճառով, կարևոր է մշակել համապարփակ ուղեցույցներ, որոնք հարմարեցված կլինեն լրատվամիջոցներում ԱԲ օգտագործման առանձնահատուկ դեպքերին` մեդիայի հեղինակությունը և լսարանի վստահությունը պահպանելու համար:
Աննա Բարսեղյանը զրուցել է տասնհինգ մասնագետների` լրագրողների, առաջատար լրատվամիջոցների խմբագիրների, մեդիապաշտպանների և քաղաքականություն մշակողների հետ, ուսումնասիրել է ԱԲ օգտագործման հետ կապված մարտահրավերներն ու աշխարհի առաջատար լրատվամիջոցներում ԱԲ կիրառման լավագույն փորձը։ Այս հետազոտությունը, որն իրականացվել է 2024 թվականի ապրիլի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հայաստանյան համատեքստում նման մանրամասն տեղեկատվություն հավաքելու առաջին փորձն է, որի նպատակն է ուղղորդել ԱԲ էթիկական ինտեգրումը հայաստանյան մեդիայում։
Հեղինակը կարծում է, որ ԱԲ ավելի լայն կիրառումը հայաստանյան մեդիայում ընդամենը ժամանակի հարց է, քանի որ լրագրողները սկսում են գնահատել այս տեխնոլոգիայի դերն իրենց աշխատանքում։
Զեկույցում նշվում է, որ հայաստանյան մեդիան բովանդակության ստեղծման մեջ ԱԲ-ն սկսել է փորձարկել 2022 թվականի վերջին OpenAI-ի ChatGPT-ի թողարկումից հետո, թեև այն դեռևս սահմանափակ կիրառում ունի։ Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ԱԲ գործիքները դեռևս լիարժեքորեն չեն աշխատում հայերենով, թեև դրանք կատարելագործվել են այս հետազոտության իրականացումից ի վեր, և մասամբ այն բանով, որ ոչ բոլոր լրագրողներն են տիրապետում օտար լեզուների և հմտությունների այս տեխնոլոգիան արդյունավետորեն օգտագործելու համար։
Որոշ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ, հաջողությամբ ներառել են ԱԲ-ն իրենց աշխատանքում՝ արագացնելով լրագրողական ամենօրյա առաջադրանքների կատարումը։
Օրինակ՝ «Հետք»֊ն արհեստական բանականության գործիքներն օգտագործում է՝ հոդվածների համար պատկերներ ստեղծելու, մեծածավալ տվյալներ վերլուծելու և բարդ թեմաները լսարանի համար պարզեցնելու նպատակով, իսկ News.am֊-ի Tech բաժինն ԱԲ-ն կիրառում է՝ տեքստեր վերաշարադրելու և ամփոփելու, գաղափարներ մշակելու, ինչպես նաև հոդվածներ գեներացնելու և դրանք հայաստանյան լսարանի համար ադապտացնելու համար։
CivilNet֊ի փաստերի ստուգման թիմն ԱԲ-ն օգտագործում է՝ թեմաներ ուսումնասիրելու և պատկերների ու տեսանյութերի իսկությունը ստուգելու համար։ Իսկ Infocom֊-ն ԱԲ-ն կիրառել է՝ բարդ թեման պարզեցնելու, հարցազրույցների համար հարցեր ձևակերպելու, ինչպես նաև ներկայում միայն որպես հայեցակարգ գոյություն ունեցող ակադեմիական քաղաքի ապագա պատկերը գեներացնելու նպատակով՝ ԱԲ գործիքին տալով ավելի մեծ ստեղծագործական և երևակայական ազատություն: ԱԲ-֊ն օգտագործվում է նաև աուդիովիզուալ բովանդակություն մշակելու, ենթագրեր գեներացնելու, տեքստ թարգմանելու և ձայնագրությունը տեքստի փոխակերպելու համար։
Մի կողմից՝ ԱԲ գործիքների ժողովրդավարացումը՝ դրանք յուրաքանչյուրին հասանելի դարձնելը, օգնում է լրատվամիջոցներին արդյունավետորեն ստեղծել և տարածել բովանդակություն, մյուս կողմից, ինչպես գրում է հեղինակը, մտահոգություններ է առաջացնում, որ չարագործները կարող են օգտագործել այս տեխնոլոգիան՝ ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
«Ավելի զարգանալով՝ ԱԲ համակարգերը կկարողանան ստեղծել համոզիչ կեղծ լուրեր և իրականին մոտ deepfake֊եր, ինչը հանրության համար կդժվարացնի իրական տեղեկատվությունը կեղծից տարբերելը։ Դրանք կարող են ընդլայնել ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումը և թիրախավորել հատուկ լսարանների՝ անհատականացված մոլորեցնող տեղեկատվությամբ, ինչը կարող է սպառնալիք դառնալ հանրային անվտանգության և ժողովրդավարության համար։ Բացի այդ՝ ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության լայն տարածումը կարող է նվազեցնել մեդիայի նկատմամբ վստահությունը՝ մարդկանց ստիպելով կասկածի տակ դնել բոլոր լրատվական աղբյուրների հավաստիությունը»,- գրում է հեղինակը համառոտագրում:
Ներկայացված վերլուծության հիման վրա հեղինակը առաջարկություններ է անում լրատվամիջոցներին և մեդիակազմակերպություններին․
- Մշակել ուղեցույցներ ԱԲ օգտագործման վերաբերյալ
- Ապահովել կարողությունների զարգացում և ԱԲ գրագիտության ուսուցում լրագրողների համար
- ԱԲ գրագիտությունը ներառել մեդիագրագիտության հայեցակարգում և խթանել համագործակցությունը տարբեր դերակատարների միջև՝ ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար։
Media.am-ի հետ զրույցում Աննա Բարսեղյանն ասաց, որ իր կարծիքով այս տեխնոլոգիայի` լրատվամիջոցի գործիքակազմի մաս դառնալը անխուսափելի է: Ըստ նրա՝ ցանկացած նոր տեխնոլոգիա թե՛ լայն, թե՛ մասնագիտական հանրության շրջանում սկզբում առաջ է բերում մի կողմից` երբեմն չափից ավել խանդավառություն և անիրական դրական ակնկալիքներ, մյուս կողմից վախ և ապոկալիպտիկ մտահոգություններ: Արհեստական բանականությունը հենց այդպիսի տեխնոլոգիա է:
«Հույս ունեմ համառոտագրում տեղ գտած առաջարկներին ականջալուր կլինեն մեդիա միջոցներն ու գործադիր մարմինը, չէ՞որ կան օրինակներ, երբ արհեստական բանականությունը օգտագործվել է չարագործների կողմից`անմեղ մարդկանց թակարդը գցելու կամ իրենց անձնական շահը հետապնդելու նպատակով։ Նման դեպքերը ավելանալու են ապագայում, քանի որ տեխնոլոգիան գնալով կատարելագործվում է, և կիրառվելու են տարբեր ոլորտներում, այդ թվում` քաղաքական:
Եվ դրա համար շատ կարևոր է, որ մի կողմից լրագրողները կարողանան այդ դեպքերը արագ հայտնեբերել և ստուգել փաստերը` հանրությանը պաշտպանելու, մեդիայի նկատմամբ վստահությունը ամրապնդելու համար: Մյուս կողմից` հանրությունը մեդիագրագետ լինի, քննադատաբար մոտենա սպառած բովանդակությանը և բարձր դիմադրողականություն ունենա կեղծ, մոլորեցնող տեղեկատվության նկատմամբ: Քաղաքականության համառոտագրի առաջարկությունները հենց դրան են ուղղված»,- ասաց Աննա Բարսեղյանը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: