2022.05.13,

Նյուսրում

Covid-19 և այլ համավարակներ լուսաբանելու դասընթացը օգնում է հասկանալ թեմայի նրբությունները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Covid-19 և այլ համավարակներ գրագետ լուսաբանելու համար լրագրողների, դասախոսների, ուսանողների, հետազոտողների առցանց դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից, որոնցից յուրաքանչյուրն առանձին է իր ուղղվածությամբ, գործնական առաջադրանքներով, որոնք հիմնականում թեստերի ձևաչափով են և ստուգում են մասնակիցների տեղեկացվածությունը։

Դասընթացն օգնում է ոչ միայն ստանալ, այլ ամրապնդել Covid-19-ի մասին ունեցած գիտելիքները՝ ծագում, տարածում, ազդեցություն, բուժում և այլն, տարբեր գործիքներով ուսումնասիրել վարակի մասին տարածվող ապատեղեկությունները։ Ինչպես նաև է առանձին մոդուլներ կան պատվաստանյութերի կիրառության, տեսակների, ազդեցության, լուսաբանման նրբություններին։

Տարբեր պատմությունների միջոցով լրագրողները ծանոթանում են ինչպես էթիկապես ճիշտ ներկայացնել մարդկանց պատմությունները, չվնասել նրանց և հանրության շրջանում խուճապ չառաջացնել։

Armtimes.com կայքի լրագրող Աղունիկ Հովհաննիսյանը դասընթացն անցած լրագրողներից մեկն է։ Նա պատմում է, որ իր մոտ տպավորվել է հատկապես աղբյուների հետ աշխատելու բաժինները։

«Մեր մոտ վարակի բռնկման առաջին օրերին տեղեկատվական ճգնաժամ կար և այն հիմնականում լցվում էր ապատեղեկատվությամբ, որը գալիս էր սոցցանցերից։ Շատ ուշ հասկացանք, որ կարելի է մասնագետներ գտել, տեղեկատվության միջազգային հարթակներն օգտագործել»,-ասում է Աղունիկը։

Նրա խոսքով, դասընթացը հետաքրքիր է լրագրության տարբեր ոլորտների մասնագետների համար՝ փաստեր ստուգողներ, խմբագիրներ, հատուկ թղթակիցներ և այլն։

«Ներկայացված նյութը կառուցված էր միջազգային մեդիայից բերված օրինակների վրա, որն օգնում էր ընթացքում զուգահեռ մտաբերել մեր բացթողումներն ու սխալներըԿովիդի թեման լուսաբանելիս։ Մենք չենք կարող ասել՝ հաղթահարթել ենք վիրուսը, քանի դեռ կա վտանգը, լրագրողներս պետք է զգոն լինենք»,-ասում է նա։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մեկ այլ մասնակից՝ Վիոլա Ոսկանյանը դեռ ուսանող է, սովորում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնում։ Նա ասում է, որ սա առցանց դասընթացի իր առաջին փորձառությունն էր։ 

«Վարակի մասին իմ գիտելիքները շատ մակերեսային էին, կդժվարանայի այդ թեմայով լրագրողական հոդված գրել։ Հիմա տիրապետում եմ մանրամասներին, գիտեմ ինչպես պետք է գրել այս թեմայով և ամենակարևորը ինչ թեմայով և ում համար։ Արժեքավոր շատ հմտություններ տվեց դասընթացը, որ հետագայում մեզ պետք կգա այլ թեմաներ լուսաբանելիս»,-ասում է նա։

Կորոնավիրուսային և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների դեմ գրագետ պայքարելու համար կարևոր է հանրային տեղեկացվածության բարձրացումը, որին մեծապես նպաստում է մեդիան։ Ծրագիրը նպատակ ունի լրագրողներին վերազինել նոր և պրակտիկ գիտելիքներով, որպեսզի նրանք միանան պայքարի գործընթացին՝ կանխելով Քովիդի և այլ նոր և հին վարակների տարածումը։

Դասընթացը պատրաստել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը «Աջակցություն՝ կառավարելու կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Թոմսոն հիմնադրամի (Thomson Foundation) հետ համագործակցությամբ։

Կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումների կառավարմանն աջակցելու ծրագիրը զորացնում է Հայաստանի ազգային ներուժը՝ դիմագրավելու կորոնավիրուսային հիվանդության և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումներին` նպաստելով հանրային առողջապահական անհետաձգելի իրավիճակներին պատրաստվածության և պատասխանի ռազմավարության բարելավմանը:  Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և իրականացվում Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

 «Լրագրողները և լրատվության ոլորտի մասնագետները վճռորոշ դեր են ունեցել Քովիդ-19 համավարակի ժամանակ: Մարդիկ ամենուր ենթարկվում են տեղեկատվական և ապատեղեկատվական աննախադեպ հոսքերի և ապավինում են լրագրողներին մատչելի և հավաստի տեղեկություններ գտնելու համար»,-ասում է  ՀԱՀ Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Ծովինար Հարությունյանը։

Նրա խոսքով, Թոմսոն հիմնադրամը բարեխիղճ լրագրության առաջամարտիկ է և աջակցում է լրագրողներին կերտել արդար, անկախ և վստահելի լրագրություն․ «Հուսով ենք, որ մեր դասընթացը կօգնի հայ լրագրողներին ծանոթանալ համավարակների լուսաբանման ոլորտում միջազգային լրագրության լավագույն օրինակներին և կիրառել ձեռք բերված գիտելիքները ի շահ հայ հասարակության»:

Դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվածների համար։ Կարող եք գրանցվել ցանկացած ժամանակ և անցնել այն ամբողջությամբ կամ ընտրելով այն մոդուլները, որոնք առավել հետաքրքիր և կարևոր են Ձեր աշխատանքի համար։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *