2022.04.06,

Նյուսրում

4Պլյուսի ֆոտոդպրոցը խոստանում է տեսողական մտածողություն զարգացնել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը հիմնում է լուսանկարչական դպրոց 6 ամիս տևողությամբ։ Վճարովի դասընթացը երկու նպատակ ունի՝ օգնել կենտրոնին ֆինանսական կայունության հարցում և կրթել երիտասարդ մասնագետների, որոնց հետ հետագայում աշխատելու հնարավորություն կստեղծվի։

Կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանն ասում է, որ դասընթացը նախատեսված է դաշտ մտնել ցանկացող նոր մասնագետների համար, նրանցից շատերն այսօր արագ մտնում են ոլորտ, բայց ինստիտուցիոնալ փորձառության պակասի պատճառով չեն կարողանում պահել տեմպն ու հաստատվել։

«Միայն լուսանկարել չենք սովորեցնելու, ծրագիրը շատ հագեցած է, թեև բարդ չէ։ Կենտրոնացել ենք տեսողական ունակությունների զարգացման վրա, մեր խնդիրն է օգնել տեսնելով մտածողություն զարգացնել»,-ասում է նա։

Դպրոցը «Պատկեր» անվանումն ունի, որը պատահական չէ։ Դեռևս 1996թ-ին ֆոտոլրագրող և վավերագրող լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը ստեղծել էր նույնանուն  լուսանկարչական գործակալությունը, որը, սակայն, երկար կյանք չունեցավ: 2004-2006թթ. Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտում World Press Photo միջազգային հիմնադրամի հետ համատեղ Մանգասարյանը ղեկավարել է ֆոտոդպրոցը: Այսօր գործող շատ վավերագրող լուսանկարիչներ, ինչպես նաև 4Պլյուսի հիմնադիրներն ու անդամներն այդ դպրոցի շրջանավարտներն են: 

Նազիկի խոսքով, այսօրվա արագ փոփոխվող աշխարհում կարևոր է պատկերի դերը, քանի որ այն նախևառաջ պատմություն և հիշողություն է դառնում։ Անգամ եթե մասնագետը կոմերցիոն իրադարձություններ է լուսանկարում, նա կարիք ունի կրթվելու, ծանոթանալու լուսանկարչության պատմությանը, գրականություն կարդալու, որպեսզի ինքնահայեցման հնարավորություն ունենա։

«Մենք նախկինում անվճար դասընթացներ ունեցել ենք, շատերը հրաժարվում էին երկարաժամկետ դասերից, այս անգամ մարդիկ պետք է դիմեն, երբ ունեն հստակ որոշում մասնագիտանալու լուսանկարչության մեջ։ Կարևոր է պատրաստակամությունը, որովհետև դասընթացը երկար է՝ բաղկացած տեսական և գործնական մասերից»,-ասում է նա։

Դպրոցի հիմնական ծրագիրը մշակել և վարելու են 4Պլյուսի լուսանկարիչներ Նազիկ Արմենակյանը, Փիրուզա Խալափյանը և Վաղինակ Ղազարյանը: Ծրագրում ներգրավված կլինեն նաև ոլորտի առաջատար մասնագետներ, հրավիրյալ դասախոսներ: 

«Դասընթացի մի շատ կարևոր մաս էլ քննարկումներ են։ Ընդհանրապես մեր մոտ ընդունված չեն  նման քննարկումները, մենք ուզում ենք այդ մշակույթը ձևավորել հենց դպրոցում, խմբային քննարկել, միմյանց աշխատանքների  մասին կարծիքներ հայտնել և այլն»։

Էթիկական հարցերին ևս մեծ տեղ կհատկացվի, մասնագետները կխոսեն, ինչպես ծանոթանալ հերոսի հետ, շփվել, լուսանկարելու թույլտվություն ձեռք բերել, ընդհանրապես հարաբերություններ կառուցել։

Ուսանողները ծանոթանալու են լուսանկարչության պատմությանը, գույնի, լույսի, կոմպոզիցիայի միջոցով պատկեր կառուցելու տեսողական լեզվին, լուսանկարչական ուղղություններին և ձեռք են բերելու տեխնիկական հիմնարար գիտելիքներ: 

Ինչ վերաբերում է պահանջարկին, Նազիկն ասում է, որ շատ բան կախված է մասնագետներից, թե նրանք ինչ են առաջարկում պատվիրատուին, ինչպես են մտածում։ Հիմա շատ ընկերություններ, նրա խոսքով, հասկացել են պատկերի ուժը և պատրաստ են վճարել թարմ, ստեղծարար մտքեր առաջարկող մասնագետներին։

«Մեծ հույս ունենք, որ կօգնենք երիտասարդ նոր մասնագետների դաշտում ի հայտ գալուն, կձևավորենք թարմ միջավայր, ի վերջո կնպաստենք ստեղծվելու նորմալ ցուցասրահներ»,- ասում է կենտրոնի համահիմնադիրը։

«Պատկեր» վավերագրական լուսանկարչության դպրոցի շրջանավարտները կստանան ավարտական վկայական: Դասընթացի ընթացքում ստեղծված լավագույն նախագծերը կհրապարակվեն 4plus.org կայքում, իսկ բարձր առաջադիմությամբ ուսանողները կներգրավվեն 4Պլյուսի ծրագրերում և ցուցահանդեսներում։  

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *