2024.02.21,

Նյուսրում

Դատարաններում լրագրողների դեմ ներկայացվող նյութական փոխհատուցման պահանջների չափերն աճել են 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

2 տարում 71 նոր հայց։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) ամփոփել է 2022 և 2023 թվականներին Հայաստանում լրատվամիջոցների և լրագրողների դեմ դատական գործերի մշտադիտարկումը։  

Լրագրողների դեմ հայցերը հիմնականում Քաղաքացիական օրենսգրքի զրպարտության և վիրավորանքի հոդվածով են։ Վերջին տասը տարիներին այս հոդվածով լրագրողների դեմ ամենաշատ դատական գործերը (տարեկան 66 դատական գործ) ներկայացվել են 2019-ին և 2021-ին։ 

«Դատական գործերի վայրիվերումները հիմնականում պայմանավորված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, պատերազմական և դրանց հետևանքներով առաջացած իրադարձություններով»,- ասել է մշտադիտարկման խմբի անդամ, փաստաբան Դավիթ Ասատրյանը Մեդիա կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։  

2022-2023-ին ներկայացված դատական գործերից միայն 56 է վարույթ ընդունվել։ Այս գործերի ճնշող մեծամասնությունը ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով են եղել։ 

Հետազոտության մեթոդաբանության համաձայն՝ դիտարկված գործերից առանձնացվել և մանրամասն՝ ըստ 7 չափանիշների, վերլուծվել են այն գործերը, որոնց վերաբերյալ կայացվել է առնվազն 1 դատական ակտ։ Ընդհանուր առմամբ վերլուծության է ենթարկվել 15 գործ։ 

ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, քանի որ ԶԼՄ-ների և լրագրողների գործունեությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում, հետազոտության խնդիրներից է եղել պարզել, թե որքանո՞վ են դատարանները հաշվի առնում լրագրողների առաքելությունը։ Որոշումներ կայացնելիս էլ որքանո՞վ են հետևում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրությանը, միջազգային կոնվենցիաներին, ՄԻԵԴ-ի, Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների ակտերին։ 

«Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ դատարանները հաճախ նույն օրենքի դրույթներին տալիս են տարբեր մեկնաբանություններ, այս երևույթը արդար դատաքննության խախտում է․ նույնանման փաստերով գործերի միատեսակ իրավական մեկնաբանությունները կանխատեսելի արդարադատության կարևոր ցուցիչներից է»,- ասում է ԽԱՊԿ նախագահը։  

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ կտրուկ աճել են պահանջվող նյութական փոխհատուցման չափերը ։ Իրավիճակի այս փոփոխությունը մասնագետները պայմանավորում են վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցումների սահմանաչափերի բարձրացմամբ։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը վիրավորանքի համար սահմանում է 3 մլն դրամ տուգանք, զրպարտութան համար՝ 6 մլն։ Թեև դեռ երկու տարի առաջ այս թվերն ավելի համեստ էին՝ համապատասխանաբար 1 և 2 միլիոն։  

Խնդրահարույց է, որ հատկապես այն հայցերն են բավարարվել, որոնցով դրամական փոխհատուցման պահանջ են ներկայացրել պաշտոնատար անձինք։ Դավիթ Ասատրյանի կարծիքով պատճառն այն է, որ Հայաստանում դատական մարմինները շարունակում են մնալ ոչ լիարժեք անկախ։  

«Դատարանները պաշտոնատար անձանց հայցապահանջները մերժելու, ոչ բավարար գնահատելու կաշկանդվածություն ունեն, ինչը մեզ համար մտահոգիչ է։ Վերջին հետազոտության ընթացքում տեսանք, որ աննախադեպ գումարի չափ կա:  

Մեկ միլիոն դրամի պահանջը բավարարվել է երկու դատական գործերում, որտեղ մասնակից են եղել պաշտոնատար անձինք: Մեկ գործ էլ վերաբերել է ոչ պաշտոնատար անձի»,- ասում է փաստաբանը։  

Ստացվում է խոշոր չափերի դրամական փոխհատուցում ստանալու մոտեցումը դառնում է լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելու, լռեցնելու, այլ ոչ թե արդարադատությունը վերականգնելու միջոց։  

«Հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը չունեն բավարար ֆինանսական միջոցներ ո՛չ որակյալ փաստաբանական ծառայություններից օգտվելու, ո՛չ էլ նման փոխհատուցումների համար: Տեղեկատվական վեճերը պետք է միտված լինեն տեղեկության ճշգրտմանը և հանրությանը ճշտված տեղեկություններ տալուն: Դրամական փոխհատուցման միջոցը պետք է թողնել ծայրահեղ դեպքերի համար»,- ասում է Աշոտ Մելիքյանը: 

Վերլուծված 15 գործերից 7-ում, փաստական տվյալները և գնահատող դատողությունները տարանջատելու հարցում խնդիրներ են առաջացել։ Դատարանները թերացել են նաև վիճարկվող արտահայտությունների արատավորող բնույթը և դիտավորության առկայությունը որոշելիս, ինչպես նաև հայցի ապահովման միջոց կիրառելու և դատական ծախսերը սահմանելու ընթացքում։  

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *