2024.05.02,

Նյուսրում

Համացանցի մինիմալ կարգավորումը դարձել է պարտադիր նորմ․ ՀՌՀ նախագահ

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հանրայինով եթեր հեռարձակվող «Դիալոգ» քաղաքական հաղորդումը Պետրոս Ղազարյանի հետ համատեղ վարելու հարցում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ոչ մի խնդիր, օրենքի խախտում կամ գործունեության անհամատեղելիություն չի տեսնում, խորհրդակցել է անգամ իրավաբանների հետ։

Այս մասին նա այսօր հայտարարել է Աժ-ում՝ ՀՌՀ 2023-ի գործունեության տարեկան հաղորդման ժամանակ՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին։ Հակոբյանը նշել է, որ օրենքը պահանջում է ընդամենը քաղաքական զսպվածություն։

«Եթե քաղաքական զսպվածության որևէ խախտումներ կան, կարող ենք դիմել էթիկայի հանձնաժողով և այլ տեղեր։ Ես փորձում եմ ասել այն, ինչ մտածում եմ, մտածել եմ, որ իմ խոսքը կարող է հասնել հանրության տարբեր օղակներին, ես կարծում եմ՝ որևէ խախտում չկա»,- ասել է ՀՌՀ նախագահը ԱԺ ամբիոնից։

Ներկայացնելով 2023-ի ընթացքում կառույցի իրականացրած գործունեությունը` Տիգրան Հակոբյանն ասաց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարգավորման ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ և առանց իշխանությունների միջամտության։

Կառույցում այս եզրակացությանն են եկել, լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողներին, ցանցային օպերատորներին ուղարկված հարցումների պատասխաններն ամբողջացնելով։ Որևէ կողմից հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու դեպքերի մասին հարցումները ՀՌՀ-ն իրականացնում է ամեն տարի։

Խոսելով խնդիրների ու մարտահրավերների մասին՝ Հակոբյանն առանձնացրել է մի քանիսը։

Նրա կարծիքով 2027 թվականին հանրային մուլտիպլեքսով հեռարձակման հերթական մրցույթին կարող են լինել սլոթեր, որոնք շատ հավանական է՝ թափուր մնան։ Կա վտանգ, որ այդ սլոթերը կարող են զբաղեցվել պրոպագանդիստական ուղղվածություն ունեցող հեռուստաընկերությունների կողմից:

«Չենք բացառում, որ հայաստանյան հեռուստաընկերությունները, ֆինանսական ծանր վիճակից ելնելով, գնորդ փնտրեն Հայաստանից դուրս։ Հետևաբար կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողներ՝ Հայաստանի քաղաքացիներին պարտադրելով օտար տեղեկատվական համակարգ»,-ասել է ՀՌՀ նախագահը։

Ըստ Հակոբյանի վտանգավոր է նաև այն հանգամանքը, որ հանրային մուլտիպլեքսի թուլացմանը զուգահեռ՝ մալուխային կամ համացանցային հեռուստատեսությունը էլ ավելի կամրապնդի իր դիրքերը, իսկ ՀՌՀ-ն նրանց նկատմամբ կարգավորող գործառույթներ չունի։ Այսօր օրենքով կարգավորվում է միայն հանրային մուլտիպլեքսում տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների գործունեությունը, ինչը անհավասար մրցակցային դաշտ է ստեղծում։

«Ցանցային օպերատորների փաթեթներում ընդգրկված հեռուստածրագրերը ենթարկվում են նվազագույն կարգավորման, իսկ համացանցում հեռարձակվող լրատվամիջոցները որևէ կերպ ներառված չեն օրենքով սահմանված պարտավորություններ ունեցողների ցանկում: Նրանց բովանդակության կարգավորումը բարդ է կամ անհնարին»,- ասել է ՀՌՀ նախագահը։

Նա առաջարկում է տեսալսողական մեդիածառայությունների վերաբերյալ օրենքի շրջանակում կարգավորել տեսալսողական հաղորդակցության այն բոլոր տեսակները, որոնք ծառայություն մատուցողների խմբագրական անձնակազմի պատասխանատվության ներքո են գործում:

Հակոբյանի կարծիքով տեսալսողական մեդիայի կարգավորման ազատականացման արդյունքում հանձնաժողովը կամ պետությունը նվազագույն չափով է միջամտում տեսալսողական մեդիայի գործունեությանը, ինչը սակայն կարող է Հայասատանի տեղեկատվական անվտանգության համար վտանգներ պարունակել:

«Օրինակ` հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող և մալուխային ցանցերով տարածվող օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հաճախ սպառողներին պարտադրում են մեր հանրային և պետական շահերի հետ չհամընկնող, իրավական նորմերը խախտող տեղեկատվական օրակարգեր, որոնց դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար հանձնաժողովը կարգավորման գործառույթներ, ցավոք, չունի»,- ասել է Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ նախագահը բերում է եվրոպական երկրների օրինակը, որտեղ ըստ եվրոպական դիրեկտիվների՝ համացանցի մինիմալ կարգավորումը դարձել է պարտադիր նորմ և ասում՝ մենք էլ պետք է առաջնորդվենք այս կարևոր նորամուծությամբ։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *