2022.08.01,

Նյուսրում

Դատարանը չեղյալ համարեց հեռարձակման սլոթի մրցույթը և փաստացի տուժեց «Առաջինի լրատվականը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերության նորաստեղծ (մեկ տարվա կյանք ունեցող) «Առաջինի լրատվական»-ը հայտնվել է անհասկանալի վիճակում ու զրկվում է վերգետնյա հեռարձակումից։ Չլինելով դատական վեճի կողմ, այն իր վրա է վերցնել դատական կտրուկ որոշումների բեռը ու օգոստոսի 1-ի 23:59-ին այլևս չի լինի եթերում։

Դատարանի որոշմամբ այն պետք է չլինի եթերում մինչև հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սլոթի նոր մրցույթի հայտարարումը, ամփոփումն ու հաստատումը։

Դատարանը անվավեր է ճանաչել նախորդ մրցույթի արդյունքները և պարտավորեցրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին անցկացրել նոր մրցույթ։ 

Սա կարելի է համարել իրոք աննախադեպ իրավիճակ, քանի որ դատարանը բավարարել է մասնավոր ընկերության բողոքն ու ստիպել հանրային դեր ու նշանակություն ունեցող մուլտիպլեքսի աշխատանքը կարգավորող ՀՌՀ-ին անել ճգաժամային ռեժիմին հատուկ քայլ։ 

Որն ի դեպ՝ կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Չափազանց սկանդալային է դառնում ու չափազանց սուր քաղաքական հնչերանգ ստանում այս պատմությունը։

Բողոքարկողը Հայկական Երկրորդ հեռուստաալիքն է՝ հ2-ը, որը զրկվել էր լիցենցիայից ու մուլտիպլեքսի սլոթից՝ մի քանի մրցույթների ժամանակ իր հավաքած վարկանիշային միավորներով զիջելով այլ մրցակիցների։

2021-ի հունվարին հ2-ը դուրս էր մնացել հանրապեական սլոթի մրցույթից, իսկ մայրաքաղաքային սփռման սլոթի դիմել չէր ցանկացել (ինչպեսև «Ա1+»-ը)։ 

2021-ի հունիսին հ2-ը կրկին մասնակցել էր նոր մրցույթի, այս դեպքում՝ միայն մայրաքաղաքային որ կրկին դուրս մնացել՝ զիջելով Հանրայինի լրատվականին։ 

Երրորդ անգամ հ2-ը մասնակցեց մայրաքաղաքային սլոթի արտահերթ մրցույթին 2022-ի հուլիսին (թափուր տեղը առաջացել էր Արմնյուզի սնանկացման պատճառով) ու նորից զիջեց, այս անգամ ԲունTV-ին։

Ընդհանրապես վերջին մեկ ու կես տարում շատ են թե՛ ըստ ժամանակացույցի անցկացվող,գվ ւ թե՛ արտահերթ մրցույթները։ Վերգետնյա հեռարձակողների շարքը վերադասավորվում է ու կարելի է ասել՝ լրջորեն փոխակերպվում։ 

Դատական ընթացք

«Հայկական Երկրորդ Հեռուստաալիք» ՍՊԸ-ն դատական հայցերով դիմել էր դատարան դեռևս առաջին մրցույթից հետո՝ պահանջելով չեղյալ ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթը, հետևաբար նաև՝ իր եթերազրկումը։

Երկրորդ հայցով պահանջել է իրեն ճանաչել հաղթող այդ մրցույթում և տրամադրել հեռարձակման լիցենզիա։

Երկու հայցերն էլ դատարանը (վարչական ու վարչական վերաքննիչ) բավարարել էր։ ՀՌՀ-ն բողոքարկել էր այդ վճիռը, բայց Վճռաբեկ դատարանը մերժել էր այդ բողոքը ընդունել որպես հիմք։ ՀՌՀ-ն հիմա ստիպված է ենթարկվել դատարանի որոշմանը։

Բայց ենթարկվել դատարանին դեռ չի նշանակում լավ պատկերացնել, թե ինչպես պետք է դուրս գալ այս տարօրինակ վիճակից։ 

Բնականաբար, հնարավոր չէ մեկ ստորագրությամբ հաղթող ճանաչել հ2-ին, դա կլիներ ոչ միայն ընթացակարգերի խախտում, այլև զավեշտալի։ 

Եվ հետո՝ ինչպե՞ս վարվել նախորդ մրցույթի արդյունքների հետ։

Արդյունք

Այս ողջ դատական շրջապտույտի արդյունքը եղավ այն, որ ՀՌՀ-ն հուլիսի 25-ին հայտարարեց նոր մրցույթ, որը կանցնի նախորդ մրցույթի փոխարեն, երբ Հ2-ը պայքարում էր ու զիջեց «Առաջինի լրատվական»-ին։

Եթե մրցույթը չեղյալ է ճանաչվում, ուրեմն Հանրայինի լրատվականը հաղթող չէ, պետք է զրկվի լիցենզիայից, եթերից ու դառնա տուժող կողմ՝ ակամայից։

Եվ ՀՌՀ-հ2 վեճը դատարանը հանգուցալուծել է, բայց հաստատ ծագելու են նոր խնդիրներ, վեճեր ու հնարավոր է նաև նոր դատական հայցեր։ Առայժմ հայտնի է միայն, որ «Առաջինի լրատվական»-ը նույնպես ենթարկվում է դատարանի որոշմանը և եթերում չի լինի։ 

Եվ արժե հիշել, որ հեռուստաընկերությունն իր ստացած լիցենզիայի հիման վրա է ընդունել աշխատակիցներ (մոտ 300) ու վճարում նրանց։ Եթե իրականում հիմա այն չունի լիցենզիա, ուրեմն աշխատում է անօրինական։ Առնվազն, դատավճռից հետո։ Իսկ հիմա նաև պարտավոր է լուծարել պայմանագրերն իր աշխատակիցների հետ։

«Առաջինի լրատվական»-ը կանջատվի հեռարձակման արբանյակից, որն ի դեպ՝ գտնվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հսկողության տակ։ Եվ լինելով ավելի բարձր մարմին, քան ՀՌՀ-ն է, նույնպես եթարկվելու է դատարանի որոշմանը։

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է, որ կան չկարգավորված օրենքներ, և տրամաբանական կլիներ, որ հեռուստաընկերությունների անջատումը հեռարձակումից տեղի ունենար, երբ ամփոփվի նոր մրցույթը։ 

Իսկ դա կարող է տևել մի քանի ամիս։ Հայտերը ընդունվելու են մինչև սեպտեմբերի 13-ը, հետո դրանք քննարկելու է հանձնաժողովը, եզրակացություն կազմի ու նոր միայն հայտնի դառնա, թե ի վերջո, որ հեռուստաընկերությունն է լինելու մայրաքաղաքային հեռուստաեթերում։

Իսկ մինչ այդ պահանջելը, որ «Առաջինի լրատվական»-ը եթերում չլինի, շատ խնդրահարույց է։ 

«Պետք է հաշվի առնել տեղեկատվական անվտանգության հարցը, պաշտպանվածությունը, օրենքների բացերը, երբ նման ճգնաժամային իրավիճակներում կարող է տուժել մուլտիպլեքսի աշխատանքը, նաև մեդիայի յուրահատկությունները։ Ի վերջո, հեռուստատեսությունը սովորական կազմակերպություն չէ, ասենք, շինարարական, որը  կարելի է արագորեն արգելափակել ու փոխարինել մյուսով»,- ասում է Տիգրան Հակոբյանը։ 

Ու թեև այս դատական հայցը կարելի է համարել կտրուկ ու հետաքրքիր նախադեպ, բայց Տիգրան Հակոբյանի կարծիքով դա վատ նախադեպ է, քանի որ ճանապարհ է բացում հանրային մուլտիպլեքսի աշխատանքի խափանումների համար։ 

«Եվ իհարկե օգնում է մեզ հետևություններ անել ու շտկել որոշումներ կայացնելու մեխանիզմներն ու տեսնել օրենքների բացերը»,- ասում է նա։

Հետևանք

Նոր մրցույթը չի երաշխավորելու, որ հ2-ը ավտոմատ կերպով դառնալու է հաղթող։ 

հ2-ը կրկին փորձելու է պայքարել ու վերգետյա եթեր ստանալ՝ մրցույթով։ Ի դեպ՝ դա տեղ է բացում նաև այլ դիմորդների համար։ Օրինակ, «Ա1+»-ի, որ գրեթե նույն իրավիճակում է, ինչը հ2-ը, ունի հարուստ անցյալ ու լավ իմիջ։ Գումարած դրան՝ տարիներ առաջ, եթերազրկվել է ակնհայտ քաղաքական դրդապատճառներով ու 2008-ին հաղթել վեճը ՀՌՀ-ի դեմ ՄԻԵԴ-ում։

Եվ հիմա էլ հ2-ն է պնդում, որ իրենց եթերազրկումը քաղաքական հիմք ուներ, իսկ ՀՌՀ-ն իրենց հանդեպ կանկախալ էր, քանի որ այդ հեռուստաընկերությունը ուղիղ ու անուղղակի կապված է ընդդիմություն դարձած (ակամայից) քաղաքական ուժերի հետ։ Իսկ ընկերության սեփականատիրոջը նաև կալանավորել էին՝ մեղադրվելով հարկեր չվճարելու համար։

Եվ ուշագրավ կլիներ, որ նոր մրցույթին որոշեր մանսակցել նաև «Ա1+»-ը։ Ու հաղթեր։ Դա հաստատ կլիներ քաղաքական հնչեղ քայլ։

Քաղաքական ենթատեքստ, անկասկած, կա միշտ։ Եվ առաջին հերթին դա ցույց է տալիս այն փաստը, որ վեճերը կարելի է լուծել, հանգուցալուծել ու նաև ավելի խճճել ոչ թե ստվերային պայմանավորվածություններով ու հրահանգներով, այլ բաց ու տեսանելի տարածքում։ 

Եվ ոչինչ, որ դատարանները այդքան էլ բաց ու տեսանելի կապերով չեն ներկայանում, կարևորը, որ թե՛ մեդիան կարգավորող անկախ մարմինները, թե՛ պետական ու մասնավոր միավորումները գիտեն, որ մեդիան ու դատական համակարգը ամենից շատ են քարկոծվում։ 

Եվ առաջին հերթին քաղաքական խաղերի, կապերի ու մանիպուլյացիաների համար։

Բնական է, որ քաղաքական ուժը, որը կանգնում է որևէ մեդիայի թիկունքում, մեդիան ընկալում է որպես զենք։ Ու մեդիայով ու մեդիայում սկսում է կռիվ տալ ու հավաքել (կամ վերականգնել) մեդիա կայսրություններ, եթե դատարանները նույնպես զենք են։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *