2022.07.16,

Նյուսրում

Աշնանը հեռուստատեսային եթերում կլինի ԲունTV-ն

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի վերգետնյա հեռարձակողների շարքում նոր անուն է։ Մայրաքաղաքային սփռում կունենա Բուն TV-ին, որը պատրաստելու է «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը՝ տարբեր գործընկերային ու համագործակցային ձևաչափերով։

Հուլիսի 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը քվեարկել է ու հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի չորս մասնակիցներից ընտրել Բուն-ին։

Ընտրությունը վարկանիշային էր, այսինքն, ՀՌՀ անդամները հայտատուներին գնահատել են ըստ միավորների։ Ստացվել է հետևյալ պատկերը. «:Բուն»՝ 101,  «Յան ԹիՎի»՝ 84, Հ2՝ 73, «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»՝ 69 միավոր։

Ըստ օրենքի՝ լիցենզավորում ստացած ալիքը իրավունք ունի վեց ամսվա ընթացքում պատրաստվել հեռուստատեսային եթեր դուրս գալուն։ Բուն TV-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը կարծում է, որ այդքան ժամանակ իրենց պետք չի գա ու կարող են եթերային ցանցը պատրաստել ավելի վաղ։ Օրինակ, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ 

«Հիմա վերակազմակերպման փուլում ենք։ Բնականաբար կավելանան աշխատակիցները ու նաև նոր սարքավորումներ ձեռք բերելու կարիք կլինի»,- ասում է նա։

Բուն TV-ն լինելու է եզակի հեռարձակող, քանի որ լիովին հրաժարվելու է լրատվական թողարկումներից ու կենտրոնանալու է ոչ թե օրվա լրահոսի, այլ ավելի վերլուծական ու հեռանկարային բովանդակության վրա, որը կարող է պահպանել իր արդիականությունը՝ անկախ օրվա վայրիվերումներից ու կարճաժամկետ նպատակներից։

Հեռուստաընկերությունն ունենալու է մի քանի ուղղություն։ Առաջիններից են կրթական-գիտական ու արվեստային-մշակութայինը։ Դրանք շարքեր ու հաղորդումներ են, որոնց կենտրոնում միտքն է, կուտակած գիտելիքն ու մեկնաբանության արժեքը։ Եվ կարևորը՝ բովանդակությունը բացարձակապես հայալեզու է։ Դա Բունը արել ու անում է արդեն գրեթե տասը տարի՝ իր ստեղծման օրվանից, որպես մասնավոր նախաձեռնություն։

Հիմա արդեն ավելանալու են նոր ուղղություններ՝ երիտասարդական-ժամանցային ու մանկական։ 

Գեմաֆին Գասպարյանը պատմում է, որ հիմա իրենք ունեն պատրաստի 70 լիարժեք հաղորդումներ ու առավել կարևորում են մանկական հատվածը։ 

Եթերացանկում լինելու է Բունիկը, մանկական կերպարներով, տիկնիկներով ու անիմացիայով հաղորդաշարը, որով ամեն առավոտ բացվելու է ԲունTV-ն։ Այդ հաղորդումը հիմա էլ կա, քանի որ Բունը հեռարձակվում է մալուխային կապով, բայց ստանալու է նոր թափ։

Երիտասարդական ու մանկական հաղորդումներում առաջին պլանում կլինի ճանաչողական բաղադրիչը։ 

Բուն TV-ն նախատեսում է ոչ թե վաճառել իր եթերային րոպեները ապագա գովազդատուներին, այլ փորձել կառուցել գործընկերային հարաբերություններ՝ կոնկրետ նախագծերով։ Եթե այդպես ստացվի, Բունը կլինի հեռարձակող, որը կհրաժարվի գովազդային բլոկներից՝ ներառելով հովանավորների ու աջակիցների գումարը կանկրետ արտադրանքի մեջ։

«Հուսով եմ, որ կլինենք ոչ թե հերթական հեռուստաալիքը մեդիա դաշտում, այլ իրոք կարդարացնենք հանրային ակնկալիքները։ Անկեղծ ասած՝ թեև ես մեծ հույս ունեի, որ կհաղթենք այս մրցույթում, բայց հիմա կարծես մինչև վերջ չեմ հավատում, որ ունենք աջակիցների ու մեզ վստահողների այսքան մեծ հատված։ Դա մեծ պատասխանատվություն է ու ոգևորիչ գործոն»,- ասում է Գեմաֆին Գասպարյանը։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *