2024.04.03,

Նյուսրում

Հեռուստատեսային ճգնաժամն ու գովազդի շուկան․ ՀՌՀ ամփոփել է 2023-ը 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Դիտելիության նվազում, գովազդային մուտքերի անկում, օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն․ սրանք հանրային մուլտիպլեքսում առկա խնդիրների մի մասն են միայն։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)  անցած տարին ամփոփող  իր հաղորդման մեջ անդրադարձել է նաև հանրային մուլտիպլեքսում հասունացող ճգնաժամին։  

ՀՌՆ նշում է, որ պետության կողմից հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերություններին ներկայացված պահանջները, պարտավորությունները, սահմանափակումները բարդացնում են հանրօգուտ բովանդակության արտադրությունն ու հեռարձակումը։ 

Հանձնաժողովը կանխատեսում է, որ 2027 թվականի մրցույթում կարող են որոշ սլոթեր թափուր մնալ, որոնք կզբաղեցնեն քարոզչական ուղղվածություն ունեցող հեռուստաընկերություններ։ 

Կամ էլ , ֆինանսական խնդիրները լուծելու համար հեռուստաընկերությունները կփնտրեն գնորդների՝ Հայաստանից դուրս։ Այս դեպքում էլ հանրային մուլտիպլեքսում կհայտնվեն հեռարձակողներ, որոնք կսպասարկեն այլ պետությունների շահեր։ Հայաստանի քաղաքացիներին կպարտադրեն օտար տեղեկատվական օրակարգեր։  

Հաջորդ խնդիրն էլ այն է, որ մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունները և համացանցում տեսալսողական ծառայություններ մատուցողներն այսօր, արդեն իսկ աշխատում  են  մրցակցային անհավասար պայմաններում: 

Համացանցում գործունեություն ծավալողները սահմանափակված չեն պետության կողմից պարտադրվող բովանդակային պահանջներով ու ֆինանսական տուրքերով։ Հանձնաժողովում կարծում են, որ այս և մյուս խնդիրների չկարգավորման հետևանքով, մուլտիպլեքսի հետագա թուլացումը կհանգեցնի համացանցային հարթակների դիտելիության աճին։  

Քանի որ Հանձնաժողովը չունի կարգավորիչ գործառույթներ, այս մեդիա հարթակների բովանդակության նկատմամբ, ապա կարող է շեշտակի աճել ապատեղեկատվության, ատելության խոսքի, անորակ բովանդակության ծավալն ու ազդեցությունը հասարակության վրա։  

Խնդիրները լուծելու համար Հանձնաժողովն առաջարկում է. 

  • Մշակել հանրային մուլտիպլեքսի հայեցակարգ, որը կարտացոլի ինքնիշխան հանրօգուտ հարթակի բանաձևը:  
  • Դիտարկել մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը՝ տեսալսողական պատկերի որակի բարձրացմանը զուգահեռ (փոխկապակցված խնդիրներ են):  
  • Ստեղծել աջակցման հիմնադրամ, ինչի արդյունքում կբարձրանա հանրային մուլտիպլեքսի կշիռն ու գրավչությունը, կտրուկ կավելանա հանրօգուտ բովանդակության ծավալը։  
  • Կիրառել խրախուսման, աջակցության այլ մեխանիզմներ՝ իրականացնելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ: 
  • Կարգավորել համացանցային ու մալուխային հեռարձակումը։ 
  • Ընդլայնել և արդիականացնել Հանձնաժողովի լիազորություններն ու գործառույթները, որոնք այժմ բավարար չեն՝ արձագանքելու ներկա մարտահրավերներին ու վերահսկողության տակ պահելու տեղեկատվական հոսքերը։ 

Հանրային մուլտիպլեքսում անցած տարի հեռարձակվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող 22 ընկերություն։ Դրանցից 5-ը հասանելի են եղել  Հայաստանի ամբողջ տարածքում, 7-ը՝ միայն Երևանում, իսկ 10-ը ունեցել են  մարզային սփռում։ 

Հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների եթերում գերակշռել է հանրօգուտ բովանդակությունը՝ 32%, հաջորդիվ եղել են ժամանցային հաղորդումներն ու հետուստասերիալները։ Լրատվական հաղորդումները կազմել են մեդիաբովանդակության միան 10 %-ը։ 

 

Հանձնաժողովի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին 4 տարիներին, հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների եթերում ավելացել է հայերեն մեդիաբովանդակության ծավալը՝ 79 %-ից հասնելով 95 %-ի։ 

Ավելացել է նաև սեփական արտադրության մեդիաբովանդակության ծավալը։ Հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերություններում 2021-ին եթեր հեռարձակվող բովանդակության 57% էր սեփական արտադրության, իսկ 2023-ին այն կազմել է 67%։  

Մարզային սփռման հեռուստաընկերություններում,  հակառակ պատկերն է։ Սեփական արտադրության մեդիաբովանդակության ծավալը վերջին 3 տարիներին նվազել է մոտավորոպես 5%-ով։  

Գովազդային մուտքեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն իր տարեկան ամփոփիչ հաղորդման մեջ հաշվարկել և համեմատել է հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման հեռուստաընկերությունների գովազդային մուտքերը։  

Հաշվարկի հիմքում հեռուստաընկերությունների հրապարակած գնացուցակներն են, որտեղ ներառված չեն հաղորդումների ընթացքում գովազդվող ապրանքները (product placement-ները)։ 

Ըստ ՀՌՀ տվյալների, 2023-ին Հայաստանում հանրապետական ու երևանյան սփռում ունեցող հեռուստաընկերությունների գովազդային մուտքերը կազմել են 9 միլիարդ 874 միլիոն դրամ։ Համեմատելով 2020-ից 2023 թվականների գովազդային մուտքերը՝ կարող ենք ասել, որ հանրապետական և մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների համար ամենաբարենպաստը եղել է 2021 թվականը՝ գովազդային մուտքերը կազմել են 9 միլարդ 914  միլիոն դրամ, իսկ ամենաքիչ մուտքեր ապահովածը՝ 2020թ․-ը (7 միլիարդ 654 միլիոն դրամ)։      

 

Մարզային սփռման հեռուստաընկերություններում էլ գովազդային մուտքերն ամենաշատը եղել են 2021-ին՝ կազմելով մեկ միլիարդ 94 միլիոն դրամ։ Հաջորդող տարիներին այս ցուցանիշը էականորեն նվազել է։  

2021-ի համեմատ՝ անցած տարի մարզային սփռման հեռուստաընկերություններում գովազդային մուտքերը նվազել են, գրեթե 90 անգամ՝ կազմելով ընդամենը 12 միլիոն 200 հազար դրամ։  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *