2023.10.10,

Նյուսրում

Ռուսական պետական ալիքների վերգետնյա հեռարձակումը Հայաստանում դեռ կպահպանվի

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Հայաստանում ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու հարցը քննարկումների առիթ է դարձել փորձագիտական ու քաղաքական շրջանակներում։

Խոսքը «РТР планета», «Первый канал» և «Культура» հեռուստաալիքների մասին է։ «РТР планета»-ն հեռարձակվում է ՀՀ ողջ տարածքում, մյուսները՝ մայրաքաղաք Երևանում։

Այս ալիքները ընդգրկվել են Հայաստանում հանրային մուլտիպլեքսում հայ-ռուսական միջպետական «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շնորհիվ, որը ուժի մեջ է մինչև 2027 թվականը։

Տարիներ առաջ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում էր նաև ամերիկյան CNN-ը։ Սակայն 2021 թվականից հետո, երբ օրենքում փոփոխություն արվեց ու լիցենզիայի տրամադրման համար սահմանվեց հայաստանյան հեռուսաալիք լինելու պայմանը, CNN-ի հեռարձակումը դադարեցվեց։ Քանի որ ԱՄՆ–ում պետական հեռուստաընկերություններ որպես այդպիսին չկան, ԱՄՆ-ի հետ չկնքվեց միջպետական համաձայնագիր CNN-ի հեռարձակումը շարունակելու համար, ինչպես դա արվեց ռուսական ալիքների պարագայում։

Ներկայումս, Հայաստանը միակ հետխորհրդային երկիրն է, որի հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքներ կան: Նույնիսկ այնպիսի երկրները, ինչպիսին Ղազախստանը կամ Տաջիկստանն են, որոնք նույնպես Ռուսաստանի դաշնակիցներն են, չունեն նման ալիքներ հանրային մուլտիպլեքսի ցանկում։

Քննարկումները այս ալիքներն ընդհանրապես եթերազրկելու մասին չեն, այլ դրանց՝ միայն կաբելային կամ արբանյակային ալիքներով հեռարձակելու մասին են, ինչպես CNN-ը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հանրայինի եթերում ասել է, որ մուլտիպլեքսում չպետք է ներգրավված լինեն օտարերկրյա հեռուստաալիքներ՝ ռուսական կլինեն դրանք, ֆրանսիական, թե ամերիկյան։

«Ես չորս տարի է բարձրաձայնում եմ, որ հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չլինի։ Իմ տեսակետը հիմնվում է միջազգային փորձի ու բանական տրամաբանության վրա։ Հանրային մուլտիպլեքսը միակ հարթակն է, որտեղ պետք է լինեն միայն հայկական հեռուստաընկերությունները՝ անկախ նրանից՝ պրոիշխանական են, թե հակաիշխանական, պետք է լինեն բոլոր նրանք, ովքեր փոխանցում են Հայաստանի տեղեկատվական օրակարգը պետական լեզվով։ Օտար օրակարգերը, անկախ նրանից բարեկամական են, թե ոչ, մեր օրակարգերը չեն»,- ասում է նա։

Տիգրան Հակոբյանը հարցազրույցում նշում էր, որ աշխարհում կան հանրային մուլտիպլեքսում ներգրավված օտար հեռուստաընկերություններ, բայց դրանք թարգմանված են այդ երկրի լեզվով և կրում են բացառապես հանրօգուտ բնույթ և ոչ ամենևին քաղաքական։

Հայ-ռուսական համաձայնագրի 5-րդ կետով Հայաստանն ու Ռուսաստանը պետք է բացառեն ժողովուրդների ու ազգային արժեքների նկատմամբ վիրավորական հաղորդումների հեռարձակումը։ Նույն կետով անթույլատրելի է համարվում նաև ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակությունը։

Այնինչ, «РТР планета» և «Первый канал» ալիքները, ըստ Տիգրան Հակոբյանի, պարբերաբար խախտում են այս կետերը։ Մեծ աղմուկ բարձրացնող մտքերը հնչում են հենց այս ալիքներով հեռարձակվող քաղաքական թոք-շոուների, հարցազրույցների ժամանակ։

Խոսքը մասնավորապես Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ հնչող մտքերի մասին է, որի հյուրերը հաճախ ադրբեջանամետ կամ ադրբեջանցի քաղաքագետներ են կամ ազգությամբ հայ մարդիկ, ինչպիսին Մարգարիտա Սիմոնյանն ու նրա ամուսինն են։

Տիգրան Հակոբյանն ասում է, որ նման հաղորդումների շնորհիվ Հայաստանում ստեղծվում է որոշակի տեղեկատվական ֆոն և փորձում են փոխել հանրային տրամադրությունն այս կամ այն հարցի շուրջ։

«2013 թվականին, երբ Հայաստանը հայտարարեց ԵԱՏՄ մտնելու մասին, նախօրեին շատ կարճ բայց շատ կոշտ քարոզչական աշխատանք կատարվեց ու ռուսական եթերից մեր գլխին թափվում էր տեղեկատվական ահաբեկչություն, որի հետևանքով էլ Հայաստանը ստորագրեց այդ փաստաթղթերը ու մարդիկ չդիմադրեցին»,- ասել է Տիգրան Հակոբյանը։

28 տարի Երևանի մամուլի ակումբը ղեկավարած Բորիս Նավասարդյանն էլ Factor.tv-ի հետ զրույցում նշում է, որ ռուսական պետական մեդիան մշտապես է հակահայ քարոզչություն տարել, բայց քաղաքական վերջին իրադարձություններից հետո այն սրվել է։

«Առիթներ են ստեղծվել, օրինակ Աննա Հակոբյանի այցը Կիև կամ Հռոմի Ստատուտի վավերացումը, որոնք սրել են հակահայ քարոզչությունը ռուսական լրատվամիջոցներում»,- մանրամասնում է Նավասարդյանը։

Թեև հարցը դեռ քննարկման փուլում է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այն արդեն որակել է իբրև խոսքի ազատության սահմանափակում։

«Եթե նման մտքեր են թափառում, ուրեմն պետք է հասկանանք, որ խաչ է քաշվում ժողովրդավար սկզբունքների վրա, որոնց մասին Հայաստանում հայտարարել էին որպես առաջնահերթություն»,- ասում է Նավասարդյանը։

Հայաստանում ռուսական պետական ալիքների վերգետնյա հեռարձակումը սահմանափակելու քննարկումները կդառնա՞ն իրականություն։ Առայժմ պարզ չէ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից դեռ չեն մեկնաբանում՝ կա՞ արդյոք համապատասխան օրենսդրական նախաձեռնության փաթեթ, թե ոչ։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *