2022.11.11,

Նյուսրում

Մեդիագրագիտության շաբաթը, նոր ուսումնական ձեռնարկն ու լրատվամիջոցների հանդեպ վստահությունը

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենամյա մեդիագրագիտության շաբաթը, որն այս տարի կայացավ հոկտեմբերի 24-31-ին, նվիրված էր լրատվամիջոցների և լրատվության նկատմամբ վստահության վերականգնմանը։  

Մեդիայի և ինֆորմացիոն գրագիտության շաբաթվա հրամակայանը հասավ նաև Հայաստան, որտեղ Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնն (ՄՆԿ) արդեն հինգերորդ տարին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրեց իրազեկման շաբաթվա սեփական միջոցառումները։  

2022-ի հայաստանյան մեդիագրագիտության շաբաթը, որդեգրելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարախոսությունը, ևս կարևորել է լրատվական դաշտի հանդեպ վստահության շուրջ ձևավորված ճգնաժամային իրավիճակը․ դրա լրջության մասին են փաստում նաև մի շարք հետազոտություններ։  

«Մեր փորձն էլ է ցույց տալիս, որ մարդիկ կտրուկ թերահավատություն ունեն պաշտոնական աղբյուրների ու մեդիայի նկատմամբ, մյուս կողմից էլ հավատում են ինչի ասես, հատկապես այն ամենի, ինչն ավելի մոտ է իրենց ցանկություններին ու համոզմունքներին», – ասում է ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:   

Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկին նվիրված միջոցառում

Այս տարի շաբաթվա շաբաթվա շրջանակներում հիմնական նորությունը «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկն է, որը 2013-ին հրատարակված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի տրամաբանական շարունակությունն է և գալիս է օգնելու դասավանդողներին հասկանալ տեղեկատվական դաշտի նոր մարտահրավերները և փոխանցել մեդիագրագիտության հմտությունները սովորողներին։  

Ձեռնարկի առաջին մասում ներառված են 10 թեմաներով վերլուծական-կրթական նյութեր, որոնք հեղինակել են մի շարք մեդիամասնագետներ, իսկ երկրորդ մասում մեդիագրագիտությունը դպրոցական տարբեր առարկաների մեջ ինտեգրելու մեթոդական ուղեցույցներն են՝ մշակված ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետների կողմից։  

Գիրքը բաժանվել է ավագ դպրոցներին և կրթական ոլորտի ներկայացուցիչներին, իսկ ավելի ընդհանուր և առանց մեթոդական մասի տարբերակը հասանելի է առցանց: Տեսանյութերի, տեքստերի, պատկերների ու ձայնի միջոցով ներկայացված 10 դասերի օգնությամբ հնարավոր է պատկերացնել մեդիայի պատմական զարգացումն ու այսօրվա դերը, հասկանալ լրագրության ու լրատվության սկզբունքները, ճանաչել, ստուգել մեդիա մանիպուլյացիաներն ու ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից, բացահայտել մեդիայի ուժն ու կիրառել այն։  

Վիդեոբլոգեր Վեգա Անդրիասյանը այցելել էր Երևանի թիվ 143 դպրոց

Ինչպես միշտ, մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների հիմնական թիրախը կրթության դաշտն է՝ անմասն չմնալով նաև հասարակական կազմակերպություններից, գրադարաններից և այլն: Լուսինե Գրիգորյանի խոսքով ամենաշատ ակտիվությունը դիտվում է դպրոցներում, որտեղից հաճախ նոր մտքերով ու գաղափարներով հանդես են գալիս ուսուցիչներն ու տարբեր միջոցառումներ կազմակերպում։ 

Շաբաթվա ընթացքում ակտիվանում են նաև տեղական լրատվամիջոցները, նախաձեռնում են սեփական այցերը դեպի կրթական հաստատություններ, պատրաստում ռեպորտաժներ ու անձնադարձներ։ 

Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ մեդիագրագիտության խաղեր խաղալիս

ՄՆԿ-ի թիմը հանդիպումներ է ունեցել ուսուցիչների, աշակերտների և ուսանողների հետ, խաղացել խաղեր։ Եվրամիության գործընկերների հետ համատեղ կազմակերպվել էր  մեդիագրագիտության եվրոպական փորձի մասին առցանց պանելային քննարկում, իսկ Կալիֆորնիայի համալսարանի գործընկերոջ հետ տեղի է ունեցել քննադատական մտածողության դասընթաց ուսուցիչների համար:  




Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներից վերջինը Եվրամիությունն Պեչա-Կուչա կոնֆերանս էր։ Այն ծավալվել էր շաբաթվա հիմնական՝  վստահության խթանման թեմայի մեջ: 

«Թե վստահության վերականգնումը, թե մեդիագրագիտությունը հնարավոր չէ վերականգնել մեկ շաբաթվա միջոցառումներով։ Հիմնական գործը պետք է արվի անընդհատ: Իսկ վստահության վերականգնումը միայն մեդիագրագիտության հարցը չէ: Այդ գործում կարևոր դեր ունեն լրատվանիջոցները, և առավել ևս պաշտոնական կամ պետական աղբյուրները, որոնք գուցե պետք է վերանայեն հաղորդակցությունը, ավելի բաց լինեն և այլն», – ասում է Լուսինե Գրիգորյանը:  

Սոցիալական ցանցերում տեղադրված այս տարվա մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին, կրթական նյութերին և գրառումներին կարող եք ծանոթանալ  #եսմեդիագրագետեմ և #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերի ուղեկցությամբ։ 

Քրիստիոն Գինոսյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *