2024.05.23,

Նյուսրում

Hack2Check-ը սպասում է մեդիագրագիտությանն առնչվող տեխնոլոգիական լուծումների  

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Թվային անվտանգության և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն 2024» -ի ընթացքում երկու տասնյակից ավելի թիմեր կներկայացնեն իրենց նորարարական թվային գաղափարները։   

Մայիսի 25-ի և 26-ի հեքըթոնյան 24 ժամերի ընթացքում նրանք կփորձեն մշակել իրենց գաղափարները և առաջարկել այնպիսի  տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն հասարակությանը դիմագրավել առցանց միջավայրի մարտահրավերներին, ամեն օր ավելացող ապատեղեկատվությանը և քարոզչական հոսքերին։  

Հեքըթոնի կազմակերպիչ Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանն ասում է, որ դեռևս 2011թվականից սկսած, իրենց կազմակերպությունն անցկացրել է տարբեր թեմատիկ ուղղվածության 8 հեքըթոններ, բայց վերջին տարիներին շեշտադրվել է հենց մեդիագրագիտության թեման։   

Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն, 2022 թվական

«Ես կարծում եմ, որ ապատեղեկատվությունը կամ տեղեկատվության բարեվարքության հետ կապված խնդիրները շատ լուրջ մարտահրավերներ են այսօր մեր հասարակության համար։ Ապատեղեկատվությունը, չարամիտ քարոզչությունն այսօր ազդում են ինչպես  յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ ամբողջ հասարակության վրա, դրանք հիմք են հանդիսանում տարատեսակ մանիպուլիացիաների համար, մարդկանց դրդում են սխալ որոշումներ կայացնել։ Պետք է փորձենք բարձրացնել պետության ու հասարակության դիմադրողականությունը այս մարտահրավերների նկատմամբ»,- ասում է Սեդա Մուրադյանը։  

«Hack2Check 2024»-ը մեդիագրագիտությանն անդրադարձող արդեն թվով երկրորդ հեքըթոնն է։ ՀԼԱ նախագահը պատմում է, որ նախորդ հեքըթոնի ընթացքում հաղթող են ճանաչվել մեդիագրագիտությունը խթանող խաղաֆիկացված նախագծեր։ Դրանք նախատեսված են եղել հիմնականում  նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաների ու երիտասարդների համար։ Հետհեքըթոնային շրջանում (3 ամիս) մրցանակ շահած թիմերը ստացել են մենթորական աջակցություն ու վերջնականացրել իրենց նախագծերի դեմո տարբերակները։ 

Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն, 2022 թվական

«Հեքեթոնները էքսպերիմենտալ հնարավորություն են ստեղծում նոր լուծումների համար։ Երբեմն հեքըթոնների արդյունքում ծնվում են երկարակյաց նախագծեր։ Օրինակ, այսօր բոլորիս հայտնի Twitter՝ ներկայումս X կոչվող հարթակը կամ փաստերի ստուգման բազմաթիվ գործիքներ, որոնք այսօր ամբողջ աշխարհում կիրառվում են, ստեղծվել են հենց հեքըթոնների ընթացքում։ Հայկական իրականության մեջ առկա օրինակներից է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լիտերատուսի արկածները» խաղը, որի գաղափարը ևս ծնվել է հեքըթոնի արդյունքում»,- ասում է ՀԼԱ նախագահը։    

Փաստերի ստուգման և մեդիագրագիտության «Լիտերատուսի արկածները» սեղանի խաղի հեղինակներից Արմեն Սարգսյանը պատմում է, որ խաղի գաղափարն առաջացել է 2016-ին՝ Քիշնևում կայացած «The Fifth Power» մեդիա հեքըթոնի ժամանակ։ Հայ ու վրացի մասնակիցներից բաղկացած թիմի գաղափարը հեքըթոնից հոտո ավելի կատարելագործվեց ու ստացավ իր վերջնական տեսքը։   

«Մեդիագրագիտության թեմայով մեր առաջարկած խաղը նորություն էր այդ հեքըթոնի համար։ Ես սցենարն էի մտածել, վրացի գործընկերս տեխնոլոգիական լուծումներն էր առաջարկել։ Մեր նախագիծը դուր եկավ ժյուրիին ու մենք դարձանք հաղթող թիմերից մեկը։ Հեքըթոնից հետո մեզ միացան նաև ՄՆԿ-ի մեր մեդիագրագիտության ծրագրի ներկայացուցիչները ու մենք վերջնականացրեցինք խաղը»,- ասում է Արմեն Սարգսյանը։  

«Լիտերատուսի արկածներ»-ն այսօր օգտագործվում է կրթական համակարգում։   Խաղը թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, ռումիներեն, լեհերեն, ուկրաիներեն ու վրացերեն։  

Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն, 2022 թվական

Նմանօրինակ երկարակյաց նախագծերի ստեղծումից բացի, հեքըթոնները նաև լավ հնարավորություն են թեմատիկ խնդիրների մասին բարձրաձայնելու և տարբեր քննարկումններ սկսելու համար։ 

Այս կոմպոնենտը շատ են կարևորում նաև Հանրային լրագրության ակումբում։ Հենց այդ պատճառով էլ Hack2Check-ի նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, անցկացրել են տեղեկատվական հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։  

Հաջողության հասնելու համար նրանք կարևորում են մեդիահամայնքի, քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, բիզնեսի ու պետության ուժերի մեկտեղումը։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *