2022.12.15,

Նյուսրում

Լրագրողների աշխատանքը փակ միջանցքի պայմաններում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Արցախը Հայստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին դեկտեմբերի 12-ից շարունակում է մնալ երկկողմանի փակ: Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, վրաններով քանի օր է դիրքավորված են Շուշի-Քարինտակ խաչմերուկում։ 

Առաջարկ Հանրայինից 

Շրջափակման պայմաններում Արցախի հանրային հեռուստաընկերությունը պատրաստ է իր գործընկերներին ամենօրյա ռեժիմով տրամադրել կադրեր, ռեպորտաժներ, հարցազրույցներ, վիդեո մեկնաբանություններ և ցանկացած այլ տեղեկատվություն։ 

Այն նախաձեռնությամբ հեռուստաընկերությունը նպատակ ունի հնարավորինս շատ հանրայնացնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները։ 

Հայաստանյան լրագրողներն օգտագործում են այս ձևաչափով համագործակցությունը։ Ֆեյսբուքյում նրանք հիմնականում հետաքրքրվում են այն մարդկանց պատմություններով, որոնք միջանցքի փակման պատճառով մնացել են Հայաստանում և չեն կարողանում հասնել իրենց ընտանիքներին։ Կամ ակնկալում են ունենալ նման պատմություններ Արցախից։  

Օրինակ, լրագրողներից մեկին հետաքրքրում է, հնարավոր է գտնել մարդ ում հարազատը մնացել է ճանապարհին, ասենք` Եվրատեսիլին մասնակցելու եկած երեխաներից մեկի ծնող, որը չի կարողանում գնալ երեխայի մոտ, երեխան էլ մնացել է այլ մարդկանց խնամքի տակ։ 

Ռեպորտաժներ Արցախից 

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ 

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Մի շարք սահմանափակումներ կգործեն: Հստակեցվել են առաջնահերթությունները՝ առկա պաշարները տնօրինելու, բաշխելու հարցում: 

Գազով ջեռուցվող կրթօջախներում դասերը դադարեցվել են, հացի արտադրամասերում և խանութներում պարենային որոշ խնդիրներ են առաջացել։ Արցախանյան լրատվամիջոցները այս թեմաներով ռեպորտաժներ և հոդվածներ են պատրաստվում՝ նշելով, որ չնայած խնդիրներին, այս պահին խուճուպ չկա։ 

Խաղաղապահներն ու լրագրողները 

Արցախի հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն չունի մոտենալ միջանցքի փակ հատվածին և աշխատել դեպքի վայրից։ Կատարվողի մասին իր լսարանին տեղեկացնում է օգտագործելով նաև Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության Յություբ ալիքի կադրեր՝ խամրեցնելով լրատվամիջոցի տարբերանշանը։ 

Ռուս խաղաղապահները հայաստանցի լրագրողներին, այդ թվում Factor TV-ի նկարահանող խմբին, արգելում են գնալ Լաչինի միջանցք։ Միևնույն ժամանակ ադրբեջանցի լրագրողները կարողանում են անարգել մոտենալ միջանցքին, հարցազրույցներ և ուղիղ միացումներ իրականացնել։ 

Նախօրեին ադրբեջանական թվիթերյան տիրույթում օգտատերերը հայտնում էին, որ երեք անկախ լրագրողներ բերման են ենթարկվել «բնապահպանական» ակցիայի վայրից և հետևություն անում, որ միջանցքի տարածքում կարող են աշխատել միայն Ադրբեջանի իշխանության կողմից ընտրված լրագրողներն ու լրատվամիջոցները։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *